Կան ժամանակներ, երբ պետք է աղոթել բարձրաձայն՝ լաց լինել ու հառաչել և ուժեղ  աղաղակել, բարձրացնել ձայնը և չհանգստանալ, մինչև Աստված կպատասխանի: Վերջիվերջո, Ինքը Հիսուսը Գեթսեմանում աղոթք էր բարձրացնում ուժեղ աղաղակով:

Սակայն այդ ամենը մենք կարող ենք անել գեթ մեկ ձայն էլ չարտաբերելով: Մեր աղոթքները կարող են լինել նույնքան կրակոտ, ուժեղ ու գործուն, անգամ երբ մենք չենք բարձրացնում մեր ձայնը: Այդպես եղավ Աննայի հետ, ով ջանասիրաբար աղոթում էր որդու համար. «Եւ նա աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ» (Ա Թագ. 1.10):

Աստծո առջև թափելով իր հոգին՝ Աննան բարձրաձայն չարտաբերեց ոչ մի բառ, բայց իր խորը աղաչանքն ու անկեղծությունը հուզեց երկինքը: Աստված օրհնեց այս աղաչող կնոջը՝ պարգևելով որդի՝ Սամուել մարգարեին, ով դարձավ Աստծո ձայնն Իսրայելում:

Աննայի նման երբեմն մենք կարող ենք լինել շատ տկար, վշտացած կամ շփոթված, որպեսզի բարձրացնենք մեր ձայնն Աստծուն: Երբեմն ամենը, ինչ կարող ենք, արտասվելն է Նրա առջև: Ես գիտեմ՝ ինչ է դա: Հաճախ ես գնում էի իմ ներքին սենյակ այնքան ուժասպառ ու հոգնած, վշտացած ու ընկճված՝ չիմանալով, թե ինչ անեմ, որ Տիրոջը բերելու ոչինչ չունեի: Ամենը, ինչ կարող էի, նստել Նրա ներկայության մեջ՝ կրկնելով. «Տե՛ր, ողորմած եղիր, աջակցիր ինձ: Ես Քո կարիքն ունեմ»:

Դավիթն այս իրավիճակը նկարագրում է Սաղմոս 6-ում. «Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը» (6.1): Դժբախտությունները՝ ընկած Դավիթի վրա, այնքան ծանր էին, որ նա համոզված էր՝ Աստված բարկացած է իր վրա՝ անխնա պատժելով ինչ-որ գաղտնի մեղքի համար:

«Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են» (6.2):

Դավիթի վիճակն այնքան ծանր էր ու անհույս, որ դա նրան թուլացրեց ֆիզիկապես և խառնաշփոթ սերմանեց նրա հոգու մեջ:

«Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ» (6.3):

Դավիթը չէր կարողանում հասկանալ, թե ինչու Աստված այդքան երկար չի ազատում իրեն: Նա կանչում էր. «Տե՛ր, ե՞րբ կհանես ինձ այս դժբախտությունից»:

«Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։ Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը» (6.6-7):

Դավիթն այնքան էր տառապում դաժան վշտից, որ լալիս էր ամբողջ գիշեր՝ չկարողանալով քնել:

Վերջապես Աստված հայտնություն տվեց Դավիթին, որն այնքան ոգևորեց նրան, որ նա բարձրանալով հրամայեց իր դիվային թշնամիներին. «Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է» (6.8): Ինչպե՞ս Դավիթը կարողացավ ստանալ այդ հայտնությունը: Այն եկավ, քանի որ Աստված լսեց նրա լացը. «Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը» (6.9):

Դավիթի ամեն արցունքն աղոթք էր եղել, նրա ամեն հոգոցը լսելի էր վերևում: Մեր Աստված հավատարիմ է, որպեսզի լսի նրանց աղաչանքը, ովքեր կանչում են Իրեն:

Աղբյուրը՝ facebook.com

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.