Նա թագավորում է խաչից
Նրա վերջին ժամերն անցան աղոթքի մեջ: Ըստ Ղուկասի Ավետարանի՝ Հիսուսի աղոթելու սովորության մեջ ոչ մի արտառոց բան չկար: «Եւ դուրս ելաւ իր սովորութեան պես գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։ Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արեք, որ փորձութեան մեջ չ’մտնեք։ Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկեցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում» (Ղուկաս 22.39-41): Իր սովորութան համաձայն՝ Հիսուսը գնաց աղոթելու։ Մենք չգիտենք Նրա բոլոր աղոթքների բովանդակությունը, բայց այս դեպքում՝ այս վերջին ժամերի ընթացքում, մենք տեսնում ենք, որ Նա աղոթք էր անում ջերմեռանդորեն: Ղուկասը ներկայացնում է, որ Նա այնպիսի տագնապի մեջ էր, որ Նրա քրտինքն «արյան կաթիլի պես էր»: Առհասարակ ծայրահեղ ճնշման պայմաններում հնարավոր է գլխի մեջ մազանոթներ վնասվեն: Նրա արյունը դուրս էր գալիս մաշկից քրտինքի կաթիլների տեսքով: Այնուամենայնիվ, Հիսուսը նախկինում երբեք չէր եղել այդքան մտահոգ, նույնիսկ, իր անապատային փորձությունների ժամանակ. մենք Նրա՝ այս տեսակ տառապյալ աղոթքի այլ նկարագրություններ Աստվածաշնչում, այլևս, չենք հանդիպում:
«Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա, տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում» (Ղուկաս 22.43), - գրում է Ղուկասը: Ի՞նչն էր Նրա տագնապի պատճառը: Արդյո՞ք Հիսուսը տանջվում էր վերահաս ֆիզիկական տանջանքների և մահվան պատճառով, որոնց Նա պետք է դիմակայեր: Արդյո՞ք Նա անհանգստացած էր իր աշակերտների հոգևոր կարգավիճակով. այն մեկի համար, ով Նրան դավաճանելու էր, մյուսների համար, ովքեր՝ Իր կարիքի պահին, ուրանալու էին Նրան: Իհարկե, վերջինս ամենահնարավոր տարբերակներից է, քանի որ Նա, առնվազն երկու անգամ, հորդորում է իր աշակերտներին, թե՝ «Ի՞նչու եք քնում. վեր կացեք, աղօթք արեք, որ փորձութեան մէջ չ’մտնեք» (Ղուկաս 22.46):
Ինչն էլ որ լիներ Նրա տագնապի պատճառը, Հիսուսի մարդեղեն բնությունը լիարժեքորեն դրսևորվեց Իր աղոթքում: Նա չէր ցանկանում քայլել Իր առջև բացվող ճանապարհով, և խնդրում էր Աստծուց այլընտրանքային ուղի ապահովել: Մատթեւոսի ավետարանն ավելին է բացահայտում Նրա պայքարի մասին: Նա իր աշակերտներին ասաց. «Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացեք, եւ ինձ հետ արթուն կացեք» (Մատթեւոս 26.38): Այնուհետև նա աղոթում է Իր Հորը. «Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս Դու» (Մատթեւոս 26.39): Դոլորոսայի ճանապարհը, տառապանքի ճանապարհը բացահայտվում էր Նրա առաջ և Նա կամովի ընդառաջ էր գնում սեփական մահվանը՝ չնայած այն բանին, որ այլընտրանքային ուղու աղոթքներ էր ուղղել Հորը:
Երբ քրիստոնյաները խորհրդածում են Հիսուսի՝ Գեթսեմանի պարտեզում արված աղոթքի, Նրա մարդեղեն տագնապի ու տառապանքների ամբողջական դրսևորման շուրջ, բոլորը միահամուռ եզրահանգում են հետևյալ մտքին՝ հակադրությանը. Երուսաղեմում նրա հաղթական մուտքի և այն տագնապի միջև, որն այդժամ պատել էր Նրան: Որքան հեշտ է հետևել Հիսուսին՝ որպես Հաղթանակած Տեր, բայց ոչ՝ ինչպես տառապյալ ընկեր: Որքան հաճախ է հալածանքը հետևում փառահեղ և վեհ «Ծաղկազարդ»-ին (Հիսուսի փառահեղ մուտքը Երուսաղեմ)` որպես մուտք դեպի Թագավորություն: Բայց, ինչպես նշել է Կիմ Ռեյզմանը. «Դա Հիսուսի գործելաոճը չէ: Աստված չի խուսափում մահից: Աստված հարություն է տալիս մեզ մահից: Ճշմարտությունն այն է, որ Հիսուսի ճանապարհը՝ Աստծու ժողովրդից ցավը վերցնելու մասին չէ. խոսքն այն մասին է, որ Աստված մեզ ուժ է տալիս, քաջություն և իմաստ, լիուլի կյանք, եւ այդ ամենը շատ հաճախ՝ ցավի մեջ»:
Նույնիսկ նրանք, ովքեր չեն կիսում այս քրիստոնեական համոզմունքը, կարող են զարմանալ Հիսուսի՝ ամենամարդեղեն պայքարից՝ ուղղված սեփական տառապանքների դեմ: Նա ևս տառապել է, պայքարել և մաքառել այս կյանքի հանգամանքների դեմ: Գուցե Հիսուսը գիտի ինչ-որ բան իմ տառապանքի և քո տառապանքի մասին: Նազարեթցի այս Մարդը ներկայացնում է Աստծուն, Ով վերցնում է մահն ու տառապանքը, և հարություն է տալիս մեռելներից:
Որպես քրիստոնյա հավատավորներ և բոլոր նրանք, ովքեր առավել հետաքրքված են եւ կցանկանան ավելի խորն ուսումնասիրել, շրջվե՛ք դեպի Գեթսեմանի և հիշե՛ք այն Մեկին, ով Թագավորում է ոչ թե գահից, այլ՝ Խաչից:
Հեղինակ՝ Մարգարեթ Մ. Շուլ
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը