Փորձություն
«Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը» (Մատթեոս 4.1): Ինչպիսի՜ զարմանահրաշ Խոսք: Մատթեոսը համարձակորեն ասում է, որ Աստծո Հոգին էր, որ Քրիստոսին տարավ անապատ փորձվելու, որտեղ Նա ենթարկվելու էր մի քանի փորձությունների: Առավել զարմանալին այն է, որ այս հատվածն ուղղակիորեն հետևում է այն մեծ փառքի տեսարանին, երբ Հիսուսը նոր էր մկրտվել Հորդանան գետում: Երբ Նա դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց, և Աստծո Հոգին աղավնու պես իջավ Նրա վրա. «Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթեոս 3.17):
Կարելի է մտածել՝ եթե Աստված այդքան հաճենում էր Հիսուսին, ինչո՞ւ Նա այդ ժամանակ Նրան տարավ անապատ՝ փորձվելու: Հիշենք, որ Հիսուսը մեր՝ հավատացյալներիս համար միակ կատարյալ օրինակն է: Հովհաննեսը գրում է. «...որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը» (Ա Հովհաննես 4.17): «Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15): Սուրբ Գրքի ուղերձն այն է, որ բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են, փորձությունների փորձառություն կունենան, ինչպես ունեցավ Հիսուսը:
Նմանատիպ փորձությունները գալիս են այն մարդկանց կյանք, ովքեր քայլում են Հոգով և հաղորդակցվում Տիրոջ հետ: Այնուամենայնիվ, երբ Սուրբ Հոգին մեզ տանում է անապատ, Աստված Իր մտքում արդեն ունի հավիտենական նպատակը: Բայց չսխալվես. Աստված մեզ երբեք չի գայթակղեցնում, սատանան է գայթակղեցնողը: «Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում»(Հակոբոս 1.13):
Հիսուսը չգայթակղվեց, քանի որ Նա արդար էր։ Նրա բոլոր գայթակղությունները հոգևոր բնույթ էին կրում: Նույնը վերաբերում է մեզ այսօր: Իսկապես, հոգևոր անձը հիմնականում գայթակղված չէ հարբելու կամ թմրանյութեր օգտագործելու ցանկությամբ, բայց նրա գայթակղությունները ավելի նման են Քրիստոսի հաղթահարած փորձություններին` Խոսքին չհնազանդվելը, Երկնային Հորից՝ ձեր կախվածությունը փորձարկելը:
Թույլ մի՛ տվեք, որ սատանան խլի ձեր օծությունը կամ խափանի ձեր կոչումը: Ամուր հենվե՛ք Աստծո Խոսքին և կհասնեք հաղթանակի ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org