Ո՞վ է Նա
Անհնար է թերագնահատել Հիսուսի կարևորությունն ու նշանակությունը: Որեւէ այլ անձ ավելի մեծ պատմական ազդեցություն չի ունեցել, քան` Նա: Նույնիսկ նրանք, ովքեր քրիստոնյա չեն, ընդունում են այդ փաստը։ Օրինակ՝ մահմեդականները հարգում են Հիսուսին՝ որպես մեծ Մարգարե, հինդուիստները Նրան համարում են սուրբ Ուսուցիչ, շատ աթեիստներ էլ ասում են, որ հիանում են Հիսուսով։
Այնուամենայնիվ, մեր լսած կասկածամիտ դիտողություններից մեկն այն է, որ «մենք իրականում ոչինչ չգիտենք, թե ով է իրականում Հիսուսը: Նա հավանաբար հոյակապ մարդ էր, բայց վաղ քրիստոնյաները Նրա մասին այնքան շատ պատմություններ են հորինել, որ մենք չենք կարող տարանջատել Աստվածաշնչի ճշմարտությունը կեղծից»: Անհավատներից շատերը չեն գիտակցում, որ պատմաբանները շատ լուրջ են վերաբերում Հիսուսին: Խոսքը պատմաբանների մասին է, այլ ոչ թե աստվածաբանների. նրանք ևս կարևոր դեր ունեն այս ամենում, քանի որ Հիսուսի մասին պատմական աղբյուրների առկայությունը հսկայական է: Շատերը չեն ընկալում, որ, օրինակ, Նոր Կտակարանը գրքերի հավաքածու է և ներկայացնում է Հիսուսի մասին բազմաթիվ աղբյուրներ: Դրանցից շատերը շատ վաղուցվա են. օրինակ՝ Պողոսի նամակները թվագրվում են Ք.ա. 40–50-ականներին, իսկ որոշ նյութեր թվագրվում են նույնիսկ ավելի վաղ՝ Հիսուսի մահից ամիսներ անց ժամանակաշրջանին:
Ավետարանների շուրջ գրական ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ դրանց հեղինակները նպատակադրված են եղել գրելու կենսագրություն։ Այնտեղ, որտեղ մենք փորձել ենք ստուգել նրանց հնագիտական կամ ժամանակային համընկումները պատմաբանների ուսումնասիրությունների հետ, ապացուցվել է, որ դրանք հուսալի են: Այսպիսով, պատմաբանները լուրջ են վերաբերում Հիսուսին: Համալսարանի պատմության բաժնի և ոչ մի ակադեմիկոս չի ենթադրի, որ Հիսուսը երբեք գոյություն չի ունեցել. եթե, օրինակ, Հիսուսի կենսագրությունն անտեսվի, ապա ստիպված կլինենք դուրս նետել բազմաթիվ այլ պատմական հեղինակությունների նույնպես, ինչպիսին է Հուլիոս Կեսարը, ում մասին շատ ավելի քիչ ապացույցներ կան։
Վերջին տասնամյակների ընթացքում նոր հետաքրքրություն է առաջացել «պատմական Հիսուսի» ուսումնասիրության նկատմամբ, որով մենք նկատի ունենք այն, ինչ կարող ենք ասել Հիսուսի մասին՝ օգտագործելով պատմաբանի մեթոդներն ու գործիքները: Բազմաթիվ փաստեր կան, որոնց շուրջ պատմաբանները համաձայն են: Ընդհանուր առմամբ նրանք համաձայն են, որ Հիսուսը մեծացել է Նազարեթում, որ Նա մկրտվել է Հովհաննես Մկրտչի կողմից, որ Նա տասներկու աշակերտ ուներ, որ Նա ուներ բժշկողի և հրաշագործի համբավ, որ Նա ուսուցանում էր առակներով և պատմություններով, որ Նա բախումներ էր ունենում Իր ժամանակների կրոնական առաջնորդների հետ, որ Նա ժամանակ էր հատկացնում այն մարդկանց, ովքեր վտարված ու անտեսված էին հասարակության կողմից, որ Նա չափազանց «բարձր» պատկերացումներ ուներ Իր ինքնության և Աստծո հետ փոխհարաբերությունների մասին: Այն, որ Իր ծառայության ավարտին Նա մտավ Երուսաղեմ, շատերը ընդունեցին Նրան՝ որպես Մեսիա։ Տաճարում կատարվեց մի մարգարեություն, որի համար Նա ձերբակալվեց, դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց:
Այլ կերպ ասած՝ Հիսուսի կյանքը չի հորինվել են Նրա մահից տասնամյակներ անց՝ քրիստոնյաների բարի նպատակներից ելնելով: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք Հիսուսի կյանքին. համենայն դեպս մենք պետք է կարդանք Ավետարանները, ինչպես կանեինք այլ հին գրականություն ձեռք բերելիս:
Եվ դա մեզ բերում է Հիսուսի հետ դեմ առ դեմ հանդիպման. Հիսուսի, Ով Իր մասին զարմանալի պնդումներ էր անում: Ս. Ս. Լյուիսը մի անգամ ասաց, որ Հիսուսը մեզ թողել է ընդամենը երեք տարբերակ: Կամ՝ Նա ստախոս էր, կամ՝ անմիտ, կամ էլ հենց Նա էր, ինչպիսին որ ներկայանում էր: Հիսուսը մեզ բոլորիս ստիպում է պատասխանել այն նույն հարցին, որ Նա տվեց Պետրոսին Ավետարաններում. «Իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ եմ ես»: Մի բան հաստատ է՝ Հիսուսը պատմության մեջ թողել է այնպիսի հզոր հետք, որն անտեսելու համար չափազանց մեծ է: «Ի՞նչ եք կարծում՝ Ո՞վ եմ ես»: Պատասխանը, որ մեզանից յուրաքանչյուրը կտա այս հարցին, ցույց կտա, թե որքանով է այն խորապես կարևոր մեր կյանքի համար։
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը