Քանդել հակառակորդի գործերը. Հայկ Գրիգորյան
Ուսումնական հաստատություններով ուսումն ավարտելուց հետո քննություն են տալիս: Երբեմն մենք էլ ենք կանգնում նման քննությունների առաջ, կանգնում ենք փորձությունների առաջ, խնդիրների առաջ ու պետք է կարողանանք հաղթահարել դրանք ու քանդել մեր կյանքում հակառակորդի ամեն գործ: Նա չի կարող մեզ մոտենալ, մենք սպառազինված ենք, դրա համար էլ նա հեռվից կրակե նետեր է նետում մեզ վրա:
«Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթևոս 4.3-4)։
Ոմանք մոլորված գաղափարներ ունեն, թե ջրի մկրտությունից հետո բոլոր հավատացյալները քառասուն օր փորձությունների մեջ են լինում: Ո՛չ, սիրելինե՛ր, փորձությունները, դժվարություններն ու փոթորիկները գալու են մեր կյանք ոչ թե քառասուն օր, այլ մեր ամբողջ կյանքի ընթացքում, սակայն հենց այդ դժվարություններն են, որ մեզ ավելի են ուժեղացնելու:
Հակառակորդը խաբեբա է, մոլորեցնող, սակայն մենք պետք է ծանոթ լինենք նրա գործերին ու գործելակերպին: Նա փորձեց մոլորեցնել Եվային, նույն կերպ փորձեց Հիսուսին, նույն կերպ այսօր էլ շարունակում է փորձել մոլորեցնել մարդկանց: Անգամ սոված ու կարիքի մեջ էլ`մենք պիտի կարողանանք դեմ կանգնել հակառակորդին. մենք նրա «նվերների» կարիքը չունենք: Ամեն բանից առաջ մենք պիտի խնդրենք Աստծո թագավորությունը:
Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը, երբ որևէ վատ նորություն ես իմանում, երբ բժիշկը որևէ վատ բան է կանխորոշում, երբ անձդ վտանգի մեջ է հայտնվում, ինչպե՞ս ես արձագանքում:
Հիսուսն աշակերտների համար աղոթք արեց. սատանան ուզում էր խառնել ձեզ, գողանալ, բայց Ես աղոթեցի ձեզ համար: Սրտիդ մեջ պատեր մի կառուցիր եղբորդ ու քրոջդ նկատմամբ, թույլ մի տուր քո կյանքում ձմեռ գա, թույլ մի տուր հակառակորդը հաջողության հասնի քո կյանքում: Գնահատիր այսօր ունեցածդ, այն կյանքը, որ Աստված տվել է քեզ: Աստվածաշունչն ասում է`միայն Տեր Աստծուն երկրպագենք, երբ հակառակորդը մոտեցավ Հիսուսին, Հիսուսը Խոսքով հակառակվեց նրան, պետք չի անգամ բացատրություններ տալ, երբ տեսնում ես հակառակորդի նետերը կամ լսում նրա թակոցը, պետք է պարզապես ո՛չ ասել, լինել մեռած սատանայի ու աշխարհի համար ու կենդանի`Հիսուս Քրիստոսի համար: Մոտեցեք Աստծուն և հակառակ կանգնեք սատանային… Հիշիր՝ Հիսուս Քրիստոսի թափած արյան շնորհիվ հակառակորդն ընդմիշտ պարտված է:
Հայկ Գրիգորյան