Աղավնիները նորից կթռչեն. թող աշխարհն իմանա, թե ինչպես եմ ես աղոթում Հայաստանի համար
Քանի որ իմ հայկական արմատներով ընտանիքը սգում է Արցախի համար, Հովհաննես 17-ը առաջարկում է ուղեցույց բոլոր քրիստոնյաներին` հաղթահարելու բոլոր հակամարտությունները:
«Աղավնիները նորից կթռչեն»:
Այս բառերը, որոնք գրված են Ծննդոց 8.4-ում, տեղադրված էին «Մենք ենք մեր սարերը» կոչվող մի լուսանկարի վրա, որում հրաբխային ժայռից պատրաստված հուշարձան կա՝ «Պապիկն ու տատիկը»: 1967 թ.-ի այս՝ Ստեփանակերտում գտնվող արձանը ճանաչված է որպես Արցախի հայկական ժառանգության խորհրդանիշ, որն ավելի հայտնի է՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ տարածաշրջան, որն ամերիկացիների մեծ մասը, հավանաբար, չի էլ կարող մատնանշել քարտեզի վրա: Այսօր այն դարձել է արյունալի մարտադաշտ, քանի որ մարտեր են ընթանում այդ հողի վրա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է մեկ դար առաջ՝ Ռուսական կայսրության անկումից հետո և կրկին վերածնվել Խորհրդային Միության փլուզումից հետո: Պատմությունն ու քաղաքականությունը, որոնք ներքաշված են այս ճակատամարտի մեջ, շատ ավելի բարդ են, քան ես կարող եմ բացատրել կամ նույնիսկ հասկանալ: Այնուամենայնիվ, ես հասկանում եմ իմ ժողովրդի ցավը, վիշտը և հուսալքությունը:
Ես Կանադայում ծնված հայ եմ, ով 1915-1923 թվականներին Թուրքիայում ապրող 1,5 միլիոն հայերի ցեղասպանության ժամանակ նախապապեր է կորցրել: Պատմականորեն Հայաստանը կորցրել է ոչ միայն մեծ թվով մարդկանց, այլ նաև ժամանակին իրեն պատկանող հողերի մեծ մասը: Հնագույն ժողովուրդը, որը ժամանակին մեծ կայսրություն էր, վերածվել է մի փոքրիկ տարածքի, որը ժամանակին ընդգրկում էր Արարատ լեռը՝ Նոյի տապանի իջնելու վայրը:
Facebook- ում տեսած հրապարակման երկար վերնագրում ասվում էր, որ «պահապանները ամուր են պահում Նոյի երկիրը»: 2013թ-ին ես կանգնած էի Հայաստան-Թուրքիա սահմանից մի քանի մղոն հեռավորության վրա՝ նայելով Արարատ լեռանն արցունքն աչքերիս: Ինչպիսի՜ կորուստ ունեցավ այն երկիրը, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես իր պետական կրոն և առաջիններից մեկը, որ թարգմանեց Աստվածաշունչը:
Իմ ընտանիքը Հայաստանում միսիոներական աշխատանք է կատարում 2008 թ.-ին հայրիկիս կատարած առաջին ուղևորությունից ի վեր: Մենք այնտեղ ունենք շատ սիրելիներ, ովքեր ներկայիս ճգնաժամի ընթացքում կապի մեջ են եղել մեզ հետ: Հայաստանում մեր ընկերների և ընտանիքի անդամների մեծ մասը տարիներ շարունակ ապրել են ծանր դրության մեջ: COVID-19-ը վատթարացրեց իրավիճակը: Չկարողանալ աշխատել նշանակում է չունենալ վարձակալության գումար, չունենալ մթերք, չունենալ դեղամիջոցներ, չունենալ ավտոբուսի ուղևորավճար: Կարո՞ղ էր ամեն ինչ ավելի վատ լինել: Այո՛, շատ ավելի վատ:
Հորս զարմիկներից մեկի որդին արդեն բանակում է, իսկ այժմ նրա փեսան, տանը նորածին երեխա ունենալով, զորակոչվել է: Մի քանի ընկերներից մենք արդեն լսել ենք ընտանիքի և եկեղեցու 19 տարեկան անդամների մահվան մասին, ովքեր ուղարկվել էին Ղարաբաղ պատերազմելու: Այսպիսի աշխարհում ենք մենք ապրում, որտեղ իշխանության մեջ գտնվող մարդիկ խաղում են քաղաքական խաղեր, մինչ խաղաղ բնակիչները զոհում են իրենց կյանքերը:
Ես առանձնացրել եմ չորս նկատառում այս պատերազմի հետ կապված.
Անտարբերություն. Տեղեկատվության և ժամանցի գերբեռնվածությունը, զուգորդված կարևորության ու զբաղվածության պատրանքի հետ, ստիպում են ինձ ցանկանալ մնալ իմ անվտանգ «վանդակի» մեջ՝ ապրելով այլ մարդկանց տառապանքների ժխտումով: Երբ ես ուշադրություն եմ դարձնում և իմանում նրանց վիճակի մասին, ուզում եմ ինչ-որ բան անել, ինչը խաթարում է իմ հարմարավետ ապրելակերպը: Իմ «անվտանգ» տարածքից դուրս գտնվելը խանգարում է անտարբերության մեջ լինելուս:
Հուսահատություն. Ամեն անգամ, երբ Հայաստանից նոր լուրեր ենք ստանում, մայրիկիս աչքերն արցունքով են լցվում, իսկ կեցվածքը՝ դառնում անհանգիստ: Ուրիշների նկատմամբ զգայունությունը պետք է մեր մեջ զգացմունքներ արթնացնի, բայց փափուկ սիրտը երբեք չպետք է խուճապի և վախի մատնվի: Այդպիսի պահերին մայրս միշտ դիմում է աղոթքին և հարցնում, թե ինչպես կարող է օգնել, բայց մենք տեսել ենք նաև, թե ինչպես են ուրիշները հուզականորեն կոտրվում կամ շուտափույթ որոշումներ կայացնում, որոնք կարող են վտանգել կյանքեր կամ հանգեցնել միջոցների սխալ կառավարման: Վստահելով Աստծո՝ միջամտելու և առաջնորդելու կարողությանը՝ վախը միշտ մնում է հեռվում:
Դառնություն. Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է ներենք մեր թշնամիներին: Բայց նույնիսկ դա իմացող հայերի շրջանում թուրքերի նկատմամբ մնացորդային դառնություն կա անցյալ և ներկա անարդարությունների համար: Ես դա անընդհատ տեսնում եմ սոցիալական լրատվամիջոցների գրառումներում և մեկնաբանություններում. զայրույթ, որը գերազանցում է հավատարմությունը մեր հողին և մշակույթին: Հաշվի առնելով մեր ցավալի պատմությունը՝ դա հասկանալի է, սակայն քրիստոնյայի սրտում ատելությունը չպետք է տեղ ունենա:
Կարեկցանք. Իմ ընկեր Էմման, ով հազիվ է ծայրը ծայրին հասցնում Երևանում, հատկապես այն ժամանակ, երբ աշխատավարձերը հետաձգվում են ամիսներով, մի քանի ամիս առաջ կորցրեց մորը: Նա դժվարանում է քայլել ծանր վիրահատության պատճառով և թույլ տեսողություն ունի: Ու անկախ իր կարգավիճակից Էմման ընդունում է արցախցի ընտանիքների՝ փոքր երեխաների և մայրերի, ովքեր ապաստանելու տեղ չունեն կամ նրանց համար այլ հյուրընկալ ընտանիքներ է գտնում: Էմման ընդամենը յոթ տարի է, ինչ հետևում է Քրիստոսին, նա ծառայում է յուրաքանչյուր մարդու, ում հանդիպում է, ինչպես որ Հիսուսը կաներ:
Ամեն անգամ, երբ տեղի են ունենում բնական աղետներ, ահաբեկչություններ կամ անարդարություններ, ամբողջ աշխարհի անհապաղ արձագանքն է կարծես դառնում հեշթեգը՝ «#», օրինակ՝ «# աղոթք այսինչ երկրի համար» և այլն: Առաջին հայացքից դրանք կարծես կոչեր են, սակայն զարմանում եմ, թե ի վերջո որքանո՞վ են դրանք օգտակար:
Ինչի՞ համար աղոթել: Ինչպե՞ս աղոթել: Արդյո՞ք տեսնում ենք Աստծուն որպես Գերբնական Ուժ, Ով կիրագործի մեր աղոթքները:
Մենք ակնկալո՞ւմ ենք, որ Աստված խաղաղություն կբերի աշխարհում, կազատի մեզ խնդիրներից ու ցավերից: Արդյո՞ք մեր աղոթքները տալիս են մեզ խաղաղության զգացողություն և արդյո՞ք մենք չենք մտածում, որ ավելի լավն ենք, քան մյուս կողմի մարդիկ (չեմ կարող չհիշել այն փարիսեցուն, ով շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ նման չէ հարկահավաքին, ով քիչ այն կողմ ծեծում էր իր կուրծքն աղոթելիս): Արդյո՞ք Աստվածաշունչը մեզ ասում է, որ աղոթենք խաղաղության համար: Ի՞նչ են ցույց տալիս մեր աղոթքները մեր սրտերի վիճակի մասին:
Ես ինքս ինձ էի այս հարցերը տալիս հասկանալու համար, թե ինչպես աղոթել այս պատերազմի ժամանակ, որ մտել է բոլորիս տուն: Այս հանելուկներն ինձ մղում են դեպի Հովհաննես 17 գլուխ՝ որպես բարեխոսական աղոթքի կատարյալ օրինակ:
Ձերբակալությունից ու խաչելությունից առաջ Հիսուսն աղոթեց Իր և Իր աշակերտների, բոլոր հավատացյալների համար:
Նրա աղոթքը վերաբերում էր հատուկ կարիքների, և Նրա խնդրանքները համընկնում էին Աստծո Խոսքին ու կամքին, այլ ոչ թե Իր կամ շրջապատող մարդկանց ու մշակույթի ցանկություններին: Նա աղոթում էր ոչ թե ամբողջ աշխարհի համար, այլ Իր հետևորդների, նրանց միասնության, ուրախության համար, չարից պաշտպանվելու համար, նրանց սրբացման և նրանց վկայության համար: Նա աղոթում էր, որպեսզի քրիստոնյաները միավորված լինեն, ոչ թե նրանց կյանքը լինի հարմարավետ և առանց խնդիրների, այլ որ նրանք կարողանան դիմակայել հալածանքներին, ոչ թե բանավիճեն քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ, այլ ճանաչեցնեն աշխարհին Աստծո սերը և որ Նա ուղարկել է Հիսուսին (Հովհ. 17.23):
Սա պետք է լինի առանցքային նպատակ յուրաքանչյուր աղոթքի, յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր հավատացյալի և յուրաքանչյուր խոսքի համար: Ոչի՛նչ ավել ու ոչի՛նչ պակաս դրանից: Ինչ էլ որ անենք, պետք է լինի Հիսուսի անունով, այլ ոչ թե մեր երկրի, ցեղի, դավանանքի կամ քաղաքական կուսակցության անունով: Հիսուսը երբեք չի խնդրել իր հետևորդներին աղոթել խաղաղության հաստատման համար: Նա ասաց. «Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր»(Մատթեոս 10.34) և «Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք»(Ղուկաս 12.51): Մատթեոս 24.6–7 -ում Նա Իր աշակերտներին ասաց, որ չանհանգստանան պատերազմի իրականությունից, նույնիսկ անհրաժեշտությունից: Մենք, միգուցե, կոչված չենք աղոթելու աշխարհի խաղաղության համար, բայց մենք կոչված ենք խաղաղ ապրելու (Եբրայեցիս 12.14), խաղաղություն ունենալու Տիրոջ մեջ (Հովհ. 16.33, Հռոմ. 5.1)՝ աշխարհին մատնացույց անելով Խաղաղության Իշխանին (Բ Կորնթացիս 5.20):
Ես նախ պետք է աղոթեմ, որ սիրտս ուղիղ լինի Աստծո առաջին և պատրաստ լինեմ սիրել իմ մերձավորին և իմ թշնամուն անկախ նրանից, թե դա ինչ է արժենում ինձ: Ես պետք է մտածված և անկեղծորեն աղոթեմ մարդկանց համար, ում ես գիտեմ և ովքեր ազդված են այս իրավիճակից: Ես պետք է աղոթեմ, որ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում հավատացյալները հավատարիմ և համարձակ մնան և որ Արևմուտքի հավատացյալները արթնանան և ճանաչեն ամեն օր ընթացող հոգևոր պատերազմը, որը հենց իրենց տներում և համայնքներում է:
Այսպիսի պատերազմները տեղի են ունենում հազարամյակներ շարունակ: Մենք չենք կարող դրանք դադարեցնել: Բայց մենք կարող ենք աղ ու լույս լինել մեզ շրջապատող աշխարհի համար և արձագանքել նման իրավիճակներին Քրիստոսի նման՝ իմաստությամբ, կարեկցանքով, սիրով ու գթասրտությամբ:
Հեղինակ՝ Անն-Մարգարեթ Հովսեփիան
Աղբյուրը՝ christianitytoday.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը