Կոտրել անեծքի շղթաները
Ծննդոց 34-րդ գլխում մենք հետևում ենք Հակոբի ընտանիքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ նրա 12 որդիները ի վերջո հայտնի դարձան՝ որպես Իսրայելի 12 ցեղեր: Ղևին Հակոբի 12 երեխաներից մեկն էր, և նա Դինա անունով քույր ուներ:
Դինայի նկատմամբ բռնությունը դարձրել էր նրան ծաղրանքի առարկա այն աստիճան, որ այդ ծաղրանքը նրա վրայից հանելու համար Ղևին և Սիմեոնը մտան իրենց բնակության գյուղը և սպանությամբ վրեժ լուծեցին իրենց քրոջ համար: Երբ նրանք վերադարձան, Հակոբը շատ հիասթափվեց նրանց արարքից: Մի քանի գլուխ հետո, ինչպես տեսնում ենք, Հակոբը մահանում է: Այն ժամանակներում մինչ մահանալը ծնողը պետք է իր շուրջը հավաքեր իր երեխաներին՝ օրհնության խոսքեր նրանց ասելու համար:
Նա իր 12 որդիներից 10–ին օրհնության խոսքեր ասաց: Ղևիին և Սիմեոնի օրհնելու փոխարեն նա ասաց. «Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր, Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր. Կ’բաժանեմ նորանց Յակոբի մէջ, Եւ կ’ցրուեմ Իսրայէլի մէջ»(Ծննդոց 49.7): Եվ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անեծքը գործում է այնպես, որ Աստվածաշունչը շատ քիչ է նշում Ղևիի կամ Սիմեոնի ցեղի մասին հաջորդող հարյուր տարիների ընթացքում:
Վերջապես որոշ գլուխներ այն կողմ մենք կրկին տեսնում ենք Ղևիի ցեղի մասին հիշատակում: Մովսեսը բարձրացավ լեռան գագաթը տասը պատվիրանների համար, սակայն Աստված քանդեց տասը պատվիրանները, որովհետև երբ Մովսեսը իջավ լեռից, տեսավ, որ Իսրայելը ոսկե հորթ էր շինել: Նրանք պարում էին, ուրախանում և երկրպագում դրան: Մովսեսի սիրտը շատ ցավեց այն պատճառով, թե որքան անլուրջ էր ժողովուրդը վերաբերվում Աստծուն: «Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. Եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան» (Ելք 32.26):
Ղևիի ցեղի մարդիկ առաջինն էին, ովքեր դուրս եկան աշխարհիկությունից և կանգնեցին Աստծո ընտրյալ առաջնորդի և օրենքի կողքին:
Գիտե՞ք, թե ինչ ասաց Մովսեսը նրանց Սուրբ Հոգու ներգործությամբ: «Որովհետեւ Մովսէսն ասեց. Այսօր ձեր ձեռքը լցրէք Եհովայի համար հէնց ամեն մէկն իր որդու վերայ՝ եւ իր եղբօր վերայ, որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր» (Ելք 32.29):
Աստված ղևտացիներին դարձրեց քահանայական ցեղ՝ Նրան Իր տաճարում ծառայելու համար: Աստված կարող է կոտրել սերունդների անեծքն ու ցավը, եթե խոնարհվեք: Նրա հետ հարաբերություններ ստեղծե՛ք և խոնարհվե՛ք Նրա ճշմարտության առջև, և Նա կարող է փոխել ամեն բան:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org