Ծնողներիս սերը փրկեց ինձ... Ոգեշնչող պատմություններ Նիք Վույչիչի կյանքից
Նիք Վույչիչի կյանքը սիրո մի ուղերձ է, որով նա կիսվում է հազարավոր մարդկանց հետ իր քարոզարշավների ժամանակ: Նրա քարոզները ոգեշնչում են և պատասխաններ տալիս: Մենք ընտրել ենք ձեզ համար 5 հիասքանչ պատմություններ մի մարդուց, ով ունի մեծ սիրտ և ուժեղ հոգի:
Աղջիկը, ում հետ ոչ ոք չէր խոսել սիրո մասին
Ես հասկացա, որ կլինեմ քարոզիչ, երբ համալսարանում իմ առաջին ելույթի ժամանակ ինձ մոտեցավ մի աղջիկ և ասաց. «Գիտես, ոչ ոք երբևէ ինձ չէր ասել, որ ես գեղեցիկ եմ, և որ սիրում է ինձ»: Այդժամ ես հասկացա, որ պետք է դառնամ մեկը, ով մարդկանց է տանում բարի լուրը՝ սիրո և հույսի մասին և այն վերին կոչման, որը պատրաստված է ամեն մեկի համար:
Նույնպիսի տղա, ինչպիսին ես եմ
Երբ ես 24 տարեկան էի, մեկ անգամ Կալիֆորնիայում իմ ելույթի ժամանակ նկատեցի դիմացը կանգնած մի տղամարդու՝ մի փոքրիկ տղա ձեռքին: Տղայի անունը Դանիել էր, նա 19 ամսական էր: Ես նայեցի նրան և չէի կարողանում հավատալ աչքերիս. նա նույնպես չուներ ձեռքեր և ոտքեր, բայց ուներ ոտքի նմանվող մի բան, ինչպես և ես: Ես նրա հորը բեմ հրավիրեցի, մենք տղայի հետ նայեցինք իրար: Ես չէի կարող սեղմել նրա ձեռքը, բայց իմ ոտքով դիպա նրա ոտքին և տեսա, թե ինչպես է նա ժպտում: Դա հիասքանչ մի պահ էր, դահլիճում բոլորը լացում էին, որովհետև դա հրաշք էր: Մանկության տարիներին ես երազում էի հանդիպել իմ նման մեկին:
Ծնողներիս սերը փրկեց ինձ
Երբ տասը տարեկան էի, իմ համադասարանցիները այնքան էին ծաղրում ինձ, որ ապրել չէի ցանկանում: Փորձում էի վերջ տալ կյանքիս՝ խեղդվելով լոգարանում: Երկու անգամ փորձեցի ինքս ինձ ջրի մեջ խեղդել, բայց հանկարծ հասկացա, որ իմ ծնողները սիրում են ինձ, և թե ինչ ցավ կլինի նրանց համար իմ ինքնասպանությունը: Ես հասկանում էի, որ ամեն մեկին չէ վիճակվում նման ծնողներ ունենալ: Բայց միշտ հնարավոր է ընկերներ ձեռք բերել: Այսօր, եթե ինձ թվում է, որ իմ աղոթքներն անպատասխան են, ես դիմում եմ մարդկանց: Հիմա ես գիտեմ, որ իմ թաղմանը մարդիկ չեն խոսելու այն մասին, թե ինչպիսի մարդ էի ես կամ ինչի եմ հասել: Նրանք հիշելու են, թե ինչպես եմ ես վերաբերվել մարդկանց, ինչպես եմ սիրել նրանց, ինչպես ոգեշնչել և աջակցել:
Վիզա՝ աղոթքով
«Ձեր անունը նշվում է հետաքննության մեջ,- դեսպանատանը Նիքին ասում է Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցը: – Դուք չեք կարող վերադառնալ ԱՄՆ, քանի դեռ ամեն բան չի պարզվել, իսկ դա մոտավորապես կտևի մեկ ամիս…»:
Սպասել անհնար էր. այդ ընթացքում ծրագրված էին տասնյակ ելույթներ: Նիքի և իր ընկերների արձագանքը այդ անսպասելիորեն առաջացած խնդրին՝ դառնում է որոշումը՝ անհապաղ աղոթքի շղթա կազմակերպելու: Եվ Աստված հրաշք է կատարում. երեք ժամ անց հնչում է զանգը՝ Մեխիկոյի Ամերիկյան դեսպանատնից.
«Ձեր փաստաթղթերի հետ ամեն բան կարգին է,- ասում են նրանք:- Հետաքննությունն ավարտվել է: Դուք կարող եք ստանալ նոր վիզա վաղը առավոտյան…»:
Ես կտանեմ ուղերձ՝ հազարավորներին
Մարդկանցից մեկը, ով ոգեշնչեց ինձ՝ քարոզիչ լինելու, անկողնուն գամված մի մարդ էր. նա չէր կարողանում քայլել և խոսել: Նրա անունը Ֆիլիպ էր, նա տառապում էր մի հիվանդությամբ, որից հետագայում մահացավ, բայց մահից առաջ նա ստեղծեց լազերային մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս գլխի շարժումներով տպել համակարգչի վրա, և նա բացել էր մի կայք, որի օգնությամբ ոգեշնչում էր բազում մարդկանց ողջ աշխարհով մեկ: Ֆիլիպն ասում էր. «Եթե դուք գամված եք անկողնուն, դա դեռ վերջը չէ: Կա հույս: Աղոթեք ձեր շրջապատի համար, ձեր զորությունը աղոթքի մեջ է»: Սա անհավանական է: Երբ ես հանդիպեցի այդ մարդուն, ով չէր կարողանում ոչ քայլել, ոչ խոսել, նա ժպտում էր: Ես մտածեցի, որ եթե նա այս վիճակում ուղերձ է հասցնում հարյուրավոր մարդկանց, ապա ես, որ կարող եմ քայլել և խոսել, կհասցնեմ հազարավորներին:
Ըստ Global Christian Support-ի