Մոռանա՛նք մեր անհաջողությունները և ծառայենք Հիսուսին. Դեյվիդ Ուիլքերսոն
Երբ ես խնդրեցի Սուրբ Հոգուն ցույց տալ, թե ինչպես խուսափել այլոց արհամարհելուց, Նա ինձ հիշեցրեց Պետրոսին և նրա վերջնական ապաշխարությունը: Այս մարդն ուրացավ Քրիստոսին, ասաց իրեն մեղադրողին՝ անգամ անիծելով. «Ես նրան չեմ ճանաչում»:
Պետրոսն աշակերտներից առաջինն էր, ով հրաժարվեց պայքարել: Նա հրաժարվեց իր կոչումից և վերադարձավ իր հին կյանքին՝ ասելով մյուսներին. «Ես գնում եմ ձկնորսության»: Դրանով կարծես նա նկատի ուներ հետևյալը. «Ես չեմ կարող իրագործել սա: Ես կարծում էի, որ չեմ ձախողվի, բայց ես բոլորից ամենաշատը հիասթափեցրի Աստծուն: Ես չեմ կարող դիմակայել այս պայքարում»:
Այդ պահին Պետրոսը զղջացել էր Հիսուսին ուրանալու համար: Իսկ հետո արդեն վերականգնվել Հիսուսի անսահման սիրո մեջ: Սակայն նա դեռևս կոտրված էր ներքուստ:
Երբ Հիսուսը սպասում էր աշակերտների ափ վերադառնալուն, Պետրոսի կյանքում մի հարց դեռ լուծված չէր: Բավական չէր այն, որ Պետրոսը վերականգնել էր իր փրկությունը։ Բավական չէր այն, որ նա ծոմ պահեր և աղոթեր այնպես, ինչպես կաներ ցանկացած նվիրյալ հավատացյալ: Ո՛չ, այստեղ հարցն այն էր, որ Քրիստոսը ցանկանում էր անդրադառնալ Պետրոսի կյանքում տեղ գտած արհամարհանքին: Թույլ տվե՛ք բացատրել։
Երբ նրանք ափին՝ կրակի շուրջը նստած էին, ուտում և ընկերակցում էին միմյանց, Հիսուսը երեք անգամ հարցրեց Պետրոսին. «Դու սիրու՞մ ես Ինձ, Պետրո՛ս»։ Ամեն անգամ Պետրոսը պատասխանում էր. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ», իսկ Քրիստոսը պատասխանում էր. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»: Ուշադրություն դարձրե՛ք, որ Հիսուսը նրան չէր հիշեցնում աղոթել կամ ջանասիրաբար կարդալ Աստծո Խոսքը: Քրիստոսը վստահ էր, որ այդ բաներն արդեն նրանց լավ ուսուցանվել էին: Ո՛չ։ Այժմ Պետրոսին տրված հանձնարարականն էր՝ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»:
Հավատում եմ, որ այդ պարզ արտահայտության մեջ Հիսուսը Պետրոսին հրահանգում էր, թե ինչպես ձերբազատվել այլոց նկատմամբ արհամարհանքից: Նա, ըստ էության, նկատի ուներ. «Ես ուզում եմ, որ մոռանաս քո ձախողման մասին, մոռացի՛ր, որ ուրացար Ինձ: Դու հիմա կրկին վերադարձել ես Ինձ մոտ, և Ես ներել ու վերականգնել եմ Քեզ: Ուստի, ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե քո կասկածների, ձախողումների և խնդիրների վրա, այլ հայացքը սևեռել ժողովրդին չանտեսելու և նրանց կարիքները բավարարելու վրա: Ինչպես Հայրն է ուղարկել Ինձ ձեզ համար, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում ուրիշներին»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org