Սուրբծննդյան պատրաստություն. Մարգարեթ Մենինգ Շուլ
Սուրբծննդյան տոնը նախապատրաստություների շրջան է: Մենք զարդարում ենք մեր տունը, պատրաստում հատուկ ուտեստներ, նվերներ գնում, քանի որ անհամբերությամբ սպասում ենք սուրբծննդյան առավոտին: Գլխավորապես մենք զբաղված ենք նախապատրաստական աշխատանքներով՝ այն ուրախության ակնկալիքով, որը գալիս է սուրբծննդյան օրվա գալուն պես: Բայց Քրիստոսի գալստյան քրիստոնեական շրջանը, որն ավարտվում է Հիսուսի ծննդյան տոնակատարությամբ, կարիք ունի բոլորովին այլ կերպով պատրաստման:
Առաջին հերթին կոչ է արվում քրիստոնյաներին նախապատրաստել իրենց սրտերը ապաշխարությամբ Տիրոջ օրվա համար, քանզի անհամբերությամբ սպասում ենք ոչ միայն մանուկ Հիսուսի ծննդյան տոնակատարությանը, այլ նաև Մեսիա արքայի հրաշափառ երկրորդ գալստյանը: Հինկտակարանյան մարգարեներն ավետում էին Մեսիայի մասին, Ով սկսելու էր Աստծո արքայության ամբողջականացման գործընթացը: Մաղաքիա մարգարեն գրել է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. Ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։ Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ նորանք կլինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար։ Եւ ընդունելի կլինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. Ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին»:
«Տիրոջ գալստյան օրը» հեղաշրջող մաքրություն է տիրելու: Զտիչ կրակի պես, որն այրում է թանկարժեք մետաղների աղտոտվածությունը, Տերը զտելու է Իր ժողովրդին ու հաստատելու է արդարությունը: Արձագանքելով այս մարգարեական խոսքին՝ հարյուրավոր տարիներ անց Հովհաննես Մկրտիչը կոչ արեց ժողովրդին «պատրաստել Տիրոջ ճանապարհը»: Հովհաննեսը կոչ արեց պատրաստվել ապաշխարությամբ, ինչպես ասում էին Եսայիայից մինչև Մաղաքիա եղած բոլոր մարգարեները. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղղե՛ք Նրա ուղիները»:
Ինչպես Եսայիան էր ներկայացնում, ապաշխարությունը ճանապարհ էր պատրաստում եկող Մեսիայի համար: Մեսիան եկավ՝ որպես զտիչ կրակ և որպես օրենք՝ անարդար դատաստանում արդարություն հաստատելու համար:
Դիտրիխ Բոնհոֆերը ափսոսանք հայտնեց ապաշխարության պատրաստման այս կորած թեմայի շուրջ խոսելիս, երբ 1928 թվականին քարոզում էր գալիք Ծննդյան տոների մասին.
«Ուշագրավ է, որ մենք խոսում ենք Աստծո երկրորդ գալստյան մասին այնքան հանգիստ կերպով, մինչդեռ նախկինում ժողովուրդները դողում էին աստվածային այդ օրվա մասին խոսելիս... Մենք այնքան սովորական ենք դարձրել աստվածային սիրո մասին խոսելը և սուրբծննդյան գաղափարը, որ մենք այլևս չենք զգաստանում մտքից, որը Տիրոջ երկրորդ գալուստը պետք է առաջացնի մեր մեջ: Մենք անտարբեր ենք դարձել այս ուղերձի նկատմամբ, որից առանձնացրել ենք միայն հաճելին, և մոռացել այն լուրջ հիմնակետը, որ Աստված աշխարհի բոլոր մարդկանց աստիճանաբար մոտեցնում է հենց այդ կետին: Աստծո գալուստը իսկապես ոչ միայն ուրախալի լուր է, այլև առաջին հերթին սթափեցնող՝ յուրաքանչյուր խիղճ ունեցող մարդու համար: Միայն այն ժամանակ, երբ մենք իրապես կընկալենք իրողության սահմռկեցուցիչ պատկերը, կարող ենք ճանաչել անզուգական բարությունը: Աստված կանգնեց չարիքի և մահվան շուքի ձորում։ Նա դատապարտում է չարիքը մեզանում և աշխարհում: Եվ դատելով՝ Աստված մաքրում և սրբացնում է մեզ՝ անելով դա շնորհով ու մեծ սիրով»:
Սուրբծննդյան օրերը նախատեսված են սրտերն ապաշխարության միջոցով պատրաստելու համար, քանի որ Տերը կրկին գալու է աշխարհ՝ այն արդարությամբ դատելու: Նմանապես մարգարեները ևս պատրաստում էին իրենց սրտերն ապաշխարությամբ՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի Աստծո աշխարհ գալուն: Նման ապաշխարությունը վախի կամ ամոթի մեջ չի թողնում մեր սպասումը: Փոխարենը, Աստծո երկյուղով ապաշխարությունը հույսի ճանապարհ է պատրաստում. հույս, որ Աստծո արդարությունն ու ողորմությունը միավորված են Հիսուսի մեջ: Եսայիան ներկայացնում էր ապաշխարության հուսադրող արդյունքը. «Մարդը կտեսնի Աստծո փրկությունը .... Հովվի պես Նա Իր հոտը կխնամի, Իր բազկի մեջ կհավաքի Իր գառներին և կուղղորդի դեպի Իրեն: Նա հոգատարությամբ կառաջնորդի Իր գառներին»(Եսայիա 40.5-11): Աստված, Ով կդատի աշխարհն արդարությամբ, նույն Աստվածն է, ով Հովվի պես համախմբում է Իր ժողովրդին ու հոգատարությամբ խնամում Իր հոտը:
Սուրբծննդյան տոները պահանջում են նախապատրաստվել ապաշխարությամբ: Դա ապաշխարություն է, որը բացահայտում է կյանքի փոփոխության անհրաժեշտությունը: Դա ապաշխարություն է, որը հույս է բերում՝ այլ նախապատրաստություններով զբաղված մշակույթի մեջ. ապաշխարություն, որը հույս է ծնում Աստծո սիրառատ արդարության մասին:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը