Ոչինչ չի տխրեցնում մեր Աստծո սիրտը, քան հոգին, որը լեցված է խորը վշտով: Վիշտը բնութագրվում է որպես «ծանր հոգս» կամ «ծայրաստիճան նեղության պատճառով առաջացած տխրություն»: Եսայիան ասում է, որ Տերն Ինքը ծանոթ է այս անտանելի ապրումներին. «Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում» (Եսայիա 53.3):

Նույնիսկ դատաստանի ժամանակ Աստված վշտանում է Իր զավակների համար: Սաղմոսերգուն գրում է Իսրայելի մասին. «Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։ Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց» (Սաղմոս 106.45-46): Երբ Աստված տեսնում է, որ Իր զավակները ցավալի ժամանակաշրջանում են, Նա ոչ միայն վշտանում է նրանց համար, այլ ստիպում է իրենց թշնամիներին խղճալ նրանց:

Միգուցե ծանրաբեռնված ես ինչ-որ խորը վշտով: Դա կարող է լինել քեզ համար հարազատ մեկը կյանքում, ով տառապում է, դժվարության մեջ է կամ վիրավորված: Դա կարող է լինել որդի կամ դուստր, ով հետ է նահանջում՝ դանդաղորեն ընկղմվելով մեղքի մահվան մեջ: Կամ դա կարող է լինել սիրելի անձնավորություն, ով բախվել է ծանր ֆինանսական ճգնաժամի: Ես բոլորին կոչ եմ անում՝ Հիսուս Քրիստոսը մտահոգ է քո վշտով:

Հրաշալի է ունենալ Հիսուսին, Ով միշտ քայլում է մեզ հետ մեր ցավի մեջ. երբ հրաշքը ճանապարհին է, կարող են հետաձգումներ լինել: Հիշե՛ք այն կնոջը, ով տառապում էր քրոնիկ արյունազեղումով և ապաքինվեց՝ Հիսուսի հագուստի ծայրին դիպչելով: Տասներկու տարի նա անընդհատ արյունահոսել էր և դանդաղորեն մահանում էր: Բժիշկ Ղուկասը գրել է, որ նա «իր բոլոր ունեցվածքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ» (Ղուկաս 8.43):

«Սա (կինը) մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։ Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. Եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։ Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից» (8.44-46): Հիսուսը զգաց այս կնոջ ցավը, և Նա բավարարեց նրա կարիքը, երբ կինը դիպավ Նրան:

Ցավոք, այսօր շատ մարդիկ անում են այն, ինչ արել էր այդ կինը. վազելով մի վայրից մյուսը՝ պատասխաններ փնտրելու եւ ստանալու: Նրանք նորից ու նորից պատմում են իրենց խնդիրը՝ հուսալով, որ այս անգամ իրենք լուծում կգտնեն: Նրանք պարզապես ցանկանում են, որ ինչ-որ մեկը դադարեցնի իրենց սրտի արյունահոսությունը:

Երբ տառապյալ կինը ձեռքը մեկնեց և դիպավ Հիսուսի հագուստի ծայրին, նա իսկույն բժշկվեց: Հիսուսի գթասրտությունը հոսեց նրա վրայով և վերականգնեց նրան:

Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.