Այս մարդիկ մի անգամ «այո» ասացին Աստծուն, և շատերի կյանքը փոխվեց։ Նրանց պատմություններն, իսկապես, ոգեշնչում են մեզ, որպեսզի չվախենանք, համարձակ լինենք և գնանք այնտեղ, ուր կանչում է Աստված։

1. Ուիլյամ Քերի

Ուիլյամ Քերին ծնվել է 1761 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Նրան անվանում էին «ժամանակակից առաքելությունների հայր»։ Ուիլյամը մկրտական քահանա էր, միսիոներ, թարգմանիչ, սոցիալական բարեփոխիչ և մշակութային մարդաբան։ Նա իր աշխատանքը սկսեց Հնդկաստանում՝ աղքատ երեխաների համար դպրոցներ հիմնելով։ Նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել մկրտական միսիոներական հասարակության ստեղծման վրա՝ հասնելով ավելի քան քառասուն երկրների։ Միսիոներական աշխատանքի տարիների ընթացքում Քերին թարգմանել է Աստվածաշունչը տասնյակ հնդկական բարբառներով և հիմնել է քոլեջ տեղի ծառայողների համար։ Նա ապրում էր այնպես, ինչպես ասում էր. «Աստծուց մեծ բաներ սպասիր։ Փորձիր Աստծո համար մեծ բաներ անել»։

2. Մարիա Սլեսսոր

Մարիա Սլեսսորը միսիոներ է եղել Նիգերիայում։ Սլեսսորն, ով հայտնի էր իր ուժեղ անհատականությամբ և հումորի զգացումով, առանց վախենալու աշխատում էր շրջաններում, որտեղ իրենից առաջ շատ միսիոներներ էին սպանվել։ Չնայած այդ ամենին, նա շարունակելով իր գործն, ասում էր. «Ինչու՞ պետք է վախենամ։ Ես արքայական առաքելության մեջ եմ։ Ես թագավորների թագավորի ծառայության մեջ եմ»։

Այն շրջաններում, որտեղ նա ծառայում էր, երկվորյակներին վատ նշան էին համարում և թողնում էին ջունգլիներում, որպեսզի մեռնեն։ Մարիան հավաքում և խնամում էր լքված երկվորյակներին։ Իր ծառայության տարիներին նա այս կերպ հարյուրավոր երեխաների է փրկել։

3. Ջոն և Բեթթի Սթեմ

Ջոն և Բեթթի Սթեմներին այրել են Ավետարանի համար։ Նրանք ամուսնությունից հետո տեղափոխվել են մի չինական գյուղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերացմի ժամանակ՝ որպես միսիոներներ ծառայելու համար։ Նոր էր սկսվել իրենց կյանքը միսիոներական դաշտում, երբ զույգը և նրանց երեք ամսական աղջիկը՝ Հելենը, գերեվարվել էին կոմունիստական զինվորների կողմից։ Դրանից հետո նրանց երթի էին դուրս հանել, որպեսզի հրապարակավ մահապատժի ենթարկեն։ Չինական խանութի աշխատողներից մեկն աղաչել էր, որպեսզի ազատ արձակեն նրանց, ինչի արդյունքում զինվորները խուզարկել էին նրա տունը և գտել Աստվածաշունչ, ինչն ապացուցում էր, որ նա նույնպես քրիստոնյա էր։ Նրան էլ այդ օրը գլխատեցին։

Նրանց մահից հետո, իրենց փոքրիկ դստեր հագուստի միջից հայտնաբերեցին Ջոնի գրած նամակը։ Նա գրել էր իր հավատքի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին. «Իմ կինը, երեխաս և ես այսօր գտնվում ենք կոմունիստական ավազակների ձեռքում. կազատվենք, թե՝ ոչ, ոչ ոք չգիտի։ Թող Աստված մնա մեր մարմիններում՝ լինի դա կյանք, թե՝ մահ»։

4. Ջորջ Մյուլլեր

Ջորջ Մյուլլերը հայտնի է նրանով, որ իր ամբողջ կյանքի ընթացքում հոգ է տարել բազմաթիվ որբերի մասին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իր կնոջ հետ 30 որբերի համար տուն բացեցին։ Մյուլլերի ազդեցությունը մեծացավ, երբ նա իր հայրենի Բրիտանիայում մանկատներ բացեց։ Նա երբեք նվիրատվություններ չէր փնտրում։ Մյուլլերն ապավինում էր Աստծուն և վստահ էր, որ Նա կհոգար բոլոր կարիքները։ Եվ Աստված, միանշանակ, անում էր դա։ Մյուլլերն ասում էր. «Աստված տալիս է այնքան, որքան անհրաժեշտ է իր գործը լիությամբ անելու համար»։

Մի անգամ նրա ապաստարաններից մեկում ուտելիքը վերջացել էր։ Առավոտյան երեխաները եկել էին, նստել՝ սեղանի շուրջ և հենց որ վերջացրել էին աղոթքը, դռան թակոց էր լսվել։ Անսպասելի ներս էին մտել և նրանց ուտելիք բերել նախաճաշի համար։

70 տարեկանում Մյուլլերը սկսեց ճանապարհորդել որպես միսիոներ և շարունակեց դա անել ևս 17 տարի։

5. Ջիմ և Էլիզաբեթ Էլիոթ

Էլիոթների պատմությունը սկսվում է Ջիմի ուղևորությունից՝ դեպի Էկվադոր՝ Վաոդանի ցեղի մոտ։ Վայրէջք կատարելուց հետո, Ջոնը և նրան ուղեկցող 4 մարդ ենթարկվել են հարձակման և նահատակվել։ 29 տարեկանում Էլիզաբեթն այրիացավ և մնաց իր փոքրիկ դստեր հետ։ Այնուհետև, Ջիմի մահից հետո,  Էլիզաբեթը գնաց Վաոդանի ցեղին Ավետարանը քարոզելու և այնտեղ ապրեց մի քանի տարի։ Չնայած նրան, որ Ջիմ Էլիոթը մահացել է քսան տարեկանում կամ մի փոքր ավելի ուշ, նրա կյանքն ու խոսքերը կյանքի կոչվեցին Էլիզաբեթի միջոցով, ով դարձավ հայտնի գրող և խոսնակ։ Նրա գիրքը՝ «Շքեղության դարպասների միջով», պատմում է այն մասին, թե ինչպես Ջիմն արձագանքեց Քրիստոսի կանչին։ Այդ գիրքը մեծ պահանջարկ ունեցավ հազարավոր մարդկանց շրջանում։

Աղբյուրը՝ bog.news

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.