Եդեմական ամենամեծ կորուստը հարաբերությունների կորուստն է. մարդ-Աստված, մարդ-երկիր և մարդն ինքն իր հետ՝ իր ներսի հետ ունեցած հարաբերությունների կորուստը:

Հարաբերությունների դժվարության հիմքում ընկած էր թշնամությունը: Բայց մի ուրիշ պարտեզում՝ Գեթսեմանի  մեջ, մարդու Որդին աղաչում էր այդ հարաբերությունների վերականգնման համար:

Այսօր մենք ունենք հարաբերություն Հոր հետ, Սուրբ Հոգին մեզ վրա է, սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին: Բայց երբ Հիսուսն Իր աշակերտների հետ նստած էր, ու թեև նրանք շատ մոտ էին միմյանց ու Տիրոջ ներկայության մեջ էին, միևնույն է, հարաբերությունների մեջ դժվարություններ ունեին: Բալորն էլ Հիսուսի հետ շփվում էին, մասնակից էին Հիսուսի հրաշքներին, լսում էին նույն խոսքը, գտնվում էին նույն տեղում, ուր Հիսուսն էր, բայց հարաբերությունների դժվարություն ունեին: Հովհաննեսի 13 գլխում Հիսուս լվանում է աշակերտների ոտքերն ու իր մեջքին պատած ղենջակով սրբում է: Ապա պատվիրում.

«Եթե ինձ կանչում եք վարդապետ ու Տեր, եթե ես ձեր ոտքերը լվացի, պետք է որ իմանաք, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ նույնը անեք: Ծառան իր Տերից մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը մեծ է ուղարկողից: Եթե այս անելը գիտեք և եթե այս ամենը կատարեք, երանելի եք»:

Ժամանակները հայրը դրեց իր իշխանության մեջ. ժամանակ կա գործելու, ժամանակ կա խոսելու: Երբ Աստծո ամպի սյունը կանգ էր առնում, և դրա համեմատ էլ՝ տապանակը, հնչում էր այս խոսքը. «դարձի՛ր»:

Մտածելու բան է, թե որն է ավելի հեշտ. լուծել թշնամիների՞, թե՞ սեփական ժողովրդի հարցը, օտարի՞, թե՞ եղբոր, աշխարհի՞, թե՞ եկեղեցու: Մտածելու խնդիր է. տապանակն ավելի շատ գնո՞ւմ էր, թե՞ կանգ էր առնում:

Դավիթը մի առիթով եզրահանգել էր, որ ավելի հեշտ է լուծել թշնամիների, քան թե եղբոր հարցը: Շատ դժվար է լուծել հարցը մի եղբոր, ում հետ միասին գնում ես Աստծո տուն: Միաժամանակ, ավելի հեշտ է լուծել ուրիշի, քան թե քո սեփական հարցը: Երանի նրանց, ովքեր հասկանում են, թե իրենց գործն ում հետ է՝ իրե՞նց, թե՞ ուրիշի:

Գիտենք, որ յուրայիններին սիրել է պետք: Գիտենք, որ բոլորս էլ իրար պետք ենք, միևնույն մարմնի տարբեր անդամներն ենք, որ ամեն մեկն իր անփոխարինելի տեղն ունի:  Մենք պիտի կրենք իրար նեղություններն ու տկարությունները: Ամեն բան մերն է, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկա, թե՛ գալիք բաները: Ամեն բան մերն է, մենք՝ Քրիստոսինը, Քրիստոսը՝ Աստծունը. «Աստվածանից դուրս եկավ ու Աստծո մոտ էր գնում»:

Բոլորն էլ վերնատանն էին, բոլորն էլ սեղանի շուրջն էին նստում, և ամենքի մեջ հարց էր. «Ո՞վ է մեզնից մեծը, ո՞ւմ պիտի լսեն, ո՞վ, ինչպե՞ս և ո՞ւմ պիտի ծառայի»: «Ոտնլվա» հասկացողությունից դուրս գրենք հետևյալը. ոտքերը կապ ունեն նախ և առաջ մեր քայլերի, մեր նախաձեռնած քայլերի հետ: Ամեն մեկի ծանրությունն իր վրա կրողը ոտքերն են: Ամենաշատ կեղտոտվողը ոտքերն են: Սովորաբար օձը խայթում է ոտքերը, ոտքերն են քարերի հանդիպում, հարվածներ ստանում, ոտքերն են հոգնում ու օրորվում, տնքում ու ցավում, բայց դրա համար ելք կա. քեզ ամենամոտ եղող մեկն իր հանդերձները քեզ համար վայր է դնում, անձամբ քեզ համար՝ քեզ սովորեցնելու համար: Խոնարհության գաղտնիքը սրա մեջ է՝ նա խոնարհեցնում է իրեն քեզ համար, իր մոտ եղած ջուրը օգտագործում է ոտքերը լվանալու համար, իր մոտ եղած սրբիչը օգտագործում է ոտքերդ լվանալու համար:

Առաջին ճշմարտությունը` քեզ վրա կա մի տեղ, որ լվացվելու կարիք ունի, և դու ինքդ մենակ դա անել չես կարող: Ով էլ լինես, քեզանից մեծը կա, և դու անձամբ պիտի թույլ տաս, որ քեզ ծառայի: Ով էլ լինես, միայն լվանալ թույլ տալով է հնարավոր հաղորդ լինել չարչարանքներին և ուրախություններին:

Ով էլ, որ լինես, հիշիր՝ նախ և առաջ Խոսքն է մաքրողը, եթե Նրանից լսել ես այդ Խոսքը, եթե սրտիդ մեջ պահում ես այդ Խոսքը, դա է քեզ մաքրողը: Չէ՞ որ ամեն բան Խոսքով եղավ…

Աշխատելու ժամանակ նաև կեղտոտվում ես, աշխատանքը նաև քրտնեցնում է ոտքերը: Իսկ երբ հասնում ես տուն, հաղորդակցության և կոշիկները հանելու ժամն է, հավատա, որ ոտնլվան անհրաժեշտություն է: «Դուք մաքուր եք այս խոսքով, որ ես ձեզ տվեցի»,- ասաց Նա: Ձեռքերդ աղոթքի մեջ են մաքրվում, հանդերձներդ ինքդ պիտի լվանաս, իսկ ոտքերդ պետք է վստահես մեկ ուրիշին:

Մի՛ գնա մեկ ուրիշի հանդերձները լվանալու, մի՛ գնա ուրիշի ձեռքերը լվանալու, որովհետև իր ջանքով պիտի անի, բայց գնա լվանալու նրա ոտքերը, և դու էլ քո ոտքերը վստահիր ինչ-որ մեկին:

Հիսուսն ասաց, թե պետք է, որ դուք էլ իրար ոտքեր լվանաք: Իսկ  դրա համար ցած իջնել ու ծնկի գալ է պետք, քեզ խոնարհեցնել է պետք. հեշտ չէ, բայց ուրիշ ձև չկա: Փաստ է, որ սա պետք է լինի երկկողմանի: Եթե քո սիրտը ուղիղ է ինձ հետ, այդ դեպքում ձեռքդ ինձ տուր և բարձրացիր իմ կառքը:

Եթե ձեռքերդ զբաղված են տկարին զորացնելու գործով, սովածին կերակրելու գործով, քարը քարի վրա դնելու գործով, ապա այս ամեն բաներում միայն ոտքերդ պիտի դիմանան և ուժ տան: Հավատա, որ գործից հետո ծառայողի ոտքերը կարիք ունեն մեկ ուրիշի ձեռքերի:

Տեր Հիսուս, այդ Դու մեզ գտար ու մեզ բերեցիր, Քո տան մեջ մեզ հաստատեցիր, մեր մեղքերը ներեցիր ու մեզ Քո առջև ընդունելի դարձրեցիր, մեր գալիքի համար խոսեցիր, մեզ վստահեցիր ու գործ տվեցիր: Օգնիր մեզ Քեզ ուրախություն բերող որդի լինել, Քո սիրտը ունեցող լինել, Քո կամքը ճանաչող լինել: Թող մեզ չլինի մեր ուզածի, այլ լինի քո ուզածի պես: Օգնիր մեզ ճիշտ մարդ ու ծառայող լինել, ճիշտ ճանապարհով քայլել ու քո առաջ խոնարհ սիրտ ունենալ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.