«Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի»։ Եբրայեցիս 4.15

Քրիստոնյաների մեծ մասին ծանոթ է այս խոսքը. այն մեզ ասում է, որ մեր Քահանայապետը՝ Հիսուսը, մեզ հետ կիսում է մեր բոլոր տառապանքները: Նրան անձնապես հուզում է մեր ամեն ցավը, այն ամեն խառնաշփոթն ու հուսահատությունը, որ պատում է մեզ: Քանի որ մենք ունենք այդպիսի Մեծ Քահանայապետ, մեզ պատվիրված է. «Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4.16): Մեզ ասվում է. «Քո Փրկիչը հստակ գիտի, թե ինչի միջով ես անցնում, և Նա հստակ գիտի, թե ինչպես է Իր շնորհը ծառայում քեզ»: Երբ մենք կարիքի մեջ ենք, ինչպե՞ս կարող ենք «շնորհ գտնել», ինչպես առաջարկում է Եբրայեցիների թո՞ւղթը:

Երբ դժբախտություն է պատահում, դու ընտրություն ունես՝ կա՛մ վստահելու Աստծուն, կա՛մ մեղադրելու Նրան: Երբ Հոբն ու նրա կինը զգացին իրենց ընտանիքի ողբերգական կորուստը և նրա ֆիզիկական վիճակի աղետը, նրանք ընտրեցին երկու բոլորովին այլ արձագանքներ: Նրա կինը դառնացավ և անմտորեն մեղադրեց Աստծուն՝ նույնիսկ հորդորելով ամուսնուն «Անիծել Աստծուն և մեռնել» (Հոբ 2.9):

Հոբը նույնպես խորապես վշտացավ, և նա ֆիզիկական ծանր ցավեր ուներ, բայց այդ ամենի մեջ Աստծուն էր վստահում: Նա ասաց. «Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ» (Հոբ 13.15): Գործնականում Հոբն ասում էր. «Կարևոր չէ, որ այս ցավերն ինձ տանում են գերեզման: Ես դուրս կգամ այս ամենից՝ վստահելով Տիրոջը և երբեք չեմ հրաժարվի այն վստահությունից, որ Նա գիտի, թե ինչ է անում: Նա ինչ-որ հավերժական նպատակ ունի, և ես կվստահեմ Նրան մինչ իմ վերջին շունչը»:

Ի՜նչ մեծ վստահություն կար Հոբի սրտում: Եվ կատարյալ ճշմարտությունն այն է, որ այս նույն վստահությունը մեզ սիրող Հոր հանդեպ կարող է լինել մերը, եթե մենք մեր հույսը դնենք նրա վրա:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.