«Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկ եղավ։ Ուրեմն՝ որովհետև մարդով եղավ մահը, և մարդով էլ մեռելների հարությունը.  Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։» (Ա Կորնթացիս 15.20-22):

«Ավետարանները չեն բացատրում Հարությունը, Հարությունն է բացատրում Ավետարանները: Հարությանը հավատալը հավելում չէ քրիստոնեական հավատքին, այն հենց քրիստոնեական հավատքն է»․ Ջհոն Ս. Վհեյլ։

- Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Մարդկանց համար Հարության տոնը կարող է լինել ձու ներկելու կամ ձուկ պատրաստելու մասին, երեկոյան ընտանիքի հետ ընթրիքի կամ եկեղեցի գնալու մասին: Ինչի՞ մասին է զատիկը քեզ համար: Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոսի հարությունը կյանքի մասին է:

Քրիստոսի հարության մասին խոսում է ոչ թե այն, թե ինչպես եմ այսօրը տոնում, այլ այն, թե ինչպես եմ ապրում: Շատերի համար Հարության տոնը պարզապես կրոնական մի սովորություն է, սակայն այն մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Այսօր սովորական կիրակի է, ամեն բան ընթանում է այնպես, ինչպես միշտ, սակայն դու կարո՛ղ ես այսօրը տարբերել: Մի փոքր ժամանակ հատկացրու՝ տեսնելու ի՞նչ է արել Քրիստոսը քեզ համար, վերցրու Սուրբ Գիրքն ու ընթերցիր համարներ հարության մասին, ասա՝ «Տեր, ես ուզում եմ այսօրը օգտագործել ու քեզ փառաբանել»: Յուրահատուկ օր դարձրու այս օրը քեզ համար:

Քրիստոսը որպես մարդ մեռավ մեր մեղքերի համար, որպեսզի արդարացնի մեզ:  Ի՞նչ կլիներ, եթե Քրիստոսը հարություն չառներ: Եթե դեռևս տանջվում ու տառապում ես մեղքերի մեջ, սիրում ես այդ մեքերը, ուրեմն՝ գուցե Քրիստոսը հարություն չի առել քեզ համար: Նա իրականում հարություն է առել, սակայն շատերի կյանքում նա դեռ Հարյալ չէ, դրա համար նրանք շարունակում են ապրել մեղքի մեջ:

Ամբողջ երկինքը հետաքրքրված է Քրիստոսի խաչով, դժոխքը սարսափում է Նրանից, սակայն շատ մարդիկ արհամարհում են Հարության նշանակությունը:  Շատերը չեն հասկանում հարության էությունը. արդյոք այն ազդում է քո կյանքի վրա: Հարությունը կյանքի մասին է:

Քրիստոսն իր խաչելությամբ ու հարությամբ դատապարտեց մեղքը: Նա վերցրեց մեր մեղքերն ու իմանալով, որ գնում է մահվան, գնաց մինչև վերջ: Բայց երրորդ օրը գերեզամնից հարություն առավ: Աստծո զորությունը շատ ավելին է, քան մեղքի զորությունը, դա է պատճառը, որ այսօր երբ մեղք ենք գործում, նա իր ողորմությամբ կարողանում է ներել: Նա դրեց իր կյանքը մեր փոխարեն ու մեղքը դատապարտվեց:

Տարին մեկ անգամ քահանայապետը պետք է զոհի արյունով մուտք գործեր Սրբության Սրբոցը՝ իր կյանքի գնով: Որովհետև եթե իր կյանքում մեղք ունենար, նա կհարվածվեր, և դրա համար մտնում էին միայն զոհի արյունով: Քրիստոսը խաչվեց և դրվեց գերեզման: Հովհաննեսը, առաջին անգամ երբ տեսավ Հիսուսին, ասաց. «Ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»: Նա էր Գառնուկը, որ պիտի իր կյանքը դներ մեղավոր մարդու համար: Նա մահացավ ու դրվեց գերեզման: Իսկ ո՞ւր է քահանայապետը, որ այդ արյունով պիտի մտներ Սրության Սրբոցը: Մի՞թե ամեն բան դրանով վերջացավ…

«Եվ ոչ թե նոխազների և զվարակների արյունով, այլ բուն իր արյունով մեկ անգամ մտավ այն սրբատեղին և հավիտենական փրկություն գտավ» (Եբրայեցիս 9.12):

Նրա արյունը թափվեց, և դա բավարար էր: Այլևս զոհերի կարքի չկա, Նա էր վերջին զոհը: Եթե Հին Կտակարանում գառնուկն ու քահանայապետը տարբեր էին, ապա այստեղ և՛ Գառնուկը, և Քահանայապետը նույն մարդն էր: Քրիստոսը մարդկանց համար քահանայապետ էր, որ մուտք գործեց սրբատեղին, իսկ Հայր Աստծո առաջ ներկայացավ՝ որպես զոհաբերվող Գառ:

«Օրհնեալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով» (Ա Պետրոս 1.3):
Աստված ազատել է մեզ մեղքից ու նրա իշխանությունից, այնպիսի ազատություն է տվել, որ դու կարող ես դարձյալ ընտրել մեղքը, սակայն ուշադիր եղիր, որ չսահմանափակես քո ազատությունն ու դարձյալ ծառայության լծի տակ չմտնես: Թող մեղքը գերեզմանում և ապրիր հարուցյալ կյանք Քրիստոսի հետ:
«Ո՞վ է որ դատապարտի. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմեացիս 8.34):
Այսօր էլ նա Բարեխոս է: Եթե ընկնես, բայց Պետրոսի պես նայես Նրան ու ներում հայցես, եթե անառակ որդու պես վերադառնաս Հոր մոտ, նա պատրաստ է բարեխոսել, ներել ու ընդունել:

Ուզում եմ հարցնել քեզ. եթե Քրիստոսի հարությամբ լուծվել է մեղքի հարցը, ապա ինչո՞ւ ես այսօր դեռ շարունակում ապրել մեղքի մեջ: Նրա հարությունը խոսում է կյանքի մասին և դատապարտում է մահը:

«Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15.55):

Մեկ օր, երբ կհանդիպենք Նրան, երբ կտեսնենք Նրան, մեղքերն այլևս չեն կարող դատապարտել, և նա կասի՝ «Մտիր քո Տիրոջ ուրախության մեջ»: Նրա հարությունը կյանքի մասին է: Անգամ մեր մարմինը, որ ֆիզիկապես մեռնի, Սուրբ Գիրքն ասում է, որ հարություն պիտի առնի նոր տեսքով ու նոր կերպարանքով:

Ուզում եմ մեկ հորդոր էլ տալ. Նա կենդանի Աստված է: Հաղորդակցվիր Նրա հետ, ապրիր Նրա հետ: Ոչ թե միայն Սուրբ Ծնունդին ու Հարության տոնին հիշիր եկեղեցի գնալու մասին, ոչ թե երբեմն, ժամանակ առ ժամանակ հիշիր Սուրբ Գրքի մասին, այլ ամեն օր ապրիր Նրա հետ ու ամեն օր հաղորդակցվիր Նրա հետ, որովհետև Հարությունը կյանքի մասին է:

Քրիստոսի հարությունը պարզապես փաստ չէ, որ կատարվեց 2000 տարի առաջ, այլ այն այսօր էլ գործում է:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.