Մարկոս Ավետարանի 3-դ գլխում մենք տեսնում ենք, որ Հիսուսի շուրջը մեծ բազմություն էր հավաքվում: Նրանց գրավում էին հրաշքներն ու բժշկությունները, որ Հիսուսն անում էր:

Այնուամենայնիվ, Հիսուսը, տեսնելով այդ ամենը, հեռանում էր բազմությունից ու հանդարտ վայր փնտրում: Նա գնում էր սարը և Իր հետ վերցնում մի քանի հոգու: Նրանց, ում կանչել էր գլխավոր առաջնորդներ լինելու: Ընտրվածներին Նա անվանեց «առաքյալներ»: Մարկոսը գրում է.

«Եվ վեր ելավ սարը և իր մոտ կանչեց՝ որոնց որ ինքը կամեցավ. և նրա մոտ գնացին։ Եվ տասնևերկու հոգի կարգեց, որ իր հետ լինեն, և որ նրանց ուղարկի՝ քարոզելու. և նրանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու և դևերը հանելու» (Մարկոս 3.13-15):

Պետք է ուշադիր ուսումնասիրենք այս տեքստը՝ տեսնելու, թե ինչ նպատակով է Նա ընտրել այդ մի քանի հոգուն: Երբ կարդանք այս հատվածը, հավանաբար կանգ կառնենք այս խոսքերի վրա՝ «որ նրանց ուղարկի՝ քարոզելու. և նրանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու և դևերը հանելու»: Ինձ դուր է գալիս սա: Դուր է գալիս Հիսուսի կողմից ուղարկված լինելու գաղափարը: Դուր է գալիս ծառայության մասնիկ լինելը, որը կապ ունի գործելու հետ: Եվ շատերն են ցանկանում քարոզել, գնալ, տեսնել ինչ-որ բան, որ կատարվում է, տեսնել Աստծուն՝ գործի մեջ: Մենք զբաղված ենք Խոսքի այդ մասով:

Շատերը կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչ անեն կամ ինչ ազդեցություն կարող են ունենալ: Շատերս ծառայության արդյունավետության մասին սկսում ենք դատել՝ ըստ «աճող բազմության» սկզբունքի:

Բայց տարիների ընթացքում նորից ու նորից վերադառնալով այս հատվածին՝ ես սկսում էի վերընթերցել այն: Վերջիվերջո տեսա, որ բաց եմ թողել ամենակարևոր մասը. հենց այն պատճառը, որով Հիսուսը կանչեց այն տասներկուսին: Պատճառը, թե ինչու նա կանչեց ինձ և քեզ ծառայության մեջ:

14-րդ խոսք. «Եվ տասնևերկու հոգի կարգեց, որ իր հետ լինեն, և որ նրանց ուղարկի՝ քարոզելու»:

Ահա այն. Նա կանչեց տասներկուսին, որ Իր հետ լինեն: Սա առաջին կոչումն է: Նա կանչեց ինձ ու ամեն հավատացյալի՝ Իր հետ լինելու: Սա առաջին կոչումն է: Նա ցանկանում է, որ տասներկուսն Իր հետ լինեն: Ուղարկվելն ու հրաշքներ անելը երկրորդական են:

Ծառայության այս կոչը վերաբերում է ամեն հավատացյալի: Եվ նախևառաջ, դա կոչ է՝ Քրիստոսի հետ լինելու:

Յուրաքանչյուրս կանչված ենք որոշակի ծառայության մեջ: Հիմնային ճշմարտությունը նրանում է, որ ցանկացած ծառայություն սկսվում է «Նրա հետ» լինելուց: Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտներն Իր հետ լինեին: Ծառայության մեջ ազդեցություն ունենալու համար չի կարելի պարզապես գործեր կատարել: Ազդեցությունը գալիս է Նրա հետ լինելուց:

Այս օրինակը կա և Աստվածաշնչում: Մենք տեսնում ենք այն Մարթայի և Մարիամի օրինակով՝ Ղուկասի 10-րդ գլխում: Մարիամն ընտրում է Հիսուսի ոտքերի մոտ նստելը: Մարթան, ունենալով բարի նպատակեր, բաց է թողնում ծառայության առաջին քայլը: Նա զբաղված էր, իսկ Մարիամն ընտրել էր գլխավորը: Նա Հիսուսի ոտքերի մոտ էր: Սա նաև երևում է Սավուղի կյանքում, ով մեկնում է մարտի՝ առանց Աստծո ներկայության: Հետո աշակերտները, ովքեր չէին կարողանում դևերին քշել: Իսկ Հիսուսն ասում է նրանց, որ այդ ծառայությունը կարելի է կատարել միայն աղոթքով և ծոմով:

Ծառայությունը սկսվում է Հիսուսի ոտքերի մոտ:

Անկախ նրանից, թե ով եք դուք՝ եկեղեցու հովիվ, թե դասավանդում եք կիրակնօրյա դպրոցում, կամ փառաբանության մեջ եք, ամենակարևոր փորձառությունը Նրա հետ լինելն է: Եվ երբ մենք դուրս ենք գալիս այդ վայրից, մենք կենտրոնացած ենք արդեն Նրա վրա: Մենք կատարում ենք Աստծո գործը ոչ թե մեր ծրագրերով, այլ մեր երկրպագությամբ:

Նրա երեսը որոնելը, Նրա ներկայության մեջ կենալը. սրանք երկուսն էլ ծառայության սկիզբն են: Այնքան հաճախ մենք բաց ենք թողնում այս պահը: Շտապում ենք ծառայել, գնալ, գործել ու բաց ենք թողնում «բաղադրիչը», որը մեզ լցնում է զորությամբ և իշխանությամբ: Մեր մեծագույն կարիքը ծրագրված հաջորդ հանդիպումը չէ, այլ հերթական աղոթքը, սպասման, լսելու և Նրա հետ լինելու հանդարտ պահերը:

Ժամանակակից աշխարհում Հիսուսի հետ լինելն արդեն իսկ ծառայություն է:

Հիսուսի հետ լինելը և երկրպագությամբ լցված կյանքը ամենակարևոր դասերն են, որ ես սովորել եմ ծառայության երկար տարիներից հետո: Տասներկու աշակերտների կանչվելը սկսվում է Հիսուսի հետ լինելուց: Նրա ծրագիրը երբեք չի փոխվում:

Հեղինակ՝ Դենիս Խենդերսոն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.