«Ես պառկեցի ու քնեցի. արթնացա, քանի որ Տերն ինձ նեցուկ եղավ։ Չեմ վախենա ես բյուրավոր ժողովուրդներից, որոնք իմ չորս կողմն են պատել» /Սաղմոս 3.5-6/։

Վախը մարդկանց ամենամեծ խնդիրներից է, սակայն Աստծո Խոսքը մեզ հորդորում է չվախենալ։ Ամենամեծ պատճառներից մեկը, որ մենք վախենալու կարիք չունենք, այն է, որ Աստված մեզ հետ է: Նա երբեք չի թողնի մեզ և չի լքի մեզ (Բ Օրինաց 31.8), և ինչպես Նա պաշտպանեց սաղմոսերգու Դավթին, այնպես էլ Նա պաշտպանում է մեզ: Հետևաբար, Դավթի հետ կարող ենք ասել. «Չե՛մ վախենա»։

Կարո՞ղ ես փորձել պատկերացնել քո կյանքն առանց վախի: Ես զգում եմ, որ շատ ավելի հաճախ եմ վախով արձագանքում, քան կցանկանայի և քեզ նման դեռ ուսումնասիրում եմ Աստծո Խոսքը և աղոթում իմ կյանքի այս ոլորտի համար, քանի որ ուզում եմ ապրել հավատքով և թույլ չտալ, որ վախը գողանա իմ ուրախությունը: Վախը տանջանք է բերում (Ա Հովհաննես 4.18), և Աստված չի ցանկանում, որ մենք տանջվենք: Նա Հիսուսին ուղարկեց երկիր, որպեսզի մենք կարողանանք առատ կյանք ունենալ և վայելել այն (Հովհաննես 10.10):

Ժամանակին անընդհատ մեծ վախերով էի ապրում։ Ես շնորհակալ եմ, որ ազատվել եմ դրանցից շատերից, բայց ես ցանկանում եմ լիակատար հաղթանակ այս ոլորտում, և վստահ եմ, որ դու նույնպես: Մի՛ հուսահատվիր. Աստված ազատում է մեզ մեր թշնամիներից «քիչ-քիչ» (Բ Օրինաց 7.22): Ամեն օր, դու կարող ես դառնալ ավելի ու ավելի լավն ամեն ձևով։ Շարունակի՛ր հավատալ  ու հիշել, որ Աստված սատարում է քեզ, և որ դու կարող ես վստահել Նրան:

Աղբյուրը՝ https://www.joycemeyer.org/dailydevo/2024/01/05-I-Will-Not-Fear
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.