Պատերազմե՞լ, թե՞ թաքնվել
Պատերազմը կյանքի անբաժանելի մաս է դարձել, երբեմն ազգը ազգի դեմ, երբեմն մարդը մարդու դեմ, իսկ ավելի հաճախ՝ ինքդ քո դեմ:
Այս անգամ հրամանատարը վերջին խորհուրդներն էր տալիս պատերազմի դաշտ դուրս եկող զինվորներին՝ նրանց խիզախություն, տոկունություն, հավատ՝ սեփական ուժի նկատմամբ և իմաստություն քարոզելով:
– Երբեք թշնամուն թույլ չտաք մտնել ձեր տարածք, հիշեք, պատերազմի դաշտում նրանց նպատակը ձեր սահմանները գրավելն է և ձեզ ամբողջովին տիրելը, նա ամեն խորամանկ քայլի կդիմի այդ ցանկությունն իրագործելու համար, միշտ արթուն եղեք, մոռացեք քնի մասին, կհանգստանաք, երբ արդեն ձեր հոր տանը լինեք, այստեղ պատերազմեք ձեր հանգիստը ստանալու համար, չվախենաք, միշտ խորագետ եղեք, ձեր զենքերը միշտ ձեզ մոտ պահեք, առանց զենք չեք կարող կռվել:
Բոլորն ուշադիր լսում էին հրամանատարի խոսքերը, բայց մի զինվոր կար, ով թաքնվել էր ընկերների հետևում ու քնել էր, նա բազմիցս լսել էր այդպիսի խոսքեր ու այս անգամ նախընտրեց անուշ քունը:
Առավոտյան զինվորական մեքենան արդեն սպասում էր, մեքենա նստեցին ու դիրքեր բարձրացան: Հրամանատարը ուշադիր զննում էր ծույլ զինվորին, իսկ հետո սկսեց խոսել.
– Պատերազմի դաշտում արթուն եղիր, հիշիր, որ ամեն պահի կարող ես օգնության կանչել ինձ, թշնամուն քեզ մոտ չթողնես:
Տեղ հասնելուն պես կրակոցներ սկսեցին: Բոլորը լավ գիտեին իրենց անելիքները, զենքերը վերցրեցին և՝ ի մարտ: Ծույլ զինվորը գնաց վերցնելու իր զենքերը, սկսեց փնտրել, բայց ոչինչ էլ չգտավ: Նա քնած էր եղել այն ժամանակ, երբ հրամանատարը հրամայել էր զենքերը մեքենայի մեջ դնել, իսկ հետո նույնիսկ չէր էլ հիշել այդ մասին: Սակայն ի՞նչ կարող էր նա անել առանց զենք:
Տեղանքը լավ գիտեր, վազեց ու թաքնվեց: Հաջորդ օրը հաղթանակի բարձր ձայներով վերադարձան զինվորները: Պատերազմը շարունակվում էր երկար ժամանակ, հրամանատարը միշտ վերադառնում էր հաղթանակներով, սակայն ծույլ զինվորը սովորել էր թաքստոցի տեղը և զերծ էր մնում իր մասնակցությունն ունենալ այդ հաղթանակների մեջ:
Ժամանակ անցավ, պատերազմն ավարտվեց, եկավ այն պահը, երբ բոլորը գնալու էին իրենց հոր տուն: Հրամանատարը կանգնեցրեց բոլորին, որպեսզի պարգևատրի մեդալներով: Նա անցնում էր շարքերով և հասնելով ծույլ զինվորին՝ ուղղակի անցավ: Զինվորը նայեց նրան ու ասաց.
– Ինձ մոռացար, հրամանատա՛ր, որտե՞ղ է իմ մեդալը, ես միշտ ձեզ հետ էի:
– Լինել պատերազմի դաշտում՝ չի նշանակում լինել զինվոր և կռվել, ես քեզ չեմ ճանաչում, դու իմ զինվորների մեջ չես եղել…
«Պատերազմիր հավատքի բարի պատերազմը, պահիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ» (Ա Տիմոթեոս 6.12):
Առանց Աստծո սպառազինության դու չես կարող հաղթել սատանային. դու կարող ես թաքնվել, երբեմն շրջանցել, բայց ոչ երբեք հաղթել, իսկ այդպես հակառակորդը կտիրանա քո սահմաններին և քեզ:
Հեղինակ՝ Հասմիկ Ղազարյան