Հրաշքների դարն անցե՞լ է
Մեր օրերում մեծ տարածում գտած վարդապետություն է, թե հրաշքների դարն անցել է: Այն գուցե ընդունելի լիներ առաջին դարում, բայց ոչ այսօր:
Այդ վարդապետությունը հիմնվում է Ա Կորնթացիս 13 գլխի վրա, որտեղ ասվում է. «Սերը երբեք չի վերջանա. եթե մարգարեություններ կան՝ կխափանվեն, եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանվի։
Որովհետև փոքրիշատե գիտենք և փոքրիշատե մարգարեանում ենք։ Բայց երբ որ կատարյալը գա, այս փոքրիշատեն կխափանվի» (Ա Կորնթացիս 13.8-10):
Ասում են, որ «կատարյալը» Աստվածաշնչին է վերաբերում: Հիմա, երբ ունենք Աստվածաշունչ, մենք այլևս կարիք չունենք հրաշքների ու գերբնական պարգևների, այնպես որ՝ դրանք անցել են: Բայց եթե շարունակում ենք նայել այս հատվածը, 12-րդ խոսքում ասվում է. «Որովհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմառդեմ. հիմա փոքրիշատե եմ տեղյակ, բայց այն ժամանակն այնպես կգիտենամ՝ ինչպես գիտեցված եմ»:
Հստակ երևում է, որ այս հատվածը վերաբերում է երկրի վրա Հիսուսի երկրորդ գալստին: Երբ Նա փառքով վերադառնա, ամեն բան իր տեղում կլինի այս երկրի վրա: Այլևս չեն լինի ոչ բռնություն ու աղետներ, ուրեմն ոչ էլ հրաշքների կարիք կլինի:
Մարդիկ սիրում են արդարացնել տարբեր կերպ իրենց անհավատությունը: Սեփական կյանքում չունենալով հրաշքներ՝ նրանք նայում են Աստծո Խոսքին ու արդարացում փնտրում:
Եթե չես հավատում հրաշքների, ապա դու չես ստանա դրանք:
Ամեն հավատացյալ պետք է մշտապես լինի հրաշքների սպասման մեջ: Եթե չենք տեսնում դրանք, ուրեմն մի բան այն չէ: Գուցե մենք կարիք ունենք խնդրելու Աստծուց ավելի մեծ հավատք կամ բացելու մեր աչքերը, որ տեսնենք: Կամ գուցե մե՞ղք կա մեր և Աստծո միջև:
Ես չեմ ասում, թե մի բան այն չէ, եթե աղոթքներն անպատասխան են: Կան ժամանակներ, երբ Աստված «ոչ» է ասում: Մենք կարող ենք աղոթել մեկի բժշկության համար, բայց այդ մարդը, ամեն դեպքում, մեռնի: Հիսուսը զգուշացրել է, որ մենք անցնելու ենք դժվար ժամանակներով (Հովհաննես 16.33): Պողոսը աղոթեց երեք անգամ, որ իր «մարմնի խայթը» վերցվի իրենից, բայց Աստված չէր վերցնում այն:
Բայց եթե մեր կյանքում հրաշքներ չկան, ապա դա չի նշանակում, որ դրանք չեն կատարվում:
Հիսուսն ասում է. «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեցեք և կգտնեք» (Մաթևոս 7.7-11):
Մենք պետք է սովորենք ապրել՝ ուրախությամբ սպասելով, թե ինչ է Աստված պատրաստվում անել՝ պատրաստակամ լինելով ընդունելու Նրա կամքը ամեն ժամանակ:
Հիսուսը պատվիրում է աղոթել, որ Աստծո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Այնպես որ, շատ կարևոր է փնտրել Աստծո կամքը և վստահ լինել, որ մեր աղոթքները համապատսխան են Նրա կամքին:
Արդյոք իսկապես հավատո՞ւմ ենք, որ Նա լսում է մեզ:
Ջոնաթան Բերնիս