Վա՞խ, թե՞ հաղթանակ. Նոդար Թադևոսյան
«Եւ նա կանգնեց եւ կանչեց Իսրայէլի գունդերին եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք դուրս եկել եւ պատերազմի շարուել… Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան» (Ա Թագավորաց 17.8-11):
Երբ Դավիթը պատերազմի դաշտում Գողիաթի հայտարարությունը լսեց, անհանգստացավ, թե ո՞վ է այդ անթլպատ փղշտացին, որ Իսրայելի զորքը նախատում, անարգում է Աստծուն:
Հին ուխտում Աստծո ժողովուրդ համարվում էին թլպատված մարդիկ. դա կարծես նշան էր, որ մարդը պատկանում է Աստծուն: Այսօր Աստծո ժողովրդի նշանը, որ պատկանում է Հիսուս Քրիստոսին, վերստին ծնված ու Քրիստոսի ժառանգորդը լինելն է:
Աստված ուխտը հաստատեց Աբրահամի հետ, երբ հանձնարարեց, որ Աբրահամը, նրա սերունդը և նրանց հետ եղող բոլոր մարդկանց արու զավակները թլպատվեին՝ ութ օրականից սկսած: Թլպատվելուց հետո միայն հինկտակարանյան մարդը համարվում էր Աստծո ժողովուրդ: Աստծո ժողովուրդ համարվելով` նրանք ունեին արդարություն, սրբություն և մաքրություն: Իսկ հեթանոսները համարվում էին անմաքուր ժողովուրդ:
Սավուղը, Իսրայելի բանակը, բոլորն էլ թլպատված էին և Աստծո ժողովուրդն էին՝ Աբրահամի սերունդը, սակայն նրանք կորցրին իրենց հավատքը և վախեցան… Դա վկայում էր այն մասին, որ նրանք, կոչվելով Աստծո ժողովուրդը, չունեին իրական վստահություն և հավատք Աստծո վրա և հեռացել էին Աստծուց:
Աստծուց հեռացած մարդը ցանկացած իրավիճակում ապրում է վախ և սարսափ, որը տանում է տառապանքի: Սավուղը և բանակը նայում էին փղշտացիների ուժին, այլ ոչ թե հավատքով (Ա Թագավորաց 17.23-24):
Դավիթը հավատք ուներ և խոսում էր կենդանի Աստծո անունից: Նա դիմում է Գողիաթին՝ կոչելով նրան անթլպատ փղշտացի՝ շեշտը դնելով թլպատության վրա, ինչը նշանակում է, թե որքան կարևորություն ուներ թլպատությունը Իսրայելի համար: Դա Աստծո ուխտն էր Աբրահամի հետ:
Դավիթը քայլում էր Աստծո հետ, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ հաղթական նվաճումը. հսկան տապալվեց գետնին: Ինչպես գրված է Հայտնություն 21.7-8-ում. «Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ…»:
Առօրյա հոգսերը, ճգնաժամը, երկրում տիրող տնտեսական ու պատերազմական իրավիճակները… Այո՛, այսօր էլ կան հոգսեր ու դժվարություններ, մենք ամեն օր աղոթում ենք մեր հոգսերի, մեր երկրի ու սահմանների պահպանության համար, սակայն դրանք երբեք չպետք է լինեն պարզապես բառեր, այլ դրա մեջ պետք է կյանք լինի. մենք պետք է սովորենք Աստծուն վստահել ամեն իրավիճակում:
Վախենա՞լ, թե՞ համարձակ առաջ գնալ Հիսուս Քրիստոսով ու հաղթանակներ տանել: Սովորի՛ր վստահել Աստծուն ամեն իրավիճակում: Նրա հետ դու երբե՛ք միայնակ չես:
2015թ.