Հնդկաստանի համար առավել հնագույն, վեհ խորհրդանիշ, քան Թաջ Մահալն է, չկա: Նրա պերճությունն ու շքեղությունը նրան դարձրել են աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից մեկը: Օրվա ընթացքում արևի ճառագայթների տարածումը կամ գիշերը լուսնային ճառագայթների արտացոլանքը. նրա նմանն իսկապես չկա:

Շինությունն ինքն իրենով սիրո պատմություն է, իսկ ահա ներսում ՝ մահվան պատմություն: Ակներև է, որ նրա գրավիչ ճարտարապետությունը միայն մի մասն է այն բանի, ինչն այս շինությանը դարձնում է պատմական հետաքրքիր ուսումնասիրություն, քանի որ այս շքեղաշուք դիզայնի հետևում առկա պատմությունն առավել հետաքրքաշարժ է: Մողոլ կայսրը՝ Շահ Ջահանը, ուներ շատ կանայք, ինչը սովորույթ էր այդ ժամանակի (1628) և իր հավատքի մեջ: Բայց նա ամենից շատ սիրում էր իր կանանցից միայն մեկին ՝ Մումթազ Մահալին: Նրանց վիճակված էր ամուսնանալ, երբ աղջիկն ընդամենը 14 տարեկան էր, իսկ տղան՝ 15 տարեկան: Մուղալի արքաների համար կազմակերպված ամուսնությունները ոչ միշտ էին վերածվում իրական սիրո, բայց նրանց միությունը բացառություն էր: Նա դարձավ կայսրի մշտական ուղեկիցը, և նա խորհրդակցում էր նրա հետ ինչպես անձնական, այնպես էլ պետական գործերի շուրջ: Նա կայսրի ամենամտերիմ և վստահելի խորհրդականն էր: Նրա բարեխոսությամբ նա ներում էր թշնամիներին կամ մահապատժի ենթարկում դատապարտվածներին: Նրա հանդեպ կայսեր վստահությունն այնքան մեծ էր, որ նրան տրվեց երկրի ամենամեծ, պատիվ վայելող կայսերական կնիքը՝ Մեհր Ուզազը, որը վավերացնում էր կայսերական հրամանագրերը: Բայց Մումթազ Մահալը մահացավ բավականին երիտասարդ և անսպասելի, երբ լույս աշխարհ էր բերում իրենց տասնչորսերորդ երեխային: Կայսեր վիշտն անհաղթահարելի էր:

Ի հիշատակ նրա հանդեպ իր ունեցած սիրո՝ Շահ Ջահանը հանձնարարում է կառուցել Թաջ Մահալը՝ որպես դամբարան իր սիրելի Մումթազի համար: Մինչ օրս էլ այն ներկայանում է որպես անավարտ սիրո մարմնավորում, իրենց ամուսնական անձնվիրության քարե պոեզիա: Անգլիացի բանաստեղծ Սըր Էդվին Առնոլդն այն բնութագրում է որպես «ոչ թե ճարտարապետության մի կտոր, ինչպես մնացյալ շինություններն են, այլ կայսեր սիրո հպարտ խանդավառությունը՝ դաջված կենդանի քարերի մեջ»:

«Կենդանի քարերն» այն է, ինչ Առնոլդը օգտագործում է նկարագրելու համար մարմարե զարդանախշը՝ նրանց մարմիններով հանդերձ։ Ամենացածր հարկը մտնելուն պես միանգամից զգացվում է մահվան շունչը և հասկանալի է դառնում, որ դա այն ամենն է, ինչ մնացել է «աշխարհի տիրակալից», ինչն էլ հենց «Շահ Ջահան» անվան բառացի թարգմանությունն է: Այս ընտանեկան պատմությունը կարճ տևեց, իսկ հարուստ Մուղալի կայսրությունը՝ ընդամենը 200 տարի: Հնդկաստանում գտնվող քարերն ու դամբարանները վկայությունն են այն փառքի, որը ժամանակին եղել է՝ սիրո և զորության, որ այժմ գտնվում է սառը մարմարի ներքո:

Հիսուս Քրիստոսի Ավետարանը նույնպես սիրո պատմություն է: Մի սիրո պատմություն, որ կար աշխարհի հիմնադրումից էլ առաջ, որը ներառում է գոյության ամբողջ պատմությունը, որը խոսում է անվերջանալի սիրո մասին, որում դու և ես երբևէ պատմված, ամենամեծ պատմության հերոսներն ենք: Պատմություն այնքան խորը սիրո մասին, որ Հայրը պատրաստակամ եղավ տալու Իր միածին Որդուն մեղսավոր աշխարհը փրկելու համար: Այս պատմության շշմեցնող ավարտը դատարկ գերեզմանն է, և հարուցյալ Քրիստոսը, ով հանդիսանում է այն հիմքը, որի վրա եկեղեցու իրական կենդանի քարերը կառուցում են հավիտենական արքայությունը: Մարդու կողմանե անմշակ քարեր, բայց հավերժական զոհաբերությամբ կերտված քարեր՝ Աստծո կատարյալ ծրագրի մեջ: Այս պատմությունն այնքա՜ն արևելյան հնչերանգ ունի, բայց դրա իմաստն այնքա՜ն համաշխարհային է:

Աստվածային՝ մեր հանդեպ ունեցած սիրո այս արքայությունը կդիմադրի ժամանակային և երկրային անցողիկ թագավորության բոլոր հարձակումներին: Ամենազորեղ Շինարարը սա թողել է որպես Իր սիրո վկայություն՝ Իր կողմից արարվածների համար:

Գ.Կ. Չեսթերթոնը շարադրեց այս հզոր բառերը որպես աղոթք և ներառեց այն օրհներգում.

Ո՛վ երկրի և խորանի Աստված,
Գլուխ ծռի՛ր և լսի՛ր մեր աղաղակը.
Մեր երկրային իշխանները երկմտում են,
Մեր ժողովուրդը շեղվում է և մեռնում:

Ոսկու պատերը մեզ խեղդում են,
Նվաստացնող սրերը բաժանված են.
Մի՛ հեռացրու մեզնից քո որոտմունքը,
Բայց հեռացրո՛ւ մեր հպարտությունը:

Սարսափ ուսուցանող ամեն բանից,
Լեզվի և գրչի ստերից,
Բոլոր անմիտ խոսակցություններից,
Որ մխիթարում են դաժան մարդուն,

Պատվի և Սրի վաճառքից և պղծությունից,
Քնից և անեծքից,
Փրկի՛ր մեզ, բարի՛ Տեր:

Կապի՛ր ապրեցնող շղթայով
Իշխանին, և՛ քահանային, և՛ ստրուկին,
Շղթայի՛ր բոլորիս կյանքը միասին,
Խրատի՛ր և փրկի՛ր մեզ բոլորիս:

Ցասումի և ցնծության մեջ
Բոցավառի՛ր հավատքով և ազատ անելով՝
Բարձրացրո՛ւ կենդանի ազգ,
Ինչպես մի սուր Քեզ համար:

Կենդանի Աստված կառուցում է կենդանի եկեղեցի, որի դեմ նույնիսկ դժոխքի դարպասները երբեք չեն կարող դիմադրել: Աստված է ամենակարկառուն «Շահ Ջահանը»: Նա իր հետևից ոչինչ չթողեց՝ ո՛չ ոսկոր և ո՛չ էլ շինություն: Նա սեր է: Նրա պատմությունը հավիտենական է:

Ինձ համար պատիվ է համագործակցել Աբդու Մյուրեյի հետ և անդրադառնալ այս տեսակ պատմական իրադարձությունների մեր համատեղ հեղինակային գրքում՝ «Տեսնելով Հիսուսին Արևելքից», որը շուտով լույս կտեսնի Զոնդերվանի կողմից (28 ապրիլի, 2020 թ.):

Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.