Երբ մենք կարդում ենք Եբրայեցիս 11-րդ գլուխը, տեսնում ենք մարդկանց, որոնց կյանքերում գերակշռում է մեկ կարևոր հանգամանք: Նրանցից յուրաքանչյուրն ուներ այդ յուրահատուկ առանձնահատկությունը՝ հավատքը, որին Աստված հաճենում էր: Նրանց այդ հավատքը ծնվել էր Տիրոջ հետ խորը մտերմությունից:

Փաստն այն է, որ անհնար է ունենալ Աստծուն հաճելի հավատք՝ առանց Նրա հետ խորը մտերմության: Ի՞նչ նկատի ունեմ՝ մտերմություն ասելով: Ես խոսում եմ Տիրոջ հետ այն մտերմության մասին, որը գալիս է նրա հանդեպ ունեցած չհագեցող կարոտից: Այսպիսի մտերմությունը ծնում է սերտ անձնական կապ, մտերմություն: Դա ծնվում է այն ժամանակ, երբ մենք ամենից շատ փափագում ենք Տիրոջ ներկայությունը, քան ցանկացած այլ բան:

«Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. Որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտեւ մեռել է» (Եբրայեցիս 11.4):

Ես ուզում եմ նշել մի քանի կարևոր բան այս հատվածի վերաբերյալ: Նախ՝ Աստված Ինքն է վկայում Աբելի զոհաբերության մասին: Երկրորդ՝ Աբելը հենց ինքը զոհասեղան կառուցեց Տիրոջ համար, որտեղ նա բերեց իր զոհերը: Նա զոհաբերեց ոչ միայն գառներ, այլ նաև այդ գառների ճարպը: «Եւ Հաբէլն էլ մատուցրեցիր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ» (Ծննդոց 4.4):

Ի՞նչ նշանակություն ունի այստեղ ճարպը: Ղևտացիների գրքում ճարպի մասին գրված է  հետևյալը. «Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. Ամեն ճարպը Եհովայինն է» (Ղևտացիներ 3.16):

Ճարպը զոհաբերության այն մասն է, որն առաջացնում է անուշ բուրմունք: Կենդանու մարմնի այս հատվածն արագ բռնկվում է և սպառվում: Յուղն այստեղ ծառայում է՝ որպես աղոթքի մի տեսակ,  որն ընդունելի է Աստծո կողմից: Այն ներկայացնում է մեր ծառայությունը Տիրոջն աղոթքի ծածուկում: Տերն հենց Ինքն է ասում, որ այդպիսի մտերիմ պաշտամունքը Իր մոտ բարձրանում է անուշհոտի նման:

Աստվածաշնչի՝ այս տեսակի պաշտամունքի առաջին հիշատակումը Աբելինն է: Ահա, թե ինչու է Աբելի մասին խոսվում Եբրայեցիս 11-րդ գլխում: Նա մի ծառայող էր, ով սերտ կապ ուներ Տիրոջ հետ` առաջարկելով Նրան իր ունեցած լավագույնը: Ինչպես ասվում է Եբրայեցիների գրքում, Աբելի օրինակը հիշատակվում է՝ որպես ճշմարիտ, կենդանի հավատքի վկայություն. «Տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է» (Եբրայեցիս 11.4):

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.