«Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը»։ Բ Պետրոս 1.5-7

Արդյո՞ք լինում են պահեր, երբ դու կասկածում ես, որ քո աղոթքները երբևէ կպատասխանվեն: Դու մշտապես արե՞լ ես այն ամենը, ինչ ունակ ես ու կարող անելու: Աղոթքի հետաձգված պատասխանը ամենատարածված փորձություններից մեկն է, որն անգամ ճաշակում են Աստծո ամենասուրբ զավակները:

Հավատքի մասին քարոզող քարոզիչներն ու ուսուցիչները մեզ քաջալերում են ակնկալել հրաշքներ և պատասխաններ մեր բոլոր աղոթքների համար, և դա լավ է: Մենք հուսահատության պահին պետք է հիշենք հավատքի զորության մասին, բայց մեր հավատքը չպետք է վախենա ուսումնասիրել աստվածաշնչյան այն հատվածները, որոնք վերաբերում են Աստծո հետաձգումներին, Նրա լռության եղանակներին և նույնիսկ նրա ինքնիշխանությանը, երբ գործում է առանց մարդուն բացատրություն տալու:

Մենք Խոսքում տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ Աստված չէր պատասխանում խնդրանքին՝ անկախ նրանից, թե որքան անգամ էր իրենից խնդրվում կամ որքան մեծ էր հավատքը: Օրինակ՝ Պողոսը չկարողացավ ազատվել իրեն համակած մարտահրավերից՝ չնայած ջանասիրաբար աղոթում էր. «Ես երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձանից հեռանա» (Բ Կորնթացիս 12.8):

Պետրոսը նախազգուշացրեց, որ հավատքը չպետք է միայնակ մնա. «Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը։ Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը»(Բ Պետրոս 1.5-8): Հավատքն առանց համբերության, առաքինության և ինքնատիրապետման դառնում է եսակենտրոն և անհավասարակշիռ:

Նմանապես Պողոսն աղոթում էր, որ ինքն ավելին էր ուզում, քան ազատությունն է փշոտ մոլախոտից, քան հաջողությունն է. Նա ուզում էր Քրիստոսին: Պողոսը գերադասում է տառապել, քան ուրանալ Աստծո զորությունը. «Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (2 Կորնթացիներ 12.9-10):

Աստված ցանկանում է տեսնել Իր շնորհի աշխատանքն՝ ավարտված քեզանում, երբ ավելի շատ ես փնտրում Նրան: Նա քեզ սիրում է շատ ավելի, քան կարող ես պատկերացնել, և քո ոչ մի սպասում չի կարող համեմատվել քեզ սպասվող փառքի հետ:

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.