1. Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ։

2 Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։

3 Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4 Ինձ տարաւ խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։

5 Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. Որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։

6 Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։

7 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։

8 Իմ սիրականի ձայնն է. Ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։

9 Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. Ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։

10 Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

11 Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։

12 Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։

13 Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

14 Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. Ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. Որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։

15 Բռնեցէք մեզ համար  աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։

16 Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. Նա արածեցնում է շուշանների մէջ։

17 Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. Ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։

Երգ Երգոց 2.1-17

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.