Աստված գրի է առնում Իրենից երկյուղ ունեցող մարդկանց խոսակցությունները: Երբ դուք ծրագրում եք այնպիսի ամուսնություն, որը պատիվ է բերում կյանքի Հեղինակին, Երկինքը նշումներ է անում: Ջոն և Լիզա Բիվերներ

Գալով ձեր սրտի մեջ` Սուրբ Հոգին մի տուն պատրաստեց: Այդ տունն այնքան հարմարավետ էր, որ Նա ուրախ էր, որ բնակվելու էր ձեր ներսում` Իր նոր տանը: Երբ դուք փրկվեցիք, մեծագույն հրաշքը տեղի ունեցավ ձեր սրտում: Սուրբ Հոգին վերցրեց ձեր հոգին, որը մահացած էր անօրենության և մեղքի մեջ, և հարություն տվեց այն նոր կյանքի համար: Նրա գործը ձեր ներսում այնքան փառավոր էր, որ երբ այն ավարտված էր, Նա ասաց, որ դուք Իր գլուխգործոցն եք (տե'ս Եփեսացիս 2.10): Այդ պահին ձեր հոգին դարձավ Աստծո հիասքանչ տաճարը:

Ռիկ Ռեններ, «Հունարենի գանձեր» գրքից

Կորցրե՜ք ձեր կյանքը, ի՛մ ընկեր, մի՜ դադարեք հետևել Աստծուն, երբ գալիս է հակառակությունը: Ես գիտեմ, որ Նա կառաջնորդի ձեզ դեպի դժվարին իրավիճակներ, քանի որ որքան մեծ է պայքարը, այնքան մեծ կլինի հաղթանակը և՛ Աստծո թագավորության, և՛ ձեզ համար: Բայց այդ պայքարների ընթացքում մշտապես հիշե՛ք այս հավաստիացումը. «Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիներ 10:13): Անկախ այն բանից, թե ինչպիսին է թվում փորձությունը, դուք կարող եք անցնել այն հաջողությամբ ու փառքով: Հակառակ դեպքում, չէիք բախվի այդ փորձությանը. Աստված դա թույլ չէր տա:

Անապատն այն վայրը չէ, որտեղ պետք է վայր դնենք մեր զենքերը և հանձնվենք: Անապատում մենք պետք է ուժեղ, խիզախ ու համարձակ լինենք, որպեսզի կատարենք Տիրոջ կամքը: Անապատն այն վայրն է, որտեղ մենք պետք է հաստատակամորեն հնազանդվենք Տիրոջը և հակառակվենք սատանային: Եթե հիմա դուք անապատում եք, Աստված բերել է ձեզ այս վայրը, որպեսզի իմանաք, թե ինչ կա ձեր սրտում: Հաճախ այն, ինչը ես համարում էի սատանայի գայթակղությունները, իրականում իմ կյանքի ծածուկ բնագավառներն էին, որոնք պետք էր հնազանդեցնել Քրիստոսին:

Մի՛ դադարեք հետևել Աստծուն: Մի՛ հանձնվեք: Պահե՛ք այն տեսիլքը, որը Նա տվել է ձեզ` անկախ այն բանից, թե ինչպիսին են թվում հանգամանքները: Հովսեփի իրավիճակն անհույս էր թվում, երբ նրան գցեցին փոսը և հետագայում՝ արդեն օտար երկրում, նրան բանտարկեցին: Թվում էր` նրա կյանքն ավարտվել էր: Ի՞նչ ապագա նա կարող էր ունենալ: Հիշե՜ք. «Մարդկանց կողմից անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողմից, որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմից» (Մարկոս 10.27):

Նույնը վերաբերում է ձեզ: Որքան էլ դժվար լինի, հիշե՜ք. «Ամեն բան կարելի է (կամ` հնարավոր է) հավատացողին» (Մարկոս 9.22): Պահե՜ք ձեր հայացքը ձեր առջև դրված ուրախության վրա, որը Նրա փառքն է`հայտնված ձեզանում: Դուք զորություն կունենաք, որ հաղթահարեք այն նեղությունները, որոնց բախվում եք: Շարունակե՜ք փնտրել Նրան ձեր ամբողջ սրտով և հավատացե՜ք, որ Նա խոսում է ձեզ հետ Իր Հոգով` Իր Խոսքի միջոցով: Եթե այդպես վարվեք, դուք կունենաք հաղթանակ անապատում:

«Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով. Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն» (Հուդա 24,25):

Ջոն Բիվեր, «Աստվա՜ծ, որտե՞ղ ես» գրքից

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.