Վաղ շրջանի եկեղեցու նշանաբանն էր` «Աղոթել և քարոզել»
Հոգևոր արթնությունն այնքան կարևոր էր, որ Սուրբ Հոգին ներշնչեց Ղուկասին՝ գրառելու վաղ շրջանի եկեղեցում Աստծո կատարած գործերը: Աղոթքի ներգործությամբ ծնունդ առավ, գոյատևեց և Աստծո փառքով ողողվեց նախնի եկեղեցին:
Հիսուսն Իր աշակերտներին պատվիրեց Երուսաղեմում Հոր խոստմանը սպասել: Նոր Կտակարանի եկեղեցուն ուղղված առաջին կոչը վերաբերում է աղոթքին: Հարատև աղոթքի շնորհիվ ամենուր Քրիստոսն էր քարոզվում:
Գործք Առաքելոց 1.14-ում տեսնում ենք Աստծո երեսը փնտրող եկեղեցի. «ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում»: Գործք Առաքելոց 2.4-41-ում եկեղեցին Քրիստոսի հարությունը հռչակելու զորություն է ստանում: Երեք հազար հոգի ապաշխարեցին այս մեծ այցելության ժամանակ:
Սա եկեղեցուն ավելի շատ աղոթելու ձգտում ներշնչեց: Գործք Առաքելոց 2.42-ում ասվում է. «միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին»։ Արդյունքը հիանալի էր. ամեն օր մարդիկ հավաքվում էին մեկտեղ՝ Քրիստոսին ճանաչելու:
Պետրոսն ու Հովհաննեսը Գործքի երրորդ գլխում գնացին աղոթքաժողով: Հինգ հազար հոգի արդեն իսկ ապաշխարել էր: Գործքի չորրորդ գլխում եկեղեցին շարունակում է աղոթել, որը նպաստում է Ավետարանի լայնաթափ տարածմանը: Գործք 5.14-ում նրանք դադարում են փրկվածների թիվը հաշվելուց՝ ուղղակի ասելով. «Եվ առավել ևս շատանում էին Տիրոջ հավատացյալները, և եղավ մի բազմություն մարդկանց և կանանց»։
Նոր Կտակարանի եկեղեցու հսկայական աճը աղոթքի ներգործության վառ ապացույցն է: Նայենք Պողոս առաքյալին. նրա ծառայությունը աղոթքաժողովից սկիզբ առավ, ողջ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան երախտապարտ են հինգ աղոթող և խոնարհ մարդկանց:
Երկու մայրցամաքների պատմությունը հենց այդ աղոթքաժողովից փոխվեց, որտեղից սկիզբ առավ արևմտյան քաղաքակրթությունը կերտող ծառայությունը: Վաղ շրջանի եկեղեցու նշանաբանն էր. «Աղոթել և քարոզել»: Նրանք կոչվեցին «աշխարհը տակնուվրա անողներ» (Գործք Առաքելոց 17.6):
Սեմի Թիփիթի «Աղոթքի գործոնը» գրքից