Հաջողության համար միայն խանդավառությունը բավական չէ
Այսօր ամեն երկրորդը խոսում է «խանդավառության» մասին և, անկեղծ ասած, դա հիասքանչ է: Միշտ ավելի լավ է լինել ուրախ ու աշխույժ՝ տեղյակ ամեն տեսակ նախագծերից ու հնարավորություններից: Սակայն մեր օրերում մարդիկ հաճախ խոսում են խանդավառության մասին, սակայն չեն տեսնում այն գործի դնելու՝ պատրաստվելու կարևորությունը:
Օրինակ, դուք կզարմանայիք իմանալով, թե որքան շատ մարդիկ են զանգում տարբեր գրասենյակներ՝ հույսով, որ իրենց կընդունեն աշխատանքի, միևնույն ժամանակ իմանալով, որ իրենք ոչինչ չգիտեն: Մեր գրասենյակ հաճախ են զանգում ու հարցնում, թե կարո՞ղ եմ արդյոք ես ներկայացնել նրանց գրական գործակալի՝ բացառությամբ այն փոքրիկ փաստի, որ իրենք ոչ մի գիրք չեն գրել:
Նաև եղել է, որ մեկը խնդրել է ինձ ծանոթացնել կինոստուդիայի ղեկավարության հետ, որ կարողանա կյանքի կոչել իր գաղափարները, սակայն զանգողը, փոստացիորեն, երբեք չի աշխատել կինոստուդիայում, երբեք չի գրել սցենարներ ու ոչինչ չգիտի այդ գործի մասին:
Վիրաբույժները վիրահատարան հասնել չեն կարող առանց բժշկական համալսարաններում տքնաջան աշխատանքի: Լավ մասնագետները երբեք չեն հայտնվում այս կամ այն բնագավառում ուղղակի կամ պատահմամբ:
Հաճախ երբ գործը հասնում է այն պահին, երբ պահանջվում են ավելի «ստեղծագործական» ջանքեր, մարդիկ համարում են, որ միայն խանդավառությունը բավարար է:
Մտածեք այս մասին.
- Հեռուստացույցի երկարաժամյա դիտումը չի դարձնի ձեզ նոր հաղորդման սցենարիստ:
- Համաժողովներին պարզապես մասնակցելը ձեզ իրավունք չի ընձեռի լինելու գլխավոր խոսնակը:
- Եթե դուք պարզապես ունեք զգացում, թե կոչում ունեք եկեղեցի առաջնորդելու, չի նշանակում, որ դուք իրականում երաշխավորված եք դրա համար:
Եվ ահա, թե որն է իմ խորհուրդը.
Աշխատեք: Պատրաստվեք: Գիտակցեք, թե ինչ եք անում, երբ իրականացնում եք ձեր տնային առաջադրանքները, ստուգողականները կամ ուսումը: Որքան շուտ սկսեք, այնքան արագ պատրաստ կլինեք:
Ցանկանո՞ւմ եք դասավանդել քոլեջում. սկսեք ջանք թափել բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ ստանալու համար:
Ցանկանո՞ւմ եք համաժողովներում խոսնակ լինել. ժամանակ տրամադրեք սովորելուն, ինքնազարգացմանը, մասնակցեք կազմակերպչական աշխատանքներին: Եղեք նախ կամավոր, ով գործ է անում կուլիսների ետևում:
Ցանկանո՞ւմ եք հոդվածներ գրել, որոնք կտպագրվեն. սկսեք ձեր բլոգը, ստեղծեք ամսագրային հոդվածներ կամ գրեք գիրք:
Ցանկանո՞ւմ եք ֆիլմ նկարահանել. գրեք սցենարներ, սովորեք այդ ուղղությամբ, դարձեք մասնագետ այդ գործում:
Ցանկանո՞ւմ եք ծառայության ավագ դառնալ. արե՛ք աննկատ աշխատանք: Պատասխանատվություն վերցրեք եկեղեցում փոքրիկ ծառայության համար: Բա՛ց եղեք մասնակցության համար: Աշխատեք կարիքավոր մարդկանց հետ: Ուսումնասիրեք Աստծո խոսքը:
Չկան կարճ ու հեշտ ճանապարհներ: Խանդավառությունը լավ բան է, սակայն պատրաստության ու ջանքի հետ միասին: Եվ այս դեպքում չկա սահմանափակում, որ կկարողանա կանգնել ձեր ճանապարհին:
Իսկ հիմա՝ անցեք ձեր առջև դրված գործի իրականացմանը:
Հեղինակ՝ Ֆիլ Քուկ