Քեզ չեմ թողնի ու անտես չեմ անի. հովիվ Նոդար Թադևոսյան
«Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել, ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ: Քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի…
Զորացիր և քաջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանցից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամեն ինչի մեջ խելամուտ լինես, ուր որ գնում ես:
Այս օրենքի գիրքը քո բերանից թող չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես…» (Հեսու 1.5-9):
Աստվածաշունչը մեզ շատ խոստումներ է տալիս: Հեսուն խոստում ուներ, որ պիտի առաջնորդի ժողովրդին դեպի խոստացված երկիր, և Աստված օրհնեց Հեսուին՝ տանելու Իսրայելը դեպի Քանան: Սակայն կար զգուշացում՝ աջ և ձախ չնայես, չխոտորվես իմ տված օրենքներին ու խոսքերից:
Այսօր նույն պատգամն ունենք յուրաքանչյուրս: Դեպի Խոստմունքի Երկիր գնալու մեր ճանապարհին կարևոր է քայլել ճիշտ այնպես, ինչպես պատվիրում է Աստված:
Սա վերաբերվում է բոլորիս՝ թե՛ հովիվներին, թե՛ ծառայողներին, թե՛ եկեղեցու անդամներին: Մենք պետք է ամուր կանգնած լինենք մեր հավատքի վարդապետության վրա և երբեք չթեքվենք ճշմարիտ ուղուց:
Մեր հավատարմությունը թող միշտ տեսանելի լինի Տիրոջ առջև: Մեր հաջողությունը նյութական հարստության մեջ չի, լավ բիզնես ունենալու մեջ չի, մեր կյանքի միակ հարստությունն Աստված է:
Աստված իր հատուկ օրհնությունն ունի ամեն մի զավակի համար: Պահի՛ր Աստծո Խոսքը, հավատարի՛մ եղիր Աստծուն և վերցրո՛ւ Տիրոջ օրհնությունները:
Սիրելի՛ Աստծո ժողովուրդ, մի՛ վախեցի՛ր, մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ չի թողնելու և քեզ անտես չի անելու: