Առաջինը, ինչ պետք է անեք հոգևոր պատերազմի մեջ
Հոգևոր պատերազմում հաղթելու առաջին սկզբունքը խոնարհությունն է:
Ամեն անգամ, երբ մենք նկատում ենք, որ գտնվում ենք հոգևոր պատերազմի մեջ, առաջինը, ինչ պետք է անենք՝ ինքներս մեզ խոնարհեցնելն է:
Մարդկանց մեծամասնությունը նույնացնում է հոգևոր պատերազմը ագրեսիվ աղոթքի կամ սատանայի վրա գոռգոռալու հետ: Դա գուցե և ճիշտ է, բայց եթե մենք չենք հասկանում խոնարհության և հնազանդության խորհուրդը, մեր հոգևոր պատերազմը կվերածվի անիմաստ «իրարանցման»:
«Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից»: Հակոբոս 4.6-7:
Ուշադրություն դարձրեք՝ այս խոսքերը կարդալիս, որ հնազանդությունն ու խոնարհությունը պարտադիր մասն են ու նախադրյալը՝ չարին հակառակվելու մեջ: Սատանային հակառակվելու կարողությունը կախված է սեփական անձի խոնարհումից:
Պատճառն այն է, որ հենց իր՝ սատանայի բնավորությունը կապ ունի հպարտության հետ: Հպարտությունը սատանային առաջ մղող ուժն է: Որովհետև դա է այն բնագավառը, որտեղ նա մասնագետ է: Եթե դուք ունեք հպարտություն, ուրեմն ունեք բաց դուռ սատանայի ռազմավարության համար: Ձեր հպարտությունը հեշտ թիրախ է սատանայի հարձակումների համար:
Երբ սատանան գալիս է Ադամի ու Եվայի մոտ Եդեմի այգի, նա շփման եզրեր է գտնում նրանց հետ հոգևոր հպարտության (Աստծո պես կլինեք. Ծննդոց 3.5) և ինտելեկտուալ հպարտության միջոցով («բարին և չարը գիտացող»): Այս երկուսը շարունակում են լինել դիվային ազդեցության արմատներն այսօր ևս: Երբ մենք հակառակ ենք կանգնում հպարտության տեսակներին՝ ինքներս մեզ խոնարհեցնելով և հնազանդվելով Աստծուն, այդպիսով դուռ ենք փակում դիվային ակտիվության համար:
Հպարտությունը կարող է հանգեցնել բաժանման և ըմբոստության: Աստվածաշունչն ասում է, որ երբ սատանան որոշեց ապստամբել Աստծո դեմ, նրա ապստամբության հիմքում հպարտությունն էր:
«Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունովը. դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով»: Եզեկիել 28.17:
Այստեղ «հպարտացավ» բառն է՝ «գաավա», նույն արմատն ունեցող բառ է, ինչ «հպարտությունը»: Հպարտությունը կարող է բերել վատ վերաբերմունք մեր շրջապատի հանդեպ, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեն մեզ վրա, և վերջիվերջո՝ հանգեցնել բաժանման: Եկեղեցում բաժանումների պատճառը մեծ մասամբ հպարտությունն է: Եթե կողմերից մեկը խոնարհվի, այդ տեսակ երևույթները կնվազեն:
Տեղ մի՛ տվեք սատանային
Հիսուսը սովորեցնում էր, որ ցանկացած թագավորություն, որը ներսից բաժանված է, կընկնի (Ղուկաս 11):
Սատանան ցանկանում է, որպեսզի Աստծո Արքայությունը կործանվի: Նա աշխատում է այդ ուղղությամբ՝ առաջացնելով բաժանումներ և ըմբոստություն: Այս երկուսի պատճառը հպարտությունն է: Այն բարեբեր հող է սատանայի սերմերի համար: Երբ մենք հնազանդեցնում ենք ինքներս մեզ, սատանային զրկում ենք այդ բարեբեր տարածքներից:
Շատ հաճախ հպարտությունը՝ սեփական դյուրազգացության, վախի կամ անարգանքի քողարկումն է: Երբ մարդը խոցելի է, նա կարող է նեղանալ՝ շահելու իրեն անհրաժեշտ ուշադրությունը: Եթե մարդն ունակ է ինքն իրեն խոնարհեցնելու, դա, ըստ էության, հոգեբանական ամբողջականության և ներքին ուժի մակարդակն է արտացոլում:
Հպարտության ախտանիշներից մեկը նեղանալու հակվածությունն է, որը քողարկում է տվյալ մարդու խոցելիությունը: Երբեմն մարդը ցանկանում է թաքցնել իր հպարտությունն ու խոցելիությունը՝ ասելով. «Ես շատ զգայուն մարդ եմ»: Մարդը, ում մոտ հպարտությունը քիչ տոկոս է կազմում, հակված չէ արագ նեղանալու:
Երբեմն մարդը, ով համոզված է իր ճշմարտացիության մեջ, հենց մեկն է, ում պարուրել է հպարտությունը, և հենց սա էլ խնդրի պատճառն է:
Վիրավորված մարդը, անգամ եթե նա շատ խելացի է, օծված, հենց այն մեկն է, ում միջոցով սատանան գործում է: Եթե դա այսօր ինչ-որ կերպ բնութագրում է ձեզ, հեռու փախչեք դրանից:
Հեղինակ՝ Աշեր Ինթրեյթեր