Համբերատար ներել և սիրել. Դեյվիդ Ուիլկերսոն
«Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք» (Հռովմայեցիս 15.1):
Քրիստոսի պատմած առակներից մեկի խոսքերն այսպես էին. «Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։ Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի» (Մատթեոս 18.32-33):
Յուրաքանչյուր քրիստոնյայի հետաքրքրող հարցը այստեղ հետևյալն է. «Ես ներո՞ւմ եմ իմ եղբայրներին: Ես համակերպվո՞ւմ եմ նրանց հետ ունեցած իմ տարաձայնություններին: Եթե ես հրաժարվում եմ սիրել և ներել նրանց, ինչպե՞ս կարող եմ ներվել ես։ Այդ ժամանակ Հիսուսն ինձ կանվանի «չար ծառա»»:
Թյուրիմացության մեջ մի՛ ընկեք. սա չի նշանակում, որ մենք պետք է մշտապես փոխզիջումների գնանք: Պողոսը համարձակորեն քարոզեց շնորհը, բայց նա հանձնարարեց Տիմոթեոսին. «Հանդիմանել, սաստել, հորդորել ամեն երկայնամտությամբ և վարդապետությամբ» (Բ Տիմոթեոս 4.2): Մենք պետք է լինենք մաքուր՝ վարդապետության համարձակ պահապանման և դավանության մեջ:
Այնուամենայնիվ, մենք չպետք է վարդապետությունն օգտագործենք մեր մեջ անշրջանցելի պատեր կառուցելու համար: Այդպես էին վարվում նաև փարիսեցիները: Օրենքը նրանց ասում էր «շաբաթ օրը սուրբ պահել», բայց պատվիրանն ինքնին բավարար չէր նրանց: Նրանք ավելացրել էին իրենց սեփական կանոնները, որոնք թույլ էին տալիս շաբաթ օրը հնարավորինս նվազագույնի հասցնել ֆիզիկական գործողությունները: Օրենքը նաև ասում էր. «Աստծո անունը զուր տեղը չտալ»: Բայց նույնիսկ այդտեղ փարիսեցիները փոխեցին օրենքն՝ ասելով. «Մենք չենք հիշատակելու Աստծո անունը: Այդ ժամանակ միայն կխուսափենք զուր դավանանքից»:
Ի՞նչ պատասխանեց Հիսուսի պատմած առակի թագավորը՝ իր ծառայի անշնորհակալությանը: Սուրբ Գիրքն ասում է. «Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան» (Մատթեոս 18.34): Չեմ կարծում, որ Հիսուսն այստեղ դժոխքի մասին է խոսում:
Ահա, թե ինչպե՞ս է Քրիստոսն ամփոփում Իր աշակերտներին և ուղեկիցներին ուղղված այս առակը: «Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը» (18.35):
Այս առակը կարդալիս սթափվում եմ: Այն ինձ ստիպում է ընկնել Հիսուսի ոտքերի առաջ՝ խնդրելով Նրանից սեր իմ ծառայակից եղբայրների և քույրերի նկատմամբ:
Ահա իմ աղոթքը, և ես հորդորում եմ քեզ այն դարձնել նաև քոնը. «Աստվա՛ծ իմ, ների՛ր ինձ: Այլոք ինձ այնքան հեշտությամբ են բարկացնում, որ ես զայրույթով եմ պատասխանում նրանց: Այնուամենայնիվ, ես չգիտեմ, թե որտեղ կգտնվեր իմ կյանքը առանց Քո շնորհի և համբերության: Ես ամեն անգամ ապշում եմ Քո մեծ սիրո վրա: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ ամբողջությամբ հասկանալ և ընդունել քո սերն իմ հանդեպ: Այդ ժամանակ միայն ես կկարողանամ համբերատար լինել իմ եղբայրների հանդեպ ՝ Քո սիրո և ողորմության Հոգու մեջ»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org