Հակառակ կացե՛ք սատանային. Դեյվիդ Ուիլքերսոն
«Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Հակոբոս 4.7):
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ` մենք պետք է մշտապես տեղյակ լինենք, որ սատանան ամեն կերպ փորձում է մեզ ոչնչացնել: Ուստի, ասում է Պողոսը, մենք պետք է հնարավորինս շատ բան իմանանք թշնամու մարտավարության և ծրագրերի մասին, «Որպեսզի սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք»(Բ Կորնթացիս 2.11):
Հայտնության մեջ կարդում ենք, որ սատանան պատերազմ է հայտարարել Աստծո սուրբերի դեմ՝ վերջնաժամկետում ավելի կատաղի կերպով գործելու նպատակով. «Վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12):
Մինչ շատ քրիստոնյաներ այս «կեսգիշերվա ժամին» քնած են, ճիշտ ինչպես Հիսուսն էր կանխատեսել, սատանան կատաղի կերպով գործում է՝ պատրաստվելով պատերազմի: Նա քաջատեղյակ է իր չար նպատակներն իրագործելու կարճ ժամանակի մասին, ուստի, նա ստելով շրջում է՝ որոնելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հետապնդելու և ոչնչացնելու ուղիներ:
Սատանայի վերջնաժամկետը տրվել էր նրան դարեր առաջ. այն կարելի է գտնել երկնքում տեղի ունեցած մեծ հրաշքի մեջ, որը դարձավ անհավատալի պատերազմի զարմանալի օրինակ, երբ սատանան վճռեց ոչնչացնել Քրիստոս մանուկին, սակայն ապարդյուն (տե՛ս Հայտնություն 12.1–4): Եվ չնայած այդ մեծ տիեզերական պատերազմն այլևս Քրիստոսի և սատանայի միջև չէ, քանի որ Հիսուսն այժմ հաղթանակած ապահով նստած է երկնային Հոր կողքին, սատանան դեռ պատերազմ է մղում Քրիստոսի դեմ՝ ուղղելով իր բարկությունը մեր՝ Հիսուսի եկեղեցու վրա:
Պետրոսը մեզ փոխանցել է հետևյալ խորհուրդը. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5.8):
Երբ զգում ես, որ թշնամին գալիս է ընդառաջ, անմիջապես վազի՛ր դեպի Հիսուսը, և սատանան կդառնա անօգնական և անզոր: Հակոբոսը մեզ ասում է. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Հակոբոս 4.7):
Գալիք ժամանակները գուցե և դժվար լինեն, բայց Հայրը մեզ խոստացել է ելքը (Ա Կորնթացիներ 10.13):
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը