Փակված ականջներով
Բրիտանացի քարոզիչ Չարլզ Սպերջենը միշտ ասում էր Աստվածաշնչյան քոլեջի ուսանողներին, որ ծառայողը երբեք չպետք է թույլ տա մարդկային կարծիքին կամ վերաբերմունքին շեղել իրեն աստվածային նախասահմանության իրագործման ճանապարհից:
Սպերջենը ոգեշնչում էր իր ունկնդիրներին ունենալ, ինչպես ինքն էր դա կոչում, «մեկ կույր աչք և մեկ խուլ ականջ», որպեսզի թույլ չտան մարդկանց՝ խանգարել իրագործել իրենց առաքելությունը:
Սպերջենը գրում էր. «Մենք չենք կարող փակել մեր ականջները, ինչպես մենք փակում ենք մեր աչքերը, որովհետև կոպեր մենք ունենք միայն աչքերի վրա, այնուամենայնիվ, մենք կարող ենք փակել մեր լսողական ուղիները, որպեսզի ոչ մի արգելված բան չկարողանա ներս մտնել»:
Բազում տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ կան որոշակի խոսակցություններ, որոնցից ես պետք է խուսափեմ: Բառերն ունեն ոգեշնչելու զորություն, բայց սխալ խոսքերը կարող են քանդել այն, ինչ տարիներ շարունակ կառուցում ենք:
Այսօր ամեն բան մեր շուրջը՝ հեռուստատեսությունը, հաղորդագրությունների ու թվիթերի անսահմանափակ քանակը, հակասական քաղաքական քննարկումները, ձևավորում են «գերարձագանքման» սերունդ: Բայց ամեն բան չէ, որ իմ արձագանքի կարիքն ունի:
Կան որոշ բաներ, որոնց վրա ես սովորում եմ ուշադրություն չդարձնել:
1.Մարդկանց վիրավորանքները
Որոշ մարդիկ, ում վիրավորել են 25 տարի առաջ, ոչ մի կերպ չեն հանգստանում, մինչև չի հաղթում իրենց արդարությունը, և նրանք խնդրում են ձեզ որոշում ընդունել, թե դուք ում կողմից եք: Հեռու մնացեք նման վեճերից: Դուք երդվյալ ատենակալ չեք և պարտավոր չեք նման որոշումներ կայացնել:
2. Դատարկ բամբասանքներ
Ինձ ցնցում են քրիստոնյաները, ովքեր վերապրելով Քրիստոսի սերն ու ներումը, շարունակում են կոպիտ կերպով վերլուծել այլ մարդկանց կյանքերը: Բամբասանքները սատանայի աշխատանքն են, իսկ դանակները, որոնցով նա մարդկանց կտոր-կտոր է անում, շատ կրոնավոր են երևում:
Մարդիկ, որպես «աղոթքի կարիքներ», շատ ժամանակ վերլուծում են զրպարտություններն ու հերյուրանքները տարբեր մարդկանց հասցեին: Բամբասկոտները միշտ պատրաստ են «ուռկանը նետել»՝ պատմել այն մասին, թե որտեղ են երիտասարդական հովվին տեսել անցած կիրակի, պատմել միսիս Ջոնսի բաժանության կամ պարոն Սմիթի հեղինակության մասին, կամ այն մասին, թե ինչպես անցած կիրակի հովվի կինը չժպտաց իրենց տեսնելիս: Անգամ մի էլ փորձեք այն «համեղ պատառները», որ նման մարդիկ առաջարկում են ձեզ ճաշակել, և ասեք, որ դուք բամբասանքներով չեք «սնվում»:
3. Երկրորդ կարգի կամ անառողջ քննադատություն
Ես միշտ փորձել եմ բաց լինել քննադատության հանդեպ, և եթե մեկն ուզում է խոսել իմ բացթողումների մասին, ես պատրաստ եմ լսել: Բայց եթե ես եկեղեցական «հեռակա ռադիոյի» միոջոցով լսում եմ, որ այս կամ այն մարդուն դուր չի եկել իմ քարոզը, կամ որ մյուսը համարում է, որ ես շատ կտրուկ էի, ես անգամ չեմ մտածի այդ մասին: Նախ, գուցե դա սուտ տեղեկություն է, մյուս կողմից էլ, եթե մարդիկ ցանկանում են ինձ քննադատել, ապա թող գան երեսիս ասեն դա: Այլ խոսքերով՝ ես չպետք է անհանգստանամ ամեն մեկնաբանության համար, որ ասվում է իմ հասցեին:
Վայրկյան անգամ մի ծախսեք՝ անհանգստանալով այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում ձեր վերաբերյալ: Մտածեք Աստծուն գոհացնելու մասին:
4. Կեղծ մեղադրանքներ
Եթե դուք ծառայությամբ եք զբաղված, ապա կա մեծ հավանականություն, որ ուշ կամ շուտ ձեզ կքննադատի մեկը, ով համարում է, թե ձեր հեղինակությունը փոշիացնելը իր հոգևոր պատասխանատվությունն է:
Դավիթ թագավորը վստահում էր Աստծուն այդ մարդկանց հետ հարցերի պարզումը, ովքեր հակառակվում էին իրեն: Նա պատասխանատվության չէր ենթարկում իր թշնամիներին: Մի եղեք այնքան խոցելի, որ հետևեք յուրաքանչյուրին, ում դուք դուր չեք գալիս: Ընտրեք գերագույն ճանապարհը և թույլ տվեք Աստծուն օգտագործել անգամ ձեր թշնամիներին՝ ձեր բնավորությանը շինություն տալու:
5. «Էկզոտիկ», բայց անպտուղ ուսմունքներ
Եվ այսպես, ես սովորել եմ չլսել քրիստոնեական խոսակցությունների մեծ մասը, որ քողարկվում է ճշմարտության անվան տակ: Մարդիկ սիրում են հարցնել ինձ. «Ի՞նչ եք կարծում այս կամ այն մարդու մարգարեության մասին, որ այսպես է լինելու»: Ես մշտապես փոխում եմ խոսակցության թեման:
Ես չեմ սիրում հոգևոր իմ մտածմունքները վատնել սին ենթադրությունների և անհիմն հայտնությունների վրա, որոնք աստվածաշնչյան հիմք չունեն:
Եթե մենք կենտրոնանանք այն ամենի վրա, ինչն իրապես կարևոր է և «անջատենք» մեզ շեղող ամեն բաները, ապա ավելի արագ կհասնենք այս աշխարհին Քրիստոսի համար:
Ջ. Լի Գրեյդի