Հին Կտակարանի Աստվածը...
Աստվածաշնչի Աստծուն մերժելու ժամանակակից պատրվակներից է կասկածի տակ դնել Աստծո՝ մանավանդ Հին Կտակարանում հանդես եկող Աստծո բնավորությունը: Ի տարբերություն Հիսուսի ներկայացրած հեզ ու մեղմ նորկտակարանյան աստվածությանը՝ ենթադրվում է, որ Հին Կտակարանի Աստվածը չափազանց պահանջկոտ, վրեժխնդիր և անհագ մի Էակ է, Ով արագ հաշվեհարդար է տեսնում Իր թշնամիների հետ նույնիսկ ամենափոքր սադրանքի դեպքում:
Աստվածաշնչի նման ընթերցումը տրտմություն է պատճառում՝ կապված այն փաստի հետ, որ հենց Նա է այն Աստվածը, Ով մարդու ինքնավարությունը ճանաչում է միայն Իր գերիշխանության ներքո: Ասել է թե, եթե մարդ արարածը իրավամբ չի կարող որոշել մեկ ուրիշին տրված ժամանակը, Ստեղծողն ունի ինքնիշխան լիազորություն հաշվելու մեր օրերը. փաստ, որը մենք անուղղակիորեն ընդունում ենք ուրիշներին՝ «Աստծո դերը խաղալու» մեջ մեղադրելիս: Ավելին, առանց տիեզերքի արարման համար պատասխանատու կատարյալ Աստծո մենք հիմքեր չունենք որևէ գործողություն աննպատակ ճանաչելու, ուստի, ցանկացած նման հայտարարություն պետք է արվի բացառապես Աստծո կողմից տրված պատվիրանների հիման վրա:
Վերոնշյալ պնդմանը բնորոշ թյուր կարծիքներից զատ կարելի էր գնահատել նաև Հին Կտակարանում Աստծո հետ սերտորեն կապված մարդկանց վկայությունները: Արդյո՞ք նրանք Աստծո մասին մտածում էին՝ որպես վրեժխնդիր էակի: Պատասխանը վճռական և հստակ «ո՛չ» է: Օրինակները շատ են, բայց եկե՛ք առանձնացնենք ընդամենը մի քանիսը:
Աստծո դեմ մեղք գործելուց հետո Դավթին տրվեց ընտրություն՝ պատժվելու Աստծո կամ իր թշնամիների կողմից, իսկ Դավիթի պատասխանը հետևյալն էր. «Ես շատ նեղութեան մէջ եմ, թող Տիրոջ ձեռքն ընկնենք, որովհետեւ շատ է նորա ողորմութիւնը. ես մարդի ձեռք թող չընկնեմ»(Բ Թագավորաց 24.14):
Հովնանը նախընտրեց իր կյանքն ավարտել նենգ ծովում, քան փրկության լուրը տանել Նինվեի ժողովրդին: Պատճառն այն էր, որ նա գիտեր, որ Աստված «…ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կզղջաս չարիքի համար» (Հովնան 4.2): Այլ կերպ ասած՝ նա վախենում էր, որ Աստված կարող է չափազանց բարի լինել իր թշնամիների հանդեպ, եթե նրանք ընտրեն ապաշխարելու ուղին:
Բայց Մովսեսը տալիս է ամենավառ օրինակներից մեկը, թե ինչպիսի հինկտակարանյան Աստծո էին նրանք ճանաչում: Ելից 33-րդ գլխում Աստված սպառնում է հրաժարվել իսրայելացիներին՝ Ավետյաց երկիր ուղեկցելու Իր ծրագրից: Քանի որ Աստված հավատարիմ է, Նա երդվում է պահպանել Իր խոստումը՝ տրված Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ երկիրը տալ նրանց սերունդներին: Նա նրանց առջևից հրեշտակ էր ուղարկելու, որպեսզի վռնդի նրանց թշնամիներին, և ուղեկցի մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում (Ելից 33.1-3): Նրանք նույնիսկ ստիպված չէին կռվել հողի համար: Հակառակ դեպքում Աստված Ինքը նրանց մեջ չէր լինի: Սա իսկական խոշոր շահում էր: Պատկերացրեք իրավիճակը. ունենալով Աստծո բոլոր օրհնություններն առանց Աստծո ձեզ ասելու, թե ինչ անել դրանց հետ: Քրիստոնեության շատ տարածված արտահայտություններ այսօր ձևավորվում են Աստծուն շահարկելու փորձից՝ հրաժարվելով Նրա օրհնություններից և Աստծուն շատ մեծ ուշադրություն չդարձնելուց:
Բայց Մովսեսը մտնում է վրանը հանդիպելու Աստծուն. «Եթէ քո երեսը մեզ հետ չգնայ, մեզ այս տեղից մի հանիր» (Ելք 33.15): Արդյո՞ք Մովսեսը վրեժխնդիր, չարագործ ոգու հմայքի տակ էր, թե՞ նա հասկացել էր, որ Աստված արժանի է՝ ամբողջ սրտով, հոգով և մտքով լինելու սիրված:
Ս.Ս. Լյուիսը ճիշտ էր, երբ ասաց, որ նա, ով ունի Աստծուն և շատ այլ բաներ, չունի այնքան շատ, որքան նա, ով միայն Աստծուն ունի: Աստվածաշնչյան սրբերն ընդունում էին Աստծուն՝ որպես ամբողջ երկրի դատավորը, Ով գործում է ճիշտ կերպով (Ծննդոց 18.25), և հենց դա էր պատճառը, որ նրանց սրտերը փափագում էին Աստծուն, ինչպես եղջերուն ջրի վտակներին:
Աստված, Ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, արժանի է մեր բոլոր նվիրվածությանը և սիրուն: Պետք է հիշել նաև, որ Աստված կատարյալ արդարություն է իրականացնում, ինչպես վկայում են թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարանները: Աստծո անմեղ Որդին զոհաբերվեց ոչ միայն հանուն մարդկության, այլև վերացնելու՝ Աստծո և իրեն մերժողների միջև եղած հավերժական բաժանարարը, որը հաստատվում է Նոր Կտակարանում: Մինչև Ավետարանի Հոգին և Ճշմարտությունը մեզ չզրկեն մեր՝ Աստծո հույսից և շնորհից «զրկված» գիտակցությունից, մենք երբեք չենք արդարանա Նրան ընդդիմանալու համար:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը