Ապաշխարությունն ու դրան արժանի պտուղներ բերելը. Ռաֆայել Գրիգորյան
Հոգևոր կյանքի առաջին քայլը ապաշխարությունն է, որին հաջորդում է վերստին ծնունդը: Վերստին ծնունդին հաջորդում է մեր սրբացումը: Դրա մեջ մտնում են այն գործիքները, որ տանում են մեզ այդ ճանապարհով:
Մենք ասում ենք, որ ապաշխարել ենք այս թվականին, այքան տարի առաջ, սակայն մենք տեսնում ենք, թե Կորնթացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը, թե Հայտնության եկեղեցիներին ուղղված պատգամներում կրկնվում է ապաշխարության հորդորը: Ուստի մենք էլ մեկ անգամ ևս վերանայելու և ավելի խորանալու խնդիր ունենք, թե ինչ է ապաշխարությունը:
Առաջին անգամ Նոր Կտակարանում ապաշխարություն բառը կիրառել է Հովհաննես Մկրտիչը:
Մաթ. 3.8-10 «Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։ Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։ Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կկտրուի ու կրակի մէջ կգցուի»։
Ինձ համար մտահոգիչ է հատկապես այն, որ Հովհաննես Մկրտիչը հիշատակում է Աբրահամի անունը: Գիտեք, այն փաստը, որ հրեաները Աբրահամի սերունդն են, նրանց հպարտացրել էր, նրանց արտոնյալ կարգավիճակ էր տվել և մեծամտացրել: Ես կարծում եմ, որ մենք նայելով, թե ինչ տեղի է խփում Հովհաննես Մկրտիչը, մենք ևս պիտի մտորենք դրա շուրջ: Եթե Աբրահամի որդի լինելը առավելություն է տալիս, արտոնություն, ներշնչում է ինքնավստահություն ու ինքնահավանություն, և եթե դու այդ որակներն ունես, իմացիր, որ կացին կա...
Նույն ինքնահավանությունն ու հոգեբանական դժվարությունները հեռու չեն ներկայիս հոգևորականներիս կյանքից: Մենք պետք է այնքան զգույշ լինենք, որ մեր փորձառությունը, հոգևոր հարցերում կայացած լինելը, ինքնաբավ լինելը, արդեն փրկված լինելը... ի սեր Աստծո, երբեք չկասկածեք ձեր փրկության վրա, բայց այս որակները մեզ համար էլ կարող են այնպիսի հող ստեղծել, ինչպես ստեղծել էին հրեա ժողովրդի համար: Չլինի թե այս որակները լինեն ուրիշներին վերևից նայելու, դատելու, ուրիշների սխալները ավելի խորը քննելու, քան սեփական սրտի մեջ խորանալու պատճառ: Այդ ինքնաբավությունը վտանգավոր մի բան է: «Ես հովիվ եմ», «Ես բազմավաստակ մեկն եմ», «Իմ միջոցով որքա՜ն մարդիկ են փրկվել», «Ի՜նչ փորձություններով եմ անցել»... ի սե՜ր Աստծո, սրանք փոխում են քեզ: Թող սրանք քեզ համար հենակներ չլինեն: Ինքս էլ այդ բնագավառում աղոթք եմ անում: Դրանք խանգարում են, որ մեր կատարյալ ապավինությունը մնա Աստծո Որդու վրա:
Ի՞նչ է նշանակում ապաշխարության արժանավոր պտուղներ բերել:
Մեղքի աղբյուրը մարդկային սիրտն է: Մարկոս 7.21-23 - «Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ, Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում»։
Եթե մենք չհետևենք մեր մտքերին, մեր զգացմունքներին, մեր սրտից ելածներին, մենք կլինենք հոգևորապես կույր վերստին ծնվածներ, որովհետև չենք ուզում ուսումնասիրենք ինքներս մեզ:
Մտածենք սրա շուրջ. ապաշխարությունը մեկանգամյա գործողություն չէ: Եթե այդպես լիներ, յոթ եկեղեցիներին հորդոր չէր ուղղվի՝ դարձյալ ապաշխարել: Աղոթիր՝ «Տե՛ր, ես չեմ ուզում չորացած ծառ լինել, որը կտրման ենթակա է, ես ուզում եմ պտուղ տալ, ես ուզում եմ ոռոգվել, ջրվել քո խոսքով, և իմ միջից դուրս գան ոչ թե չար խորհուրդներ, այլ՝ սեր, խնդություն, խաղաղություն, բարություն, խոնարհություն, ժուժկալություն…»: