Հնազանդվել Աստծո կամքին
Ո՞րն է Աստծո՝ մարդու վրա թագավորելու և սատանայի՝ հոգին նվաճելու ու դրա վրա իշխելու ցանկության տարբերությունը։ Մենք հաճախ չենք հասկանում, թե որն է մեր անձը Աստծուն հանձնելու (երբ պետք է մեռնել սեփական անձի, քմահաճույքների համար և լինել նրա կամքի ծառաները) և սատանայի՝ մեզ ստրկացնելու և իրեն ենթարկելու ցանկության տարբերությունը։
Դժվար է դեմ գնալ սեփական համոզմունքներին, քանի որ մարդը դրանցից է կազմված։ Այստեղ պետք է սկզբունքային հավատարմություն։ Աստված հարգում է մեր համոզմունքները։ Նա Պետրոսին չպատվիրեց առանց որևէ առարկության գնալ Կոռնելիոսի մոտ։ Նա գիտեր, որ Պետրոսը կկոտրվեր, քանի որ վստահ էր, որ ինքը՝ հրեան, չի կարող գնալ այլազգիների մոտ։ Աստված համբերատար կերպով այնպես արեց, որ Պետրոսը մտափոխվի, հասկանա Աստծո տեսակետը և համաձայնի գնալ Կոռնելիոսի մոտ՝ հնազանդվելով Աստծո կամքին։
Պահպանեք ձեր հոգին, համոզմունքները։ Մի՛ խախտեք դրանք, որովհետև «Ամեն ինչ, որ հավատից չէ, մեղք է» (Հռոմ. 14.23)։
Հնարավո՞ր է, որ մարդը, հնազանդվելով Աստծո պատվիրանին, դեմ է գնում ինքն իրեն։ Ստեղծողի կամքին հնազանդվելը չի կարող բռնություն լինել ստեղծագործության նկատմամբ։ Նա գիտի յուրաքանչյուրիս համար բուն նպատակը։ Մարդկային հոգին զգում է իր ամբողջականությունն ու հարմարավետությունը, երբ գտնում է Աստծո բնորոշումն իր էության համար։ Մարդը բժշկվում է, նրա մեջ ամեն ինչ վերականգնվում է՝ խաղաղությունը, քունը, ախորժակը, առողջությունը, որովհետև բացահայտում է, թե ինչի համար է ստեղծվել և հնազանդվում է իր Արարչի կամքին։ Մարդը միշտ ձախողվում է, երբ գործում է Աստծո կամքին հակառակ։
«Մարդկայնորեն եմ ասում ձեզ, ձեր մարմնավոր տկարության պատճառով, որ ինչպես ձեր մարմինները ենթարկեցիք պղծությանն ու անօրենությանը, որ անօրենության է առաջնորդում, նույնպես էլ հիմա ձեր անդամները ենթարկե՛ք արդարությանը՝ սրբության առաջնորդելու։ Քանի որ, երբ մեղքի ծառա էիք, ազատ էիք արդարությունից։ Ի՞նչ պտուղ ունեիք այն ժամանակ, որի համար հիմա ամաչում եք. այդ բաների վերջը մահ է։ Բայց հիմա, երբ մեղքից ազատվեցիք...» (Հռոմ. 6.19-22)։
Ի՞նչ է պատահում, երբ մարդն ազատվում է մեղքից։ Նա ընտրության հնարավորություն է ստանում։ Ստրուկը նման հնարավորություն չունի։ Հիանալի զգացողություն է լինում ազատ մարդու սրտում, երբ նա իրեն զգում է իր բնավորության ու սովորությունների տերը։ Սուրբ Հոգու զորությունը ազատեց նրան, և մարդը հնարավորություն ստացավ մերժելու մեղքը, որից դեռ երեկ չէր կարողանում ազատվել, որովհետև դրա իշխանության տակ էր։ Պողոս առաքյալն այս խոսքերն ուղարկեց ազատագրված մարդկանց։
Երբ Աստված ազատագրում է մարդկանց մեղքի ստրկությունից, չի խլում նրանց ընտրությունը։ Հայրը երբեք այդպես չի անում։ Այդ մեղքն է մարդուն զրկում ընտրության հնարավորությունից։ Աստված այնքան է հարգում մարդուն, որ նա միշտ ազատ է Աստծո ներկայությամբ իր ընտրությունը կատարել։
Հեղինակ՝ Ալեքսանդր Շևչենկո
Աղբյուրը՝ ashevchenko.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը