Ներողությունը և Շնորհակալությունը...
Մեր հասարակության մեջ ամենադեֆիցիտ երկու բառերն են Ներողությունը և Շնորհակալությունը։ Առաջինը դեֆիցիտ է, քանի որ մեզ թվում է, թե դա թուլության խորհուրդ է, թույլ մարդիկ են ներողություն խնդրում։
Երկրորդը դեֆիցիտ է, քանի որ մեզ թվում է, թե մարդիկ ինչ անում են մեզ համար, պարտավոր են։
Եկե՛ք համաձայնվենք, որ մեր հասարակությունը աչքի չի ընկնում բարեկրթությամբ և բարեհամբույրությամբ։ Լինի խանութում, բանկի հերթերում, թե տրանսպորտի մեջ՝ մենք պատրաստ ենք գիշատչական բնազդով իրար հոշոտել և ոչնչացնել այն դեպքում, երբ մի փոքր ժպիտը, բարի խոսքը կարող էր իրավիճակ փոխել։
Անգամ չհամաձայնվելով մարդու հետ՝ մենք անպայման փորձում ենք նրան ստորացնել մինչև վերջ, կպնել նրա արժանապատվությանը, ոչնչացնել նրա ինքնասիրությունը։
Իրականում շնորհակալություն բառն աստվածային ծագում ունի։ Դրա արմատը շնորհքն է, և մարդ որքան շնորհակալ է, այնքան ավելի շնորհքով է և ոչ թե թուլամորթ։
Նույնն էլ նաև ներողություն բառը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ներել ու ներողություն խնդրել անգամ օրը 7x70 անգամ։
Մեկ պարզ ներողությունով դու չես ստորանում։ Իրականում հենց ուժեղներն են կարողանում իրենց մեջ ուժ և ազնվություն գտնել այդ բառն արտաբերելու համար։
Եկե՛ք փորձենք սովորականից շատ արտաբերել այս երկու բառերը մեր առօրյայում։ Խոստանում եմ՝ արագ կտեսնենք տարբերությունը եթե ոչ մեր շրջապատում, ապա հաստատ մեր մեջ։
Վերջիվերջո, նաև այդ երկու բառերի մեջ է մեր համերաշխության, համակեցության և երջանկության գաղտնիքը։ Փորձե՛ք և ինքներդ համոզվեք։
Վազգեն Զոհրաբյան