Սիրելի՛ ծնողներ, ձեզ ենք առաջարկում հետաքրքիր սուրբծննդյան խաղեր երեխաների հետ: Այս ժամանակահատվածը լավ հնարավորություն է ընտանիքի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենալու, միմյանց վայելելու, մտերմանալու և երեխաներին ևս մեկ անգամ ուրախացնելու համար:

Խաղ «Ինչո՞վ է հայտնի թիվը»

Թղթերի վրա նախապես գրել թվեր: Թղթերը դասավորել սեղանի վրա կամ ինչ-որ պարկի մեջ դնել: Մասնակիցները հերթով վերցնում են քարտերը և փորձում կռահել, թե տվյալ թղթի վրա գրված թիվն ինչո՞վ է հայտնի, Աստվածաշնչում ո՞ր պատմության մեջ է հիշատակվում:

Օրինակ՝ թիվ 3 դեպքում կարելի է հիշել 3 մոգերին, Պետրոսի ուրացումը և աքաղաղի 3 անգամ կանչելը և այլն: 7 թվով քարտի դեպքում կարելի է հիշել արարչագործության 7 օրերը, ծիածանի 7 գույները և այլն:

Ցանկալի է նախապես ընտրել այնպիսի թվեր, որոնք հարմար կլինեն ընտանիքի բոլոր անդամների տարիքին:

Խաղ «Վիկտորինա երեխաների համար»

Հարցերը.

1. Ե՞րբ են Հայաստանում նշում Սուրբ Ծնունդը (հունվարի 7)

2. Ի՞նչ են դնում մարդիկ սովորաբար տոնածառի տակ (նվերներ)

3. Քանի՞ տառ կա «Սուրբ Ծնունդ» բառակապակցության մեջ (9 տառ)

4. Ի՞նչ էր Մանկան անունը, ում ծնունդը մենք նշում ենք Սուրբ Ծնունդին (Հիսուս)

5. Ինչո՞ւ է հաճախ սուրբծննդյան բացիկների վրա նկարված կենդանիներ (որովհետև Հիսուսը ծնվեց մսուրում)

6. Քրիստոսի մայրիկի անունն ի՞նչ էր (Մարիամ)

7. Ո՞ւմ ասացին հրեշտակները, որ ծնվել է Փրկիչը (հովիվներին)

8. Ինչպե՞ս իմաստուն մոգերն իմացան, որ ծնվել է նոր Թագավոր (նրանք նոր աստղ տեսան երկնքում)

9. Ո՞ր քաղաքում ծնվեց Հիսուսը (Բեթլեհեմ)

10. Ո՞ր գրքի մեջ է պատմվում Սուրբ Ծնունդի մասին (Աստվածաշունչ)

11. Ասա՛ մեկն այն նվերներից, որ մոգերը նվիրեցին Մանուկին (զմուռս, կնդրուկ, ոսկի)

12. Ինչի՞ վրա էին ճանապարհորդում մոգերը (ուղտերի)

13. Ինչո՞ւ էին Մարիամն ու Հովսեփը գնացել Բեթլեհեմ (մարդահամարի մասնակցելու համար):

Խաղ «Զանգակներ»

Ծնողները կարող են պահել սուրբծննդյան ինչ-որ իրեր (հրեշտակ, սուրբծննդյան կոնֆետներ, կենդանիներ, աստղ): Երեխաները մտնում են հյուրասենյակ և սկսում են քայլել: Ծնողները երգում են «Թո՛ղ հնչեն զանգերն ի լուր» երգը: Որքան մոտենում են պահված նվերներին, այնքան ավելի բարձր են երգում, որքան հեռանում են, հետևաբար ձայնը ցածրացնում են: Երբ գտնեն պահված նվերները, երեխաները պետք է ներկայացնեն իրերի խորհուրդները:

Խաղ «Բեմադրել պատմությունը»

Թղթերի վրա գրել մի քանի սուրբծննդյան պատմության դրվագներ (մոգերի երկրպագությունը, հրեշտակը և հովիվները, հրեշտակը և Մարիամը, Հիսուսը մսուրում): Ընատիքը բաժանվում է թիմերի (կարելի է ամեն բեմադրության համար թիմերի կազմը փոփոխել) և բեմադրում է սուրբծննդյան պատմությունը, որ գրված է թղթի վրա: Շատ զվարճալի և ուսանելի խաղ կստացվի:

Խաղ Սուրբծննդյան խաչբառ

Կարող են խաղալ 7 տարեկանից բարձր ընտանիքի անդամներով:

Անհրաժեշտ է թուղթ, գունավոր գրիչներ կամ մատիտներ: Ամեն մասնակից կարող է ունենալ իր գույնը:

Թղթի մեջտեղում սև մարկերով գրվում է ՍՈՒՐԲԾՆՈՒՆԴ բառը: Եվ փորձում են կազմել յուրահատուկ սուրբծննդյան խաչբառ: Պետք է հիշել խաչբառի հիմնական կանոնը՝ չի կարելի հորիզոնական գրված բառի տակը գրել նոր բառ, պետք է բաց թողնել առնվազն մեկ տառ: Սա վերաբերում է նաև ուղղահայաց բառ կազմելուն՝ գոնե մեկ տառ պետք է բաց թողնել, նոր կազմել բառ: Բառերը պետք է անպայման կապված լինեն Սուրբ Ծնունդի կամ տոնի հետ:

Խաղը կարելի է խաղալ, որքան կցանկանաք: Հաղթող կարող է դառնալ նա, ով ավելի շատ բառեր կառաջարկի:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.