Աղբյուրը բացված է. ե՜կ և խմի՜ր
Հիսուսը խաչվեց և հարություն առավ մեռելներից: Սա Աստծո հրապարակային հայտարարությունն է՝ նազովրեցի Հիսուսը Աստծո Որդին է, և Նրա զոհը խաչափայտին բավարարեց արդարությունը մեկ անգամ և բոլորի համար: Եվ այս նույն Հիսուսը վեր բարձրացավ և նստեց Աստծո աջ կողմում: Նա թագավորների Թագավորն է և տերերի Տերը: Աշխարհի բոլոր թագավորությունները գալիս և գնում են քամու նման, և նրանց ամրոցները քանդվում ու փոշիանում են: Կա միայն մեկ Աստված, և Նա կայսրը չէ. Նա Հիսուս Քրիստոսն է, և Նա ետ է գալու դատելու մեռածներին և ողջերին, և բացվելու է Կյանքի Գիրքը, և եթե դու չես ընդունել Քրիստոսին քո կյանքում, քեզ արդարացիորեն կտրվի այն, ինչը դու վաստակել ես՝ ըստ քո արած գործերի, խոսքերի և մտքերի: Արդյո՞ք այս խոսքերը վախ առաջացրին քեզ մոտ:
Աստվածաշունչն ասում է՝ Դավթի տան աղբյուրը բացվեց՝ մաքրման աղբյուրը: Աստվածաշունչն ասում է՝ ծարա՞վ ես, արի՜ և խմիր, քաղցա՞ծ ես, արի՜ և կեր, կեղտո՞տ ես, արի՜ և մաքրվիր: Ով գա Քրիստոսին, կընդունվի Նրա կողմից. ինչպիսին էլ լինես, կարող ես փրկվել: Ամենակրոնավոր մարդն էլ պիտի իմանա, որ իր կրոնը չի փրկելու իրեն և իր լավ գործերը ոչ այլ ինչ են, քան աղտոտ ցնցոտիներ առանց Քրիստոսի: Նա պետք է հեռացնի իրենից հպարտությունը և քայլի դեպի Հիսուսը: Բոլորը կարիք ունենք գլուխները բարձրացնելու և իմանալու՝ փողոցում կանգնած խիստ մեղքի մեջ եղողի, թմրանյութերից կախվածության մեջ գտնվողի, մարդասպանի ու կողոպտիչի, ամեն տեսակի մեղքի մեջ գտնվողի մեղքը ավելի մեծ չէ, քան Աստծո շնորհը՝ Հիսուս Քրիստոսով: Մեղավո՞ր ես, աղտե՞ղ ես, կեղտոտվա՞ծ ես, արե՞լ ես բաներ, որոնց մասին նույնիսկ խոսելն է դժվար: Մենք էլ էինք այդ մեղքերի մեջ, բայց մաքրվեցինք:
Մենք մաքրվեցինք Գառնուկի արյամբ, որը թափվեց մեզ համար խաչափայտին: ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՓՐԿՎԵԼ: Եվ ոչ միայն փրկվել, այլ նաև կարող ես փոխվել: Ամեն Քրիստոսին եկողը այլևս նոր մարդ է: Հներն անցան, ամեն բան նոր է: Աստված կարող է փոխել քո կյանքը: Քարոզելու մեջ ամենատխրեցնողն այն է, որ քո երկրային բառերը շատ տկար են նկարագրելու Աստծո գեղեցկությունը, Նրա սիրո մեծությունն ու զոհաբերությունը:
Եթե դու անձնապես չես ճանաչում Քրիստոսին, բայց միևնույն ժամանակ ասում ես՝ ես կրոնավոր եմ կամ եկեղեցի եմ գնում ժամանակ առ ժամանակ, ապա իմացիր, ընկե՜րս, եթե քո կյանքը չի փոխվել, ապա ամեն բան ոչինչ է: Արդյո՞ք փոխվել է քո կյանքը, սիրու՞մ ես Հիսուսին:
Ես չեմ խոսում երկնքի տոմսերի մասին, չեմ խոսում, որ ձեր կյանքում մեկ անգամ հզոր աղոթք է եղել: Հավատքի քայլեր կա՞ն, ձեր կյանքը փոխվե՞լ է, այն շարունակու՞մ է փոխվել: Մեղքի հետ քայլելու փոխարեն պայքարո՞ւմ ես դրա դեմ: Ցանկանու՞մ ես ներսումդ ավելի շատ սեր ունենալ, ավելի շատ նվիրվել Աստծուն: Ահա սրանք են ճշմարիտ քրիստոնյայի նշանները: Եթե դու դեռ քրիստոնյա չես, աղաչում եմ՝ ապաշխարի՜ր: Փոխի՜ր քո միտքը:
Սիրո՞ւմ ես մեղքը, փոխի՜ր քո միտքը, և ճանաչիր, թե որքան սարսափելի է դա և ցանկացիր արդարություն: Դու մերժե՞լ ես Աստծուն քո ամբողջ կյանքում, փոխի՜ր քո միտքը, դարձի՜ր Աստծուն և տե՜ս՝ որքան մեծ արժեք է Նա: Ետ դարձի՜ր քո մեղքերից, ընդունի՜ր դրանք և հանձնիր Քրիստոսին: Վստահի՜ր Նրան, դադարի՜ր վստահել քո սեփական արդարամտությանը, դադարի՜ր վստահել քո արած լավ գործերին, հասկացի՜ր՝ միայն մեկ ճշմարիտ փրկության ճանապարհ կա՝ հավատքը առ Քրիստոս:
Եթե ես մահանամ այս պահին, կգնամ երկինք ո՜չ որովհետև հովիվ եմ, ո՜չ որովհետև իմ ծառայություններով օգնել եմ խեղճերին, սովորեցրել եմ երեխաներին կարդալ, այլ եթե ես մահանամ հենց հիմա, կգնամ երկինք միայն մեկ պատճառով՝ Հիսուս Քրիստոս մահացավ մեղավորների համար: Ահա սա է միակ հույսը:
Որքան ավելի մեղավոր ես դու, այնքան ավելի զորավոր է Նա քեզ ներելու: Հոգ չէ, թե ինչ ես դու արել, ինչպիսին ես դարձել. Նա կարող է և կփրկի քեզ: Նա ցանկանում է, որ բոլորը փրկվեն և ճանաչեն ճշմարտությունը: Ամեն պահի Նա Իր ձեռքերը պարզած ասում է՝ արի՜ ինձ մոտ, զավա՜կս, նույնիսկ եթե դու դա չես լսում: Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Երկնքի և երկրի վրա չկա մեկ այլ անուն, որի միջոցով դու կարող ես փրկվել: Կա միայն մեկ Աստված և միայն մեկ Հաշտարար մարդու և Աստծո միջև՝ Հիսուս Քրիստոսը: Ով հավատա Նրան, կփրկվի և երբեք հուսախաբ չի լինի:
Լսի՜ր ինձ, բարեկա՜մս, կյանքը գոլորշի է: Այսօր երտասարդ ես, վաղը կտեսնես, որ օրերդ անցան և այլևս ծեր ես: Այս աշխարհի բաները չեն կարող լեցնել քո կյանքը: Քայլի՜ր Քրիստոսի հետ և կտեսնես Նրա սիրո լիությունը: Գուցե արել ես սարսափելի և ամոթալի բաներ, քեզ աղտոտ և ապականված ես զգում: Նա կարող է մաքրել քեզ և դարձնել Նորը: Նո՜րը: Նա ուղակի չի ներում քո մեղքերը, այլ մոռանում է դրանք: Նա դրանք այնքան է հեռացնում քեզանից, որքան արևելքը հեռու է արևմուտքից: Այս խոստումը մեզ բոլորիս համար է, և սա հրաշալի է: Եթե դու գնաս դժոխք, ապա դա քո ընտրությունն է, քո գործերը: Աստված կանգնած է այստեղ և ցանկանում է ու կարող է քեզ փրկել: Մենք մեզանով չենք կարող փոխվել, մաքրվել, միայն Ինքը՝ Քրիստոսը, կարող է դա անել: Ամեն:
Հեղինակ՝ Պոլ Վոշեր
Աղբյուրը՝ illbehonest.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աննա Հովհաննիսյանը