Նա երկար ժամանակ է, ինչ քայլում էր. սար էր բարձրանում: Կանգ առնելով՝ հայտնաբերում էր իրեն սարի գագաթին և իսկույն վայր ընկնում: Սարի գագաթը ձգվում էր այնքան, քանի դեռ նա չէր դադարում քայլելը: Ու ամեն անգամ նա ավելի հեռուն էր քայլում՝ ավելի վեր բարձրանալով, ու այդ բարձունքից ցած ընկնում: Ընկնելով ամեն անգամ ոտքի էր կանգնում, նորից գնում բարձրանալու սարը: Այդպես շատ անգամներ․․․

Սակայն մեկ օր, երբ նա արդեն հասել էր ամպերին, նորից դադարեց քայլելը, ոտքերի տակ ժայռի ստորոտը կրկին դարձավ գագաթ, ու այս խոսքերն ասելով՝ նա ընկավ վերջին անգամ. «Այս ի՞նչ ես անում, Աստվա՜ծ: Ես կշարունակեմ Քեզ պաշտել ու ծառայել, բայց էլ չեմ հավատա»:

Գուցե դու ես այն մարդը, ով հստակ որոշումով մոտեցել է Աստծուն և ուխտել Նրան այլևս քայլել միայն հավատքի ճանապարհով: Գուցե դու ես այն մարդը, ով շատ անգամներ փորձվելով ու թեկուզև հաղթանակների կողքին պարտություններ ու անկումներ ունենալով, դեռ շարունակել է բարձրանալ Աստծո սարը: Լայն ճանապարհ միշտ էլ կա, այլընտրանքները միշտ էլ հասանելի են կյանքի ինչ իրավիճակում էլ լինես: Բայց հիշի՛ր՝ «Արդարը թեև յոթն անգամ էլ ընկնի, Տերը նրան վեր կհանի»:

Աստվածաշնչում կա մի անուն, ով հենց Աստծո կողմից հիշատակվում է որպես արդար մեկը: Նա Աբրահամն է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրա կողմից արդարություն համարվեց»: Նաև այսպիսի գրություն կա Նոր Կտակարանում. «Արդարը հավատքով է ապրում»: Որտեղ չկա հավատք, այնտեղ չկա արդարություն, որտեղ չկա հավատք, չկա նաև կյանք, չկա հույս:

Նա ընկնում էր վերջին անգամ՝ մտովի հիշելով իր անցած հավատքի կյանքը: Նա գիտակցում էր, որ այս անգամ ընկնելով՝ կմահանա հոգևորապես: Արցունքները հոսում էին աչքերից և արդեն շատ քիչ էր մնացել, որ ընկներ գետնին, երբ օդի մեջ հայտնվեց մի հայրական ձեռք ու առավ նրան ափերի մեջ: Հիսուսն էր․․․

Լացակումած աչքերն իսկույն չորացան, ներսում ամեն բան լիովին փոխվեց, գլխիվայր շուռ եկավ: Եկավ անսահման խաղաղություն, վերածնվեց հույսը և այլևս չմարեց, մինչև հավատքը կատարվեց ու դարձավ շոշափելի:

Եթե Աստծուց ծնված ճշմարիտ հավատքով ես սկսել ճանապարհդ, կայացրել որոշումդ, ապա պատրաստ եղի՛ր ընկնելուն, քանի որ քո տկարության մեջ ես տեսնելու Աստծո զորությունը: Եվ հիշի՛ր՝ ոչ ոք չի կարող մոտենալ Աստծուն, եթե Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նրան չօգնի, չբարձրացնի ու դեպի Հորը չքաշի: Եղի՛ր Հիսուսի ձեռքերի մեջ միշտ, ամեն օր։

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.