Գործք Առաքելոցի եկեղեցին Աստծո առաջնորդության նշաձողերից մեկն է: Աստված ուղիղ խոսում է, բացահայտ առաջնորդում և նշաններով գործակից լինում:

«Եւ Անտիոքումն՝ այն տեղի եկեղեցու մէջ կային մի քանի մարգարէներ եւ վարդապետներ. Բառնաբասը՝ եւ Նիւգէր ասուած Շմաւոնը, եւ Ղուկիոս Կիւրենացին, եւ Հերովդէս չորրորդապետի սննդակից Մանայէնը, եւ Սօղոսը։ Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ։ Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին». Գործք 13.1-4:

Սուրբ Գրային այս հատվածում հստակ տեսանելի է պաշտամունքի մի քանի տարր՝ երկրպագություն, աղոթք, ծոմապահություն, հնազանդություն:

Ջոն Փայփերն իր ուղերձներից մեկում գրում է. «Մեր օրերում աղոթքի և երկրպագության նշանակալի վերածնունդ կա: Աղոթքի շարժումները ողջ աշխարհում թվով և չափերով չունեն իրենց նախադեպը: Բայց դեռևս երկրպագության ու աղոթքին համարժեք ծոմապահության վերածնունդ չկա»:

Առաջին դարում աղոթքն ու ծոմապահությունն ուղեկցում էին միմյանց: Առաջին դարի եկեղեցին մեծ տեղ էր հատկացնում ծոմապահությանը:

«Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին». Գործք 14.22:

Այսօր մենք ապրում ենք այն դարաշրջանում, երբ ամեն ինչ որոշվում է խոսքով ու գովազդով: Այսօր ավելի շատ խոսվում է աղոթքի մասին, քան աղոթք է բարձրանում առ Աստված, խոսվում է ծոմապահության կարևորության մասին առավել, քան ծոմապահությունն է գործի դրվում, սակայն առաքյալների համար դա կենսակերպ էր, հոգևոր կյանքի ու ընթացքի բաղկացուցիչ մաս:

Այսօր երկրպագությունն ու աղոթքը տեսանելի են առավել, քան ծոմապահությունը, և գուցե դա՞ է պատճառը, որ ծոմապահությունն անհրաժեշտ ուշադրություն չի ստանում 21-րդ դարում: Չգիտեմ, բայց Սուրբ Գիրքը հստակ, և ոչ մեկ տեղում միայն, խոսում է ծոմապահության կարևորության մասին:

Ծոմապահությունը կարևոր էր և՛ Հին Ուխտում, և՛ Նոր.

«Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չճաշակեն, չարածեն եւ ջուր չխմեն.Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը» Հովնան 3.5-8:

Զղջում, աղոթք և ծոմապահություն: Սա պահեց Նինվե մեծ քաղաքը Աստծո բարկությունից: Օրինակները բազում են: Եսթեր, Դանիել, Դավիթ... Այսօր մենք ևս կարիք ունենք վերադառնալու արմատներին և վերափոխելու նաև ծոմապահության նկատմամբ մեր վերաբերմունքը: Այն չպետք է դառնա մոռացված ու չկիրառվող լավ ավանդույթ, այն այսօր էլ պիտի լինի մեր հոգևոր կյանքի կենսակերպը:

Ծոմապահության հատուկ կանոններ ու պայմաններ չկան, չկան հատուկ աղոթքի բառեր ու ժամեր: Այստեղ կարևորը սիրտն է և ժամանակը: Սիրտ, որ փնտրում է Աստծո ներկայությունը, ժամանակ, որ տրված է Աստծուն:

Լինի դա մեկ օրով, կես օրով, թե մի քանի ժամով, սովորություն դարձրու քո հոգևոր կյանքի համար ծոմով ուղեկցվող աղոթքներն ու երկրպագությունները: Ես չեմ հիշում Աստվածաշնչում մի հատված, որտեղ անկեղծ ու իրական ծոմապահությունը մնար անպատասխան:

Գուցե մեր հաղթանակի, երկրի արթնության ու հոգևոր վերածննդին պակասող վերջին «ատրիբուտը» մնացել է հենց դա՝ ծոմապահության վերածնունդը...

Օրհնվա՜ծ եղեք:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.