Հիսուսը․․․
Հիսուսը ճաշում էր ամենամեղավորների հետ` առանց մտածելու, թե Իր մասին ինչ կարծիք կկազմեն. Նա հենց նրանց համար էր եկել...
Հիսուսը բժշկում էր ամենաառեղծվածային կերպերով: Նա դիպում էր բորոտներին առանց տհաճություն զգալու...
Հիսուսը լվանում էր ամենափոշոտ ոտքերը, որոնք հետո դառնալու էին համայն աշխարհի փրկության առաջին քարոզիչների` խաղաղության ու փրկության տարածման համար ամենաանհրաժեշտ «փոխադրամիջոցները»:
Հիսուսը մատնացույց էր անում երեխաներին` որպես երկնքի արքայություն մտնելու իրավասություն ունեցող էակների. նրանց մաքրությունն, ուղղությունն ու անկեղծությունն է մեզ պետք` գերբնական հավատքի կիրառման համար:
Հիսուսն իր ձեռքով էր պատրաստում ու կերակրում. չեմ էլ կարող պատկերացնել` որքա՜ն համեղ պատրաստած կլինի...ու մեզ բաժին է հասնելու Նրա հետ երկնային արքայությունում հավիտենությունը տոնելու աստվածային պատիվն ու արտոնությունը:
Հիսուսն ասաց` «մեծ լինելու համար, պետք է ծառա լինել ամենքին», որ Ինքը հաճենում է կոտրված սրտերին, հեզահոգիներին և սրտով խոնարհներին: Նա խորհուրդ էր տալիս ընտրել հետևի շարքի աթոռները` պատվի արժանացնելու համար մյուսներին, որպեսզի կարողանա մարդը փնտրել իր ընկերոջ շահը ևս...
Հիսուսի սովորեցրած ճշմարտությունները երկրային չեն, մարմնական չեն: Դրանք վեր են ամեն մարդկային մտքերից, ուղղություններից, գիտություններից, սահմանումներից, ճշմարտություննորից, վեր են բոլոր մեր պատկերացրած և իմացած բարոյական արժեհամակարգերից: Դրանց հասնելը սեփական իմաստությամբ հնարավոր չէ: Աշխարհի բոլոր գիտությունները լավն են, կարևոր են, բայց դրանցով միայն հնարավոր չէ ճաշակել և բացահայտել երկինքների Հորը: Մարդկային ուղեղը չի հասել մի այնպիսի մակարդակի, որ ունակ լինի բացահայտելու անսահմանությունների Աստծո մտքի գիտությունն ու հանճարը: Դրանց հասնելու համար գերբնականն է անհրաժեշտ` Սուրբ Հոգու կրակն ու զորությունը, սրբությունն ու հավատքը:
Նրա սովորեցրած ճշմարտությունները հիասքանչ են, անպատմելի, անբացատրելի և այո´, մարդը չունի բավականին անհրաժեշտ բառապաշար Նրա աներևակայելիությունը նկարագրելու համար:
Մենք ունենք Նրա Հոգին, որով կարողանում ենք ճաշակել Նրան...Եվ որքան ճաշակում ենք, այնքա՜ն բավարար չէ, այնքա՜ն քիչ է, էլի ենք ուզում, էլի´, էլի´, ավելի՜ անհագ, ավելի՜ ծարաված, ավելի՜ փափագով....
Քո գերբնական զորություններին ենք փափագում, Հա´յր, Քո գերբնական ճշմարտություններին ենք ձգտում, Ամենակալ փառահեղ, Քո ձեռքերի զորություններին և երկնային շարժումներին ենք կարոտ, Քեզ ենք կարոտ, Քո կարիքն ունենք...
Քեզնից սովորելու, Քո ցույց տված և օրինակ թողած գերբնական գործերի փափագն ունենք։
Անի Նիկողոսյան