Դժվար է հավատալ, որ Հայաստան աշխարհում, ուր չկա ծով, կարելի է հանդիպել ընդհատակյա հրաշքի, բայց ոչ թե բնությամբ կերտված, այլ մարդու ձեռքի ու մտքի աշխատանք, որը Սովետական իշխանության թեթև ձեռքով դարձել է ջրասույզ:

Խոսքը գնում է Սյունիքի մարզի Տոլորս գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին, որն արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, իսկ մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով:

Տոլորս գյուղը

Տոլորսը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում։ Գյուղի մասին հիշատակության հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի մոտ, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ  մոտավորապես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։ Սա նշանակում է, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներից՝ բրոնզե դարաշրջանից առնվազն։ Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։

Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 450 մարդ, ինչն աճել է  համեմատած 2001 թվականի մարդահամարից (406)։

Խորհրդային իշխանությունները և գյուղը

1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն (որը ևս ջրի տակ է մնացել)  ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։

Տոլորսի ջրամբարը

Տոլորսի ջրամբարը ՀՀ Սյունիքի մարզում է՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմնական կարգավորող ջրամբարներից է։ Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց սուրբ Հռիփսիմե են այցելում՝ անգամ քայլելով հնարավոր է եկեղեցի մտնել ու խոնարհված սուրբ Հռիփսիմեում աղոթել Աստծուն: Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորսի հին գյուղատեղին ու սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին:

1971 թվականից, երբ Տոլորս և Աշոտավան գյուղերի տեղում կառուցվել է ջրամբար, եկեղեցին ջրասույզ է: Տոլորսցիները հույսը չեն կորցնում, որ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։

Նկարները՝ armeniasputnik.am-ի

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.