Հաղթանակել Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղով
Աստվածաշունչը հստակ ասում է, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է ունենա և իր մեջ զարգացնի Տիրոջ երկյուղը: Աստծո հանդեպ իրական երկյուղը իր մեջ ներառում է ակնածանք և հարգանք Տիրոջ նկատմամբ, որն անհատին կարող է շատ ավելի բարձրացնել հոգևոր կյանքում:
Դավիթն ասում է. «Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չ’կայ նորա աչքի առաջին» (Սաղմոս 36.1): Նա թերևս նկատի ունի. «Երբ տեսնում եմ ինչ-որ մեկին, ով չար գործեր է կատարում, սիրտս կարծես ասում է ինձ, որ այդպիսի մարդն Աստծուց չի վախենում: Այդ մարդն չի ընդունում ճշմարտությունը մեղքի կամ Աստծո սրբության կոչի մասին»:
Ոմանք կարող են ասել, որ Աստծո երկյուղը պարզապես Հին Կտակարանի հասկացություն է, բայց մենք տեսնում ենք աստվածահաճո այն երկյուղը, որը բազմաթիվ անգամներ հիշատակվում է Սուրբ Գրքում: Պողոսը մեջբերում է. «Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ»(Հռոմեացիներ 3.18), ապա ավելացնում.«Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը»(Բ Կորնթացիս 7.1):
Փաստն այն է, որ աստվածային երկյուղը մեզ տալիս է կարողություն հաղթանակելու դժվարին ժամանակներում։ Ուստի, ինչպե՞ս կարող ենք մենք ձեռք բերել այդ երկյուղը: Երեմիան տալիս է այս հարցի պատասխանը մարգարեությամբ. «Եւ ես կ’տամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար։ Եւ ես յաւիտենական ուխտ եմ դնում նորանց հետ, որ ետ չ’դառնամ նորանցից սորանց բարութիւն անելուց, եւ իմ երկիւղը կ’դնեմ նորանց սրտերումը, որ ինձանից չ’հեռանան» (Երեմիա 32.39-40):
Սա հրաշալի խոստում է Տիրոջ կողմից: Դա մեզ հավաստիացնում է, որ Նա կապահովի մեզ Իր աստվածային սուրբ երկյուղով: Սակայն Նա ուղղակիորեն չի տալիս այն, այլ Նա իր Խոսքի միջոցով է այդ երկյուղը սերմանում մեր մեջ:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Աստծո վախը «տնկվում է» մեր սրտերում, երբ մենք պարզապես կարդում ենք Աստվածաշունչը: Ո՛չ, ամենևի՛ն: Սուրբ Գիրքը մեզ ասում է, թե ինչպես Եզրասը աստվածային երկյուղ ձեռք բերեց. «Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (Եզրաս 7.10):
Տիրոջ հանդեպ իրական երկյուղը գալիս է այն ժամանակ, երբ մենք գիտակցաբար որոշում ենք կայացնում, որ պարտավորվում ենք ենթարկվել Աստծո Խոսքում կարդացած յուրաքանչյուր բառին:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org