Մի օր մտար իմ քաղաք...
Մի օր մտար իմ քաղաք...
Ես ունեցած-չունեցածս ոտքերիդ առջև գցեցի, արմավենու ճյուղերով դիմավորեցի ու բարձր ձայնով աղաղակեցի.
- Օվսաննա˜ ի բարձունս...
- Օրհնյալ է Նա, որ գալիս է իմ քաղաք` որպես Տեր...
Դու ընթրեցիր ինձ հետ, իմ ոտքերը լվացիր, Քեզ հետ այլակերպության լեռը բարձրացրիր, ջրերի վրայով քայլել արտոնեցիր, հանդարտություն տվեցիր փոթորիկներիս, ծովերս ճեղքեցիր, ինձ հոշոտող գետերը չորացրիր, վտակներ հանեցիր անդունդներից` ինձ ոռոգելու, սահմաններս հաստատեցիր ու լուսատուներ կարգեցիր քաղաքիս վրա...
Մի առավոտ, աքաղաղի կանչի հետ, աշխարհի վառած կրակի մոտ ուրացա Քեզ… Մի երեկո խաչեցի Քեզ...
Բայց մայրամուտին երևացիր` հարություն առած ու ասացիր.
- Արածեցրո´ւ գառներս, թե սիրում ես Ինձ...
Հավիտյան անփոփոխ է պատասխանն իմ.
- Տե´ր, գիտես, որ սիրում եմ...
Արմինե Բոյաջյան