«Երբ Տերը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը շարժվեց և ասացին. Ո՞վ է Սա» (Մաթ. 21.10):

Տիրոջ մուտքը Երուսաղեմ ամբողջ քաղաքի հետաքրքրությունն էր շարժել, և ամեն մարդ ուզում էր իմանալ՝ Ո՞վ է հաղթականորեն Երուսաղեմ մտնողը, Ո՞վ է, որ  թագավորի նման մուտք ունեցավ: Կարծում եմ՝ Տերն Ինքն էր ցանկանում, որ հասարակությունը «շարժվի» և ուզենա հասկանալ, թե Ո՞վ է Ինքը:

Տերը հարցնում է աշակերտներին. «Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում, թէ Ո՞վ եմ ես» (Մաթ. 16.13): Եվ Պետրոսը գերմեծության հայտնություն ունեցավ. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին»: Իսկ երկրորդ նմանօրինակ հայտնությունը Պետրոսն ունեցավ այլակերպության լեռան վրա (Մաթ. 17.5): «Նա է իմ սիրելի Որդին, Որին ես հավանել եմ: Նրան լսեցեք»:

Թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում Հայրն է քարոզում: Եվ, երբ Հայրն է քարոզում, այն անջնջելի է դառնում: Պետրոսն իր երկրորդ թղթի 1.15-17 – ում ասում է. «Ուստի իմ՝ աշխարհից հեռանալուց հետո, ուզում եմ, որ հիշե՛ք: Որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը ձեզ ցույց տվեցինք՝ ոչ թե վարպետորեն հորինված առասպելների հետևելով, այլ Նրա մեծափառության ականատեսը լինելով: Քանի որ Ինքը Հայր Աստծուց ստացավ փառքն ու պատիվը, երբ գերազանց փառքից եկավ Նրան այն ձայնը, թե՝ «Սա է Իմ սիրելի Որդին, Ում հավանել եմ»: Պետրոսի համար Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է…

Ո՞վէՀիսուսը քեզ համար:

Հովհաննես Մկրտիչը Տիրոջը մկրտելու պահին լսում է. «Սա է Իմ սիրելի Որդին, Ում հավանեցի»… Եվ դարձյալ Հայրն է քարոզում: Հովհաննես Ավետարանիչը, խոսելով Հովհաննես Մկրտչի մասին, ասում է. «Նա վկայության համար եկավ, որպեսզի Լույսի մասին վկայի, որպեսզի ամենքը Նրա միջոցով հավատան: «Եվ ես տեսա և վկայեցի, թե՝ Սա է Աստծո Որդին» (Հովհ. 1.34): Հովհաննես Մկրտչի մեծագույն հայտնությունը Տերն է: Նա Նրա փառքը տեսավ՝ որպես Հոր Միածնի փառքը: Հովհաննեսի գլխավոր ուրախությունը Տերն է:

Ո՞վ է Հիսուսը քեզ համար:

Այժմ խոսենք Պողոս Առաքյալի մասին: Գաղատացիներին հասցեագրված ուղերձում 1.15-ում կարդում ենք. «Բայց Աստված, որ ինձ իմ մոր որովայնից առանձնացրեց ու Իր շնորհով կանչեց, երբ բարեհաճեց Իր Որդուն իմ մեջ հայտնել, որ Նրան հեթանոսներին քարոզեմ…»: Եվ նորից Հոր հայտնությունն է: «Դու գնա, քանի որ նա (Պողոսը) Ինձ համար ընտրված անոթ է, Իմ անունը հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առջև կրելու համար» (Գործք. 9.15): Յուրաքանչյուրս պարտավոր ենք այդ անունը կրել:

Ամբողջ Երուսաղեմը շարժվեց և ասացին՝ «Ո ՞վ է Սա»: Նրանք կարծում էին, թե տեսնում են, բայց մնացին կուրության մեջ և մինչև հիմա նույն հարցն են տալիս. «Ո՞վ է Սա»: Եբրայեցիներին ուղված թղթի հեղինակն ասում է «…Ձեր լսելիքները բթացած են» (Եբր. 5.11):

Ո՞վ է Հիսուսը քեզ համար:

Շատ նշանավոր մարդիկ են իրենց մասին խոսել.  Իր մասին խոսել է և Ամենանշանավորը:  Հովհ. 8.18-ում ասվում է «Ե՛ս եմ, որ Իմ մասին վկայում եմ, և Հայրը, որ Ինձ ուղարկեց, վկայում է Իմ մասին»: Հիսուս վկայում է Իր մասին, Հայրը՝ նույնպես, և մենք պարտավոր ենք քարոզել Նրա մասին: «Բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, Նրան պատկանող ժողովորդ, որպեսզի հռչակենք Նրա փառաբանությունները, Ով խավարից ձեզ Իր սքանչելի լույսին կանչեց» (Ա Պետրոս 2.9): Ո՞վ էի ես, ո՞վ եմ ես հիմա, որ իրավունք տրվեց Նրա մասին խոսել, ինչպիսի՜ երանություն, ինչպիսի՜ պատիվ, ինչպիսի՜ առանձնաշնորհում, ինչպիսի՜ եզակիության զգացում, ինչպիսի՜ շնորհ:

Հազարավոր խոցելի տեղեր ունեցող մարդուն թույլ տվեց Իր մասին խոսել:  Հազարավոր թուլություն ունեցող մարդուն թույլ տրվեց… Ես ապշած եմ, գուցե դուք էլ, և երկնային բյուրավոր կատարյալ ստեղծագործությունները՝ նույնպես, որ այսքա՜ն պատիվ տրվեց:

Ո՞վ է Հիսուսը քեզ համար:

Մենք Նրա մոտ ավելին ենք, քան փրկվածներ. մենք որդիներ ենք: Հիսուսն ավելին է, քան Փրկիչ: Նա Տերն է՝ Աստված:

Նա մեր մեծագույն հայտնությունն է:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.