«Եվ այս ամենի վրա հավատքի վահանն առեք, որով կկարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել» (Եփ. 6.16):

Մենք շատ ենք կարդացել այս խոսքը և որոշակի պատկերացում ունենք, թե ինչի մասին է գրված, բայց այսօր ուզում եմ, որ նայենք մեկ այլ անկյունից:

Հնագույն ժամանակներից հայտնի են վահանի տարբեր տեսակներ, և այստեղ Պողոս առաքյալը չի խոսում Պարմա (parma) կոչվող վահանի մասին, որը շրջանաձև էր ու փոքր, ինչպես շատերս ենք պատկերացնում: Այս տեսակի վահանն հիմնականում ընդգրկված էր օժանդակ զորքերի զինվորական սարքավորումների մեջ և թեթևազեն հետևակի համար էր նախատեսված:

Պողոսը բնագրում նշում է θυρεον բառը, որի արմատը հունարենում «դուռ» նշանակությունն ունի և սրա նմանօրինակն էր հռոմեական Սկուտումը (scutum), որը մոտավորապես 75 սմ լայնություն և 1,2 մ բարձրություն ուներ, կշռում էր 8-10 կգ, ուղղանկյունաձև էր և ծածկում էր մարմինը: Ըստ երևույթին՝ վահանն իր մեծության պատճառով էր ստացել «դուռ» անվանումը: Նմանօրինակ վահանը նախատեսված էր ոչ թե միայնակ կռվելու, այլ միասին պայքարելու համար: Այս վահանների օգնությամբ հռոմեական լեգեոնները սեղմում էին թշնամուն: Վահանների ամուր պատը մարտիկներին դարձնում էր անխոցելի:

Չեմ ուզում այսօր ռազմական մարտավարության կամ ստրատեգիաների մասին խոսել, այլ զուտ ցանկանում եմ հիշեցնել, որ կան այնպիսի մարտեր, որոնք միասին պետք է հաղթենք՝ իրար համար աղոթելով, իրար խրախուսելով և թև ու թիկունք լինելով:

«Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում» (Բ Կորնթ. 10.4):

Լուսինե Սիմոնյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.