Մի քանի օր առաջ, երբ ավարտեցի քարոզը, ինձ մոտեցան երկու երիտասարդ տղաներ: Նրանք ասացին, որ Աստված կանչել է իրենց՝ լինելու ավետարանիչներ, և հարցրեցին, թե ինչ խորհուրդ կտամ ես իրենց: Իմ պատասխանը հետևյալն էր. «Ես կարող եմ ձեզ խորհուրդ տալ մեկ բառով՝ հնազանդվեք»:

Ես կարծում եմ, որ սա լավագույն խորհուրդն է, որ մեկը կարող է ունենալ՝ Աստծո կամքը բացահայտելու և դրա մեջ մնալու համար, միևնույն ժամանակ, սա նաև ամենամեծ դժվարություն ներկայացնող խորհուրդն է Աստծո մարդկանցից շատերի համար: Մենք նման ենք ոչխարների՝ հակված ենք մոլորության և զարմանալիորեն հիմար ենք երբեմն: Մենք նման ենք էշերի՝ կամակոր ու քմահաճ: Մենք ասես սիրամարգեր լինենք՝ հպարտ ու ինքնահավան:

Մենք արագ ենք վերլուծելու ու արդարացնելու մեջ, բայց դանդաղ՝ հնազանդվելու մեջ: Մենք վարպետ ենք հետաձգելու և արդարացնելու մեջ: Պատրվակներ ստեղծելը բնական է մեզ համար, բայց պարզ հնազանդությունն այնքա՜ն բարդ է թվում:

«Եվ հիմա, ով Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը. բայց միայն որ քո Եհովա Աստվածանից վախենաս, նրա ամեն ճանապարհներումը գնաս և նրան սիրես և պաշտես քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ և բոլոր հոգովդ, որ Եհովայի պատվիրանները և կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քեզ համար լավ լինի» (Բ Օրինաց 10.12-13):

Նկատեք, որ Աստծո հրամանները տրված չեն մեզ դժբախտացնելու համար, նրանք մեր բարիի համար են:

Կանգ առեք՝ մեկ րոպե խորհելու այս մտքի շուրջ: Աստված ամենագետ է ու ամենաիմաստունը: Նա գիտի ապագան: Նա գիտի անցյալը: Նա կարող է տեսնել, թե ինչ է քեզ սպասվում կյանքում և քո շուրջը եղողներից յուրաքանչյուրի կյանքում: Նա գիտի, թե ինչ պետք է կատարվի տնտեսության, քաղաքականության մեջ և ողջ աշխարհի թատերաբեմին: Երբ Նա խոսում է, Նա տալիս է քեզ ներսի տեղեկություն՝ քո առավելության համար, և քո հնազանդությունը ամենաշահավետ բանն է, որ կարող ես անել ինքդ քեզ համար:

Ես կարող եմ շատ օրինակներ մատնանշել իմ սեփական կյանքի այն ժամանակներից, երբ Աստված խոսում էր ինձ հետ մի բանի մասին, բայց քանի որ հնազանդությունը պահանջում էր ինձնից անձնական մակարդակի զոհաբերություն, իմ սրտում ու մտքում ես պայքարում էի ու երբեմն չափազանց շատ երկար:

Վերջում ես բացահայտում էի, որ Նրա հրահանգները նպատակ ունեին խնայելու ինձ սարերի չափ ցավերից ու ծախսերից: Եթե միայն կարողանանք սովորել հնազանդվել, մենք կլինենք բավարարված, երջանիկ և օրհնված ամենուր:

Ջոն Հ. Սամմիսի հայտնի հիմնը նույնպես շատ լավ է խոսում հնազանդության մասին.

«Վստահիր ու հնազանդվիր,
Քանզի այլ ճանապարհ չկա
Հիսուսի մեջ երջանիկ լինելու,
Քան վստահելն ու հավատալն է»:

Հիշեք Իսրայելի առաջին արքային՝ Սավուղին, ով մշտապես մտածում էր, թե իր գաղափարն ավելի լավն է, քան Աստծո հրամանը: Ապստամբության իր ամեն քայլը նրան տանում էր ավելի խորը խնդիրների մեջ ու ավելի հեռու Աստծո կամքից: Սամուելը Սավուղին ասում է.

«Մի՞թե Տերը այնքան հավանում է ողջակեզների և զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն. ահա հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես, և անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագավոր չլինես» (Ա Թագավորաց 15.22-23):

Հենց այնպես, ինչպես ապստամբությունը հետ է պահում Աստծո օրհնությունները, այդպես էլ հնազանդությունն ազատ է արձակում այն: Հիշեք սարեփթացի որբևայրիին, ով մատակարարման արտասովոր հրաշք է վերապրում: Սարսափելի սով էր ողջ երկրում: Աստված խոսում է Եղիայի հետ՝ պատվիրելով. «Վեր կաց գնա Սիդոնացիների Սարեփթան և այնտեղ նստիր. ահա ես այնտեղ մի որբևայրի կնկա հրամայել եմ, որ քեզ կերակրի» (Գ Թագավորաց 17.9):

Նկատեք, որ Աստված Եղիային չի ուղարկում մի կնոջ մոտ, ով ապրում էր հացահատիկի հսկայական պահեստով մի առանձնատան մեջ, որից նա կկարողանար կերակրել մարգարեին: Փոխարենը, Աստված ուղարկում է նրան մի աղքատ որբևայրիի մոտ, ով բավական կերակուր չուներ անգամ իր սեփական ընտանիքը կերակրելու համար:

Ես ընդգծում եմ սա, որովհետև Աստված կարող էր Եղիային ցանկացած մեկի մոտ ուղարկել: Վերջիվերջո, Նա կարող էր շարունակել ուղարկել ագռավներին՝ նրան կերակրելու համար:

Իմաստը խոսքիս այն է, որ Եղիան իրապես կարիք չուներ այդ կնոջ կերակուրի: Աստված չէր ուղարկել Եղիային այդ կնոջ մոտ, որ վերջինս կերակրեր Իր մարգարեին: Աստված ուղարկել էր Եղիային որբևայրիի մոտ՝ նման մեծ զոհաբերություն անելու համար: Դա գուցե անգթություն է թվում: Բայց դա այդ կնոջ օգուտի համար էր: Նրա հնազանդությունը բացեց մատակարարման շատրվանը, որ նա երբեք չէր կարող ակնկալել:

«Եվ սափորիցն ալյուրը չէր վերջանում, և կուժիցը յուղը չէր պակասում Տիրոջ այն խոսքի պես, որ ասեց Եղիայի ձեռովը» (Գ Թագավորաց 17.16):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.