Շատերին հայտնի է Ալբրեխտ Դյուրերի (Վերածննդի ժամանակաշրջանի ամենահայտնինկարիչներից մեկը) «Աղոթող Ձեռքեր» կտավը, որը ներկայումս գտնվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում: Կտավը, որում պատկերված են աղոթող երկու ձեռքեր, նկարված է կապույտ ֆոնով թղթին մոխրագույն երանգով և սպիտականերկով: Այն նախատեսված է եղել «Գելերի խորանի» կենտրոնական մասի համար։ Դյուրերը նկարել է սեփական ձեռքերը` աջ ձեռքի պատկերման համար օգտագործելով ձախ ձեռքի արտացոլանքը հայելիում։

Ահա այս հիասքանչ կտավի ստեղծման նախապատմությունը:

16-րդ դարում Նյուրնբերգից ոչ հեռու մի փոքրիկ գյուղակում ապրում էր մի ընտանիք, որտեղ ապրում էին տասնութ երեխա։

Որպեսզի կերակրի իր մեծ ընտանիքը, հայրը, որ ոսկու արհեստանոցում էր աշխատում, ստիպված էր աշխատել օրական տասնութ ժամ։

Չնայած անհուսալի աղքատ դրությանը՝ երեխաներից երկուսը ունեին մեծ երազանք։ Նրանք ցանկանում էին զարգացնել իրենց մեջ եղած նկարչական տաղանդը, բայց լավ գիտեին, որ իրենց հայրը ի վիճակի չէ իրենց ուղարկել Նյուրնբերգ՝ Ակադեմիայում ուսանելու համար։

Գիշերային երկար քննարկումներից հետո երկու եղբայրները իրար մեջ կնքեցին համաձայնություն։ Նրանք որոշեցին մետաղադրամ նետել։ Պարտվողը կգնա հանքերում աշխատելու և իր աշխատած փողերով կվճարի եղբոր ուսման ծախսերը։

Իսկ հետո, երբ եղբայրը կավարտի ուսումը, իր նկարների վաճառված գումարով կվճարի հանքում աշխատող եղբոր ուսման համար։

Նրանք կիրակի օրը եկեղեցուց հետո գցեցին մետաղադրամը։

Հաղթեց Ալբրեխտ Դյուրերը և մեկնեց Նյուրնբերգ։

Ալբերտը գնաց վտանգավոր հանքերը և չորս տարի շարունակ վճարեց եղբոր ուսման վարձը: Ուսման առաջին իսկ օրից Ալբրեխտը դարձավ ամենատաղանդավոր աշակերտը ողջ ակադեմիայում: Յուղաներկով արված նրա կտավները գերազանցում էին իր իսկ դասախոսների աշխատանքներին, և ակադեմիան ավարտելուց հետո նա արդեն սկսում է բավականին մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով իր նկարները:

Երբ պատանի նկարիչը վերադարձավ իր գյուղը, Դյուրերի ընտանիքը մի համեստ ճաշկերույթ կազմակերպեց այգում՝ նշելու Ալբրեխտի հաղթական վերադարձը։ Ալբրեխտը բաժակաճառ ասաց իր սիրելի եղբոր պատվին, որն այսքան տարի իրեն զոհաբերել էր եղբոր երազանքը կատարելու համար։ Իր խոսքի վերջում նա ասաց. «Հիմա, Ալբե՛րտ, իմ օրհնյալ եղբա՛յր, քո հերթը հասավ մեկնելու Նյուրնբերգ քո երազանքի հետևից, ես հոգ կտանեմ քո համար»։

Բոլորի հայացքներն ուղղվում են Ալբերտին: Արցունքոտ աչքերով նա տարուբերում է գլուխը՝ ասելով. «Ո՛չ, եղբա՛յրս, ես չեմ կարող գնալ Նյուրնբերգ, արդեն շատ ուշ է ինձ համար։

Նայի՛ր, տե՛ս՝ հանքերում աշխատելու այդ չորս տարիները ինչ են արել ձեռքերիս հետ։

Մատներիս բոլոր ոսկորները ջարդվել են այս ընթացքում, աջ ձեռքս հիվանդ է արտրիտով և այս պահին անգամ կենացի համար գավաթը դժվարությամբ եմ պահում ձեռքումս, էլ ուր մնաց գեղեցիկ գծեր անեմ մատիտով կամ վրձինով կտավի վրա։ Ո՛չ, եղբա՛յրս, ինձ համար արդեն ուշ է»։

Այդ օրվանից անցել է 450 տարի: Այսօր Ալբրեխտ Դյուրերի նկարները կարելի է տեսնել ողջ աշխարհի թանգարաններում, սակայն կա նրանց մեջ մի կտավ, որը հայտնի է շատերին, բայց ոչ բոլորը գիտեն, թե իրականում ինչ արժեք ուներ դա հեղինակի համար: Այդ կտավում, ի հիշատակ եղբոր արված զոհաբերության և նրա պատվին, Ալբրեխտ Դյուրերը պատկերել է ծանր աշխատանքից տանջված ձեռքեր, որոնց մատներն ուղղված են դեպի երկինք:

Այդ հիասքանչ նկարը նա անվանել է «Ձեռքեր», սակայն մարդիկ վերանվանել են այն «Աղոթող ձեռքեր»: Ահա և «Ձեռքեր»-ի՝ եղբայրական սիրո և զոհաբերության գեղեցիկ պատմությունը:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.