Մշակույթը կարող է փոխվել, բայց Աստծո Խոսքը չի փոխվում
Ժամանակակից աշխարհում գոյություն ունի մի գաղափար, համաձայն որի ինչ-որ բան որքան նոր է, այնքան ավելի լավն է։ Դա նաև վերաբերում է մարդկությանը. մենք գնալով ավելի լավը, խելացի ենք դառնում, զարգանում ենք, և մեր չափանիշները բարձրանում են։ Դա, ինչպես հաստատվում է, վերաբերում է նաև ժամանակակից Ամերիկային։ Ստրկությունն ու տարանջատումը մնացել են ետևում, իսկ հնացած կրոնական դոգմաներն՝ անցյալում։
Թվում է, թե մենք ավելի հանդուրժող ենք դարձել և ավելի շատ ենք ընդունում մյուսներին։ Մենք այսօր ավելի լավն ենք, քան՝ երեկ։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Շատ առումներով մենք ոչ միայն ավելի լավը չենք, քան նախորդ սերունդները, այլև որոշ առումներով նույնիսկ ավելի վատը։ Դա այն պատճառով է, որ մարդկային բնությունը չի փոխվում։ Եվ դրա հետևանքով է, որ 20-րդ դարը համաշխարհային պատմության մեջ ամենաարյունալին էր։ Եվ դեռևս շարունակվում է միջուկային զենքի մրցավազքը, որովհետև ոչ մի երկիր չի կարող վստահ լինել, որ մյուսը խաղաղ կմնա։ Դրա հետևանքով է նաև, որ մարդկանց թրաֆիքինգը համատարած է, դաժան հանցագործությունները, բռնաբարություններն ու գողությունը չեն դադարում։ Ահա, թե ինչու ենք մենք նշում արգանդում ավելի քան 60 միլիոն նորածին սպանելու մեր «իրավունքը»։ Ահա, թե ինչու են բռնապետական տոտալիտար ռեժիմները շարունակում աճել, և «Չեղարկման մշակույթը» ծաղկում է հանդուրժողականության անվան տակ։
Մարդկային բնությունը չի փոխվում։ Պետք չէ մեզ սովորեցնել ագահ, անազնիվ, դաժան լինել կամ հպարտ, եսասեր ու դատող։ Այդ ամենն ուղղակի մարդու բնության մի մասն է՝ չնայած՝ կան շատ ազնիվ մարդկային հատկություններ՝ սեր, նվիրվածություն, քաջություն, բարություն։ Դրա պատճառն այն է, որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ, բայց ըմբոստացել ենք և գնացել մեր ճանապարհով։
«Սակայն ահա սա գտա, որ Աստված մարդուն ուղիղ ստեղծեց, բայց նրանք շատ հնարներ փնտրեցին» (Ժողովող 7.29):
Մենք պետք է վերադառնանք աստվածային ծրագրերին, եթե ուզում ենք օրհնվել որպես ժողովուրդ։
Ո՞րն է Աստծո նպատակը տղամարդկանց և կանանց համար։ Ո՞րն է ամուսնության համար Նրա նպատակը։ Ինչպե՞ս մենք կարող ենք զարգանալ որպես անհատներ և ընտանիքներ։ Նա, Ով մեզ ստեղծել է, բոլորից լավ գիտի, և Աստվածաշունչը հրահանգ է Ստեղծողից։
Վերջերս հաղորդվեց, որ Հռոմի Պապն ասել է, որ նույնասեռ զույգերը պետք է իրավունք ունենան ընտանիք կազմելու։ Գուցե սա ավելի լուսավոր մտածողության օրինա՞կ է։ Հնարավո՞ր է, որ սա մարդու դրական էվոլյուցիայի ապացույց է։ Հնարավոր է՝ մենք մեր հասկացողությամբ հասունացել ենք։
Ըստ կաթոլիկ արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոյի՝ ո՛չ։ Նա միանգամայն պարզ և ուղիղ ասել է. «Հարկավոր չէ լինել աստվածաբան կամ բարոյական հարցերի փորձագետ, որպեսզի իմանաք, որ այսպիսի հայտարարություններն ամբողջովին հերետիկոսական են և հավատացյալների համար սկանդալի լուրջ առիթ են հանդիսանում»։
Մշակույթը կարող է փոխվել, Աստծո չափանիշները՝ ոչ։ Աստվածաշնչյան չափանիշներն անձեռնմխելի են։ Մարդկության հազարամյակների պատմությունը ցույց է տալիս դրանց հուսալիությունը, քանի որ Խոսքի իմաստությունն անփոփոխ է։ Հետևաբար, եթե Սուրբ Գիրքը ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում հետևողականորեն դատապարտում է ինչ-որ գործողություն, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ այդ գործողությունը և պահվածքը սխալ են և կործանարար։
Եվ հակառակը՝ երբ Սուրբ Գիրքը Հին և Նոր Կտակարաններում հետևողականորեն խրախուսում է որևէ գործողություն, ապա կարող ենք վստահ լինել, որ այն լավ և օգտակար է։
Հետևելով Աստծո ծրագրին՝ մենք կյանք ենք գտնում, առողջություն, ամբողջականություն։ Երբ շեղվում ենք Նրա ծրագրից, հայտնվում ենք մահվան, ցավի և մոլորության մեջ։
2015 թվականին կայքերից մեկը հրապարակեց մի շարք կատեգորիաների մարդկանց, ովքեր հավատում են, որ իրենք ունեն բազմաթիվ գենդերային ինքնություններ։ Ահա, թե ինչ է լինում, երբ մենք շեղվում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Աստված մեզ ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ՝ տղամարդ և կին։ Եվ կնոջն ու տղամարդուն Նա միավորեց ամուսնության կապով։
Մշակույթը կարող է փոխվել, Աստծո Խոսքը՝ Ո՛Չ։
Հեղինակ՝ Մայքլ Բրաուն
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը