Արցախի մասին պատկերացնելիս կամ խոսելիս, կարծում եմ, առաջին բանը, որ հառնում է աչքերի առջև, բոլորիս սիրելի «Պապիկ-տատիկի» հուշարձանն է:

Այն Արցախի ոչ պաշտոնական խորհրդանիշն է: Այս հոյակերտ հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»-ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Բայց առավել հայտնի է որպես «Պապիկ-տատիկ» (ժողովուրդն է այն ի սկզբանե անվանել «Տատիկ ու պապիկ»): Այն գտնվում է Ստեփանակերտ մայրաքաղաքի մուտքի մոտ՝ բլրի գագաթին: Հուշարձանը տեղադրվել է 1967թ., քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։

Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Արցախցիների միայն գլուխն է հողի վրա, իսկ նրա մարմինը, նրա արմատները շատ խորն են, այս լեռների մեջ են և երբևիցե նրան արմատախիլ անել, պոկել այս հողից հնարավոր չի լինի: Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

Ասվում է՝ այս կոթողը «առաջին հուշարձանն է աշխարհում՝ կառուցված երկարակեցության պատվին»:

Ինչպես նրան տրվել է երկակեցությանը ձոնված հուշարձան անվանումը, այնպես էլ թո՛ղ որ Արցախը հարատև կանգուն ու խաղաղ լինի անամպ երկնքի տակ, հայ ժողովրդի հետ ձեռք ձեռքի բռնած ու հպարտ, տոկուն ու Աստծո հովանու ներքո:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.